Լրահոս

17.12.2012 12:57


Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն «Օլիմպիական հույսեր 19-22». Հայաստանն արդեն նվազագույնը 3 բրոնզե մեդալ ունի

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն «Օլիմպիական հույսեր 19-22».   Հայաստանն արդեն նվազագույնը 3 բրոնզե մեդալ ունի

Դեկտեմբերի 9-19-ը Կալինինգրադում անցկացվող Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ են դուրս եկել Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 3 բռնցքամարտիկ` Կորյուն Սողոմոնյանը(49կգ), Նարեկ Աբգարյանը(52կգ) և Արամ Ավագյանը(56կգ):

Այս առաջնության 10 քաշային կարգերում Հայաստանը ներկայացված է 7 մարզիկներով, որոնցից 3-ն այսօր պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչ փուլում:

Աշխարհի պատանիների չեմպիոն Կորյուն Սողոմոնյանը 49կգ քաշային կարգում ունեցած առաջին մարտը առավելության հասավ ուկրաինացի Նազար Կուրոտչինի նկատմամբ` 17:12 հաշվով, հաջորդ մենամարտում փայլուն հաղթանակ տարավ Հունգարիայի ներկայացուցիչ Իշտվան Լակատոսի նկատմամբ` 25:12 հաշվով: Կորյուն Սողոմոնյանն այսօր կիսաեզրափակիչ մարտերում հանդիպելու է Ռուսաստանը ներկայացնող Վասիլի Եգորովի հետ:    

52կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Աբգարյանն առաջին մարտում 17:16 հաշվով հաղթեց բելառուսացի Դմիտրի Ստրիգելսկուն, իսկ երկրորդ մարտում 16:15 հաշվով պարտության մատնեց Բուլղարիայի մարզիկ, Օլիմպիական Խաղերի մասնակից Ստեֆան Իվանովին:  Հետաքրքիր դիտարկում. մեկ տարի առաջ  Աբգարյանը Թուրքայում անցկացված Եվրոպայի առաջնության ընթացքում պարտվել էր բուլղարացի հենց այս բռնցքամարտիկին: Այսօրվա կիսաեզրափակիչ փուլում Նարեկ Աբգարյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Վետկինն է:

Արամ Ավագյանը 56կգ քաշային կարգում հաջողության հասած 2 մարտերում հաղթանակ է գրանցել Բելառուսը  և Անգլիան ներկայացնող մրցակիցների նկատմամբ, համապատասխանաբար` 14:8 և 12:8 արդյունքներով: Պարտություն կրած անգլիացի Էշֆակ Քեշը աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է: Աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոն է նաև Ավագյանի այսօրվա` կիսաեզրափակիչ փուլի մրցակիցը` Ադրբեջանը ներկայացնող Ջավիդ Չալադիևը:

Կալինիգրադում ընթացող Եվրոպայի առաջնությունը 19-22 տարեկան մարզիկների համար է, իսկ ամենակրտսեր մասնակիցները մեր մարզիկներն են` 20 տարեկան: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը գոհ է մեր մարզիկների ելույթներից և այս պահին գրանցված արդյունքներից:

«Օլիմպիական հույսեր 19-22» բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 32 պետության 165 բռնցքամարտիկ: Մասնակիցներից շատերն արդեն հաջողություններ գրանցած մարզիկներ են` Օլիմպիական խաղերի մասնակիցներ, աշխարհի և Եվրոպայի երիտասարդների չեմպիոններ:  

ՀԲՖ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը