Հարցազրույց

19.01.2011 16:47


Ակսել Բակունց.

Ակսել Բակունց.

Հարցազրույց Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն, վաստկավոր երաժիշտ Ակսել Բակունցի հետ

-Ինչպիսի՞ն է այսօրվա մեր մշակութային կյանքը։

-Մշակութային կյանքը և ընդհանրապես մշակութային հարցերը բարձիթողի վիճակում են։ Ոչ մի բան կարգավորված չէ։ Ամեն ինչ գնում է տարբեր ճանապարհներով, և ոչ մի ուղղությունն ցույց տվող, կարգավորող չկա։

-Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։

-Դե՛, պատճառն այն է, որ այն մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն այդ հարցրով, ճիշտ  տեղում  չեն։ Մի հասարակ օրինակ բերեմ՝ «Եվրատեսիլ» մրցույթը։ Ինչ-որ մադիկ են ընտրում անհասկանալի ձևով՝ գնում են, չգիտես ինչ են երգում՝ ոչ մեկին այդ մեխանիզմը պարզ չէ։ Լավ կլիներ՝ սկզբում լիներ երգի մրցույթ, հետո լիներ այդ երգը երգող երգիչների մրցույթ, ու վերջում կընտրվեր մասնակիցը։ Ինչո՞ւ  եմ ասում սա։ Եթե ամեն ինչ ճիշտ հերթականությամբ արվի, ամեն ինչը տեղը տեղին կլինի։ Իսկ հիմա չգիտես թե ինչ ձևով է արվում, ոնց է արվում։

-Դա է՞լ է նրանից, որ մարդիկ իրենց տեղում չեն։

-Դա նրանից է, որ այդ հարցը կարգավորում են մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն այդ ամեն ինչի հետ։

-Իսկ ո՞վ է մեղավոր, որ ճիշտ մարդիկ չեն զբաղվում համապատասխան հարցերով, վերևներից նշանակո՞ղը։

-Չգիտեմ, որովհետև չեմ ուզում անշառ գլուխս դնեմ ցավի տակ։

-Համամի՞տ եք այն տեսակետին, թե մշակութային կյանքում պահանջարկն է առաջարկ ստեղծում։

-Համամիտ չեմ, որովհետև սխալ է այդպես արդարանալը։ Դա նշանակում է, որ ով ինչ կուզի՝ կանի, ոնց ուզի՝ կանի։ Ինչո՞ւ՝ այսպես։ Որովհետև պատասխանատվություն չկա։ Մարդիկ, ովքեր զբաղվում են այդ հարցերով պետք է պատասխանատվություն կրեն ազգի հանդեպ։

-Մենք, առիթ եղած ժամանակ, շեշտում ենք, որ մշակութային, ստեղծագործող ազգ ենք։  Եթե դա այդպես էր նախկինիում, ապա ինչու՞ այսօր հանկարծ ամեն ինչ փոխվեց։

-Եզրակացությունները պետք է ինքներդ անեք։ Դա չի գալիս նրանից, որ մարդիկ միանգամից փոխվեցին, դարձան անճաշակ, այլ նրանից, որ այդ ամենով զբաղվող մարդիկ են մեղավոր։ Այն ժամանակ այդ հարցերով զբաղվում էին լուրջ, իսկ հիմա զբաղվում են անլուրջ։

-Ըստ Ձեզ՝ նման վիճակ միայն մշակութայի՞ն կյանքում է նկատվում, թե՞ այլ ոլորտներում էլ է այդպես։

-Ես հստակ ասել չեմ կարող, բայց կարծում եմ, որ, այո՛, բոլոր ոլորտներում էլ այս վիճակն է։

-Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է պետք անել այս վիճակից դուրս գալու համար։

-Ես կցանկանայի, որ ամեն մարդ զբաղվեր այն գործով, որին ինքը տիրապետում է, ու ամեն մեկը լիներ իր տեղում։

-Իսկ Դուք ինչո՞ւ չեք բարձրաձայնում ու Ձեր բողոքն արտահայտում մեր երկրում տիրող այս վիճակի մասին։

-Ինչի՜ մասին է խոսքը։ Մարդիկ ոնց ուզում՝ նստում են իրենց պաշտոններին, հասնում են դրան ու սկսում են անել այն, ինչ ուզում են։ Իրենք են ամեն ինչ որոշում։ Ո՞վ է մեզ բանի տեղ դնում, ո՞վ է մեզ հարցնում։ Ցավում եմ, որ այդպես է, բայց դա է փաստը։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

Այս խորագրի վերջին նյութերը