Տնտեսական

17.12.2012 15:07


Տաքսիստների նամակը վարչապետին. «Մեզ կամ թալանում են կամ թույլ չեն տալիս աշխատել»

Տաքսիստների նամակը վարչապետին. «Մեզ կամ թալանում են կամ թույլ չեն տալիս աշխատել»

 Հարգելի պարոն Տիգրան Սարգսյան,

Մոտ մեկ տարի առաջ, ինչպես բոլոր վարորդներին, այնպես էլ անխտիր բոլոր տաքսիստներին, պարտադրեցին ապահովագրել մեքենաները`պնդելով, որ սա առաջին հերթին ձեռնտու է մեքենա վարողներին: Հաշվի առնելով, որ տաքսիներն ավելի ռիսկային են, ի սկզբանե մենք ավելի շատ գումար ենք վճարել`մեքենան ապահովագրելու համար: Իսկ այժմ այդ նույն ապահովագրական ընկերությունները տեռորի են ենթարկում տաքիստներին ու պահանջում են ԱՊՊԱ պայմանագիր կնքել 3 ամիսը մեկ` տարեկան կտրվածքով վճարելով մոտավորապես կրկնակի գումար, կամ ընդհանրապես հրաժարվում են ԱՊՊԱ կտրոն տրամադրել: Երբ խնդրում ենք գրավոր կերպով պարզաբանել, թե ինչու չեն կատարում օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները, պատասխանում են, որ հրամանը ՎԵՐԵՎԻՑ է, ու իրենք իրավասու չեն մեզ պատասխանել:

Վարորդների մեծամասնությունը իրենց մեքենաները վարկով են վերցրել`գրավ դնելով իրենց տունը կամ հենց տվյալ մեքենան: Ու այժմ, ապահովագրական ընկերությունների անօրինական ու լրացուցիչ գումարներ շորթելուն ուղղված գործողությունների արդյունքում չենք կարողանում աշխատել ու վերադարձնել վերցված վարկերը: Իսկ առանց ԱՊՊԱ կտրոնի վարել մեքենան, նշանակում է օրենք խախտել կամ տուգանքներ մուծել, այն դեպքում երբ մենք մեղավոր չենք: Այսինքն, մեզ կամ թալանում են կամ թույլ չեն տալիս աշխատել`ստիպելով դառնալ գործազուրկ, թափառական մուրացկան ու կորցնել տարիների աշխատանքի արդյունքում ձեռք բերած գույքը:

 Արդեն երկար ժամանակ է բարձրաձայնվում է այս խնդրի մասին, որից հարյուրավոր հայ ընտանիքների բարեկեցությունն է կախված: Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը և Դուք, պարոն Սարգսյան, չեք արձագանքում այս խնդրին ու չեք կանխում այդ ապօրինի գործունեությունը: Մենք, որպես ՀՀ իրավահավասար քաղաքացիներ, խնդրում ու պահանջում ենք, որ այս խնդիրն իր լուծումը ստանա, ու մենք կրկին օրինական հիմունքներով մեր աշխատանքին վերադառնալու հնարավորություն ստանանք, որ կարողանանք պահել նաև մեր ընտանիքները:

 Մի խումբ տաքսու վարորդներ

Այս խորագրի վերջին նյութերը