Լրահոս

18.06.2009 09:58


Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների փոխադարձ անկեղծ համակրանքն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները»

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների փոխադարձ անկեղծ համակրանքն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները»

Հունիսի 17-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը բարձր է գնահատել լուսահոգի նախագահ Հաֆեզ ալ-Ասադի դերը մերձավորարևելյան քաղաքականության պատմության մեջ: Նա շեշտել է, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն աջակցությունը, որը սիրիացի ժողովուրդը ցուցաբերեց բռնագաղթված հայերին: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է իր բարձրաստիճան հյուրին, որ այդ կապակցությամբ սիրիահայերի նախաձեռնությամբ Երևանում կառուցվում է արաբ ժողովրդին երախտիքի հուշարձան:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Սիրիայի ժողովուրդների միջև առկա է փոխադարձ անկեղծ համակրանք, որն ամրապնդում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նախագահ ալ-Ասադը բարձր է գնահատել սիրիահայ համայնքի դերակատարումը ինչպես իրենց երկրի կյանքում, այդպես էլ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացման գործում: Կողմերը համաձայնել են, որ հայ-սիրիական հարաբերությունների ներուժն ամբողջությամբ իրացնելու գործում յուրահատուկ ներդրում կարող են կատարել երկու երկրների խորհրդարանականները:

Զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանը և նախագահ Բաշար ալ-Ասադը նաև քննարկել են հայ-թուրքական և սիրիա-թուրքական հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանների կայունությանն ու անվտանգությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը