Լրահոս

19.12.2012 15:26


Դեկտեմբերի 22-30-ը Սարյան պուրակում կգործի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

Դեկտեմբերի 22-30-ը Սարյան պուրակում կգործի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը

Դեկտեմբերի 22-ին Սարյան պուրակում (Մալիբու սրճարանի տարածքում) կբացվի գյուղատնտեսական մթերքների երրորդ տոնավաճառը: 
Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Տոնավաճառին գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը  անվճար է:

Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովեու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը: 

Բացի այդ, միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում: Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: 

Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով: Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:

Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 22-30-ը:

Այս խորագրի վերջին նյութերը