Լրահոս

20.12.2012 18:40


Հստակեցվում է հարկվող շահույթը որոշելու կարգը

Հստակեցվում է հարկվող շահույթը որոշելու կարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգը։ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերելու տարվա ընթացքում, եթե ՀՀ կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ։ Որոշմամբ սահմանվել է «Փաստացի այլ կորուստ» հասկացությունը, որի արդյունքում հստակ տարանջատվում են բնական, նյութածախսի, խոտանի կորուստը և թափոնը փաստացի այլ կորուստներից։ Այսպիսով, հարկ վճարողները հնարավորություն կունենան փաստացի այլ կորուստները նորմայի սահմաններում նվազեցնել համախառն եկամտից։ Մեկ այլ որոշմամբ լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` գործադիրը հստակեցրել է հարկային օրենսդրությամբ նախատեսված` ՀՀ տարածքից դուրս ստացվող ծառայությունների (աշխատանքների) գծով ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջները։ Հաջորդ որոշմամբ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, ինչը թելադրված է «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի ընդունմամբ։

Վերամշակման նպատակով ժամանակավոր ներմուծման և ժամանակավոր արտահանման ռեժիմի կիրառումից ստացված արդյունքի և թափոնի ու մնացորդի սահմանման կարգերում կառավարությունը կատարել է փոփոխություններ, որոնք ուղղված են գործարար միջավայրի բարելավմանը և թելադրված են տնտեսվարող սուբյեկտների կողմից գործընթացի իրականացման համար ծախսվող ժամանակի, ներկայացվող փաստաթղթերի հստակեցման և կրճատման անհրաժեշտությամբ. ստեղծվել է նաև եզրակացության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն։

Այս խորագրի վերջին նյութերը