Լրահոս

17.12.2012 14:35


Շառլ Ազնավուրը Պեկինում հանդիպել է հայ համայնքի հետ

Շառլ Ազնավուրը Պեկինում հանդիպել է հայ համայնքի հետ

Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում դեկտեմբերի 13-ին կազմակերպվել է ֆրանկոֆոնիայի շրջանակներում կայացած Չինաստանում ֆրանսերեն լեզվի տարվա փակման առիթով Պեկին ժամանած հայազգի մեծանուն երգիչ Շառլ Ազնավուրի հանդիպումը Պեկինում բնակվող հայության հետ, տեղեկացնում են Ատրգործնախարարությունից:

Միջոցառմանը շուրջ 60 հայերի հետ մեկտեղ ներկա են գտնվել նաև «Համաշխարհային մտավոր խաղերին» մասնակցելու նպատակով Չինաստանում գտնվող անվանի հայ շախմատիստներ Լևոն Արոնյանը և Էլինա Դանիելյանը:

Ողջունելով հավաքվածներին` Չինաստանում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Շառլ Ազնավուրին պատմել է Պեկինում բնակվող փոքրաթիվ հայ համայնքի մասին, որից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղղել իրենց մեծանուն հայրենակցին:

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում Շառլ Ազնավուրը ներկայացրել է իր կյանքից որոշ դրվագներ և պատմել տարբեր ժամանակներում հայտնի մարդկանց հետ ունեցած հանդիպումների մասին:

Կարևորելով հայապահպանման խնդիրները` նա հորդորել է երիտասարդներին երբեք չկտրվել արմատներից:
«Դա է ուժ և կորով տալիս աշխարհի տարբեր երկրներում հայտնված հայերին` դիմագրավելու ցանկացած դժվարությունների», - ասել է Շառլ Ազնավուրը:

Այս խորագրի վերջին նյութերը