Լրահոս

20.12.2012 11:50


...արի ու էս ամենը բացատրի պետական օրհներգի 2-3 քառյակ հիշելու ունակությունը կորցրած գործիչներին

...արի ու էս ամենը բացատրի պետական օրհներգի 2-3 քառյակ հիշելու ունակությունը կորցրած գործիչներին

Հազար անգամ ասվել ու գրվել է. մեր անվանի մտավորականությունը չկարողացավ լուծել նոր Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը՝ արդիականացնել անկախ պետության արժեքային համակարգը: Չկարողացավ նույնիսկ սովորեցնել մեզ սիրել եւ հպարտանալ անկախությունով: Ավելին՝ չնչին ազդեցություն էլ չունեցավ հայրենիքը սիրելու, հայրենիքով հպարտանալու դասավանդման գործընթացում: Ու չէր էլ կարող ունենալ, քանի որ մեծամասամբ այդպես էլ մնացել էր սովետահայ մտավորականություն: Այդ «չազդեցությունը», անշուշտ, դրական էր. ի վերջո ինչ կարող էին առաջարկել անկախ պետականության պայմաններում ձեւավորվող հասարակությանը անցյալում եւ անցյալով ապրող մեծապատիվ դերասանները, գրող-լրագրողները, գիտական կոմունիզմի դասախոսները:

Այս հարցը այդպես էլ հռետորական կմնար, եթե վերջերս սովետահայ անվանի մտավորականության մի քանի ներկայացուցիչներ՝ Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Լեւոն Անանյանը, անվանի քաղաքական եւ պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանը բաց նամակով չդիմեին երկրի նախագահին, առաջարկելով վերադառնալ սովետական սիմվոլներին, այսինք ներկայացնելով հայրենիք սիրելու, հայրենիքով հպարտանալու դասավանդման սեփական թեզերը: Ուրեմն, ինչ է առաջարկվում այդ բաց նամակում.

«1. Պետք է ընդունել Մարտիրոս Սարյանի հեղինակած զինանշանը։ Փոխելով վրան գրված տեքստը՝ «Սովետականի» փոխարեն գրել «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն»…

2. Ճիշտ ենք համարում հրաժարվել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» տեքստից եւ անհաջող երաժշտությունից։ Դրանք արհեստականորեն հարմարեցված են միմյանց, ուստի եւ չեն հիշվում, չեն երգվում եւ չեն ոգեւորում…

3. Մենք աշխարհում քրիստոնեություն ընդունած առաջին պետությունն ենք եւ շատ տրամաբանական կլինի, որ մեր դրոշի վրա դրոշմվի խաչ։

4. Առաջարկում ենք մեր դրոշի գույները թվարկելիս վերջում չասել «նարնջագույն», այլ ասել՝ «Կարմիր, կապույտ, ծիրանագույն»։»

Այս «դարձն ի շրջանս յուր» նամակի հեղինակները առաջարկում են իրականացնել «Մեծ եղեռնի հարյուրամյակի նախապատրաստական միջոցառումների շարքում»: Դե, հին ավանդույթ է` ժամանակին ինտելլիգենցիան իր բոլոր արժեքավոր նախաձեռնությունները «նվիրում էր» Հոկտեմբերյան հեղափոխության, Լենինի ծննդյան տարեդարձներին:

Այս առաջարկները հանրային լուրջ քննարկման, բանավեճի առարկա չդարձան եւ չէին կարող դառնալ: Չդարձավ, քանի որ սովետահայ մտավորականության ավելի քան 20-ամյա «չմասնակցությունը» Հայաստանի արժեքային համակարգի ձեւավորման գործընթացում նպաստեց անկախ պետությանը բնորոշ հասարակության կայացմանը: Եւ այդ հասարակության դժգոհությունը երկրում տիրող իրավիճակից կամ իշխանությունների որակից բնավ չի նշանակում պատմության գիրկն անցած համակարգի վերականգման ցանկությունն ու պահանջը (կարծում եմ, հենց այդ պատճառով նամակի հեղինակները դիմում են ոչ թե լայն հասարակությանը , այլ երկրի ղեկավարին):

Այս բաց նամակը պարզապես հեղինակների ինքնախոստովանությունն է: Այո, մենք՝ սովետահայ մտավորականներս, չենք ընդունում անկախ պետության խորհրդանիշները: Այո, մեր երկրի օրհներգը «մենք չենք երգում, չենք հիշում, այն մեզ չի ոգեւորում»: Այո, մեր երկրի բազմադարյա պատմությունից (որը մենք <> զինանշանի վրա) մեզ հոգեհարազատ է միայն Սովետական Հայաստանի 70-ամյա ժամանակաշրջանը: Եւ, ընդհանրապես, մենք չենք ընդունում այսօրվա Հայաստանի լեգիտիմությունը, ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Հայաստանին պարտադիր ինչ-որ «պոչ» պետք է կպցրած լինի, գաղափարական կամ աշխարհագրական իմաստով՝ սովետական, թուրքական, պարսկական, ռուսական: Եթե դրանք այսօր չկան՝ գոնե Արեւելյան, բայց ոչ պարզապես ՀԱՅԱՍՏԱՆ:

Իսկ մենք, ի տարբերություն սովետահայ մտավորականությանը, սիրում ենք մեր «անճաշակ» օրհներգը, երգում ենք այն դպրոցներում, մարզադաշտերում, զինվորական խրամատներում: Իսկ մենք, ի տարբերություն սովետահայ մտավորականությանը, ժառանգորդն ենք մեր պատմության, զինանշանում պատկերված Բագրատունյաց թագավորության արծվի եւ Ռուբինյաց դրոշի առյուծի, ազատության սրի, գրչի, լիության հասկի, Մասիսի:

Բայց արի ու էս ամենը բացատրի նույնիսկ պետական օրհներգի 2-3 քառյակ հիշելու եւ երգելու ունակությունը կորցրած գործիչներին:

Տիգրան Հակոբյան

http://www.ejournal.am/news/society/2012-12-20/850/

Այս խորագրի վերջին նյութերը