Լրահոս

17.12.2012 17:53


Մանկավարժական համալսարանը «Լավանդա» դեղատան սեփականատեր Արայիկ Հայրապետյանին դատի տվել

Մանկավարժական համալսարանը «Լավանդա» դեղատան սեփականատեր Արայիկ Հայրապետյանին դատի տվել

Հայաստանի պետական մանկավարճական համալսարանը «Լավանդա» դեղատան սեփականատեր Արայիկ Հայրապետյանին մեղադրել է իրենց հորդորներն անտեսելու մեջ:

Բուհի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պարզաբանման մեջ ասվում է. 
«Դեկտեմբերի 16-ի «Ռուբեն Միրզախանյանը 164 հազար դրամ գումարի համար «Լավանդայի Արայիկին» դատի է տվել» http://news.am/arm/news/132664.html վերնագրով հրապարակած տեղեկատվության մեջ տեղ են գտել որոշակի անճշտություններ:

Նախ, ոչ թե դատի է տվել Ռուբեն Միրզախանյանն, այլ Մանկավարժական համալսարանը, որտեղ ուսումնական բնականոն գործընթացը խաթարված է եղել ուղիղ 12 օր: «Լավանդա» դեղատանն ընթացող շինվերանորոգողական աշխատանքները, որոնք ուղեկցվում էին անասելի աղմուկով եւ անհնարին էին դարձնում ուսումնական գործընթացը, իրականացվում էին առավոտյան ժամերին: Դեղատան ղեկավարությանն ուղղված համալսարանի բոլոր խնդրանք-հորդորները, աշխատանքը կազմակերպել կամ ժամը 16-ից հետո, կամ շաբաթ, կիրակի օրերին, անտեսվել են:

Աղմուկի պատճառով ուսումնական գործընթացի կաթվածահար լինելու փաստի վերաբերյալ ահազանգերը արձանագրված են նաեւ ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնում:

Բացի այդ, վերանորոգման աշխատանքների հետեւանքով իրենց տարածքում վնասվել էր Մանկավարժական համալսարանի ջեռուցման համակարգի հետադարձ ջրագիծը, ինչի պատճառով ձմռան նախաշեմին համալսարանը կանգնել էր լրջագույն խնդրի առջեւ. մոտ 4000 ուսանող զրկվել էր ջեռուցվող լսարաններում դաս անելու իր սահմանադրական իրավունքից:

«Լավանդա» դեղատան ղեկավարությունը հրաժարվեց վերականգնել հասցված վնասը: Իհարկե, Մանկավարժական համալսարանը թույլ չտվեց, որ ուսանողները ձմռան ցրտին չջեռուցվող լսարաններ մտնեն եւ շատ արագ՝ շաբաթ, կիրակի օրերի ընթացքում, սեփական միջոցներով վերականգնեց ջեռուցման համակարգը: Սակայն փոխհատուցում համալսարանը կստանա դատական ատյանների միջոցով:

Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա համալսարանի ղեկավարությունը խիստ զբաղվածության պատճառով կողմնակի հանդիպումներ չի ունենում: Իսկ հարցը անձնական հարթության մեջ չէ, որ պետք է լուծվի: Խնդիր է առկա պետական եւ ոչ պետական երկու հաստատության միջեւ, եւ խնդրի լուծման առաջարկներն արվել են պաշտոնապես՝ գրություններով եւ նամակներով»:

Այս խորագրի վերջին նյութերը