Լրահոս

21.12.2012 09:42


Այսօր տեղի կունենա 6 զինծառայողների սպանության գործով հերթական դատական նիստը

Այսօր տեղի կունենա 6 զինծառայողների սպանության գործով հերթական դատական նիստը

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի 2012թ. հուլիսի 28-ի քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու պահանջի մասին դատական նիստ:

2010թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի 2-րդ թիվ 56534 մարտական դիրքերում հրազենային մարտական վնասվածքով հայտնաբերվել են ավագ լեյտենանտ Վարդգես Արարատի Թադևոսյանի և ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի և Արտեմ Մանասյանի դիակները:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:

2012թ. հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մ. Բուլղադարյանի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում՝ հաշվի առնելով Կարո Այվազյանի և Վարդգես Թադևոսյանի մահացած լինելու հանգամանքը:

Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդներ Միքայել Հովհաննիսյանը, Սվետլանա Կարապետյանը և իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դիմում-բողոք են ուղղել զինդատախազ Գեւորգ Կոստանյանին՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը և գործն ուղարկել նախաքննության: Բողոքի հիմքում դրվել է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենսդրական խախտումները:

2012 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանի կողմից ստացվել է բողոքը մերժելու մասին որոշում, որը բողոքարկվել է դատական կարգով:

Նախորդ դատական նիստի ընթացքում իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ներկայացրել է իր բողոքը, այնուհետև ներկայացրել միջնորդություն գործի նյութերին ծանոթանալու համար:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը