Լրահոս

14.12.2012 17:18


Նաիրի Հունանյանի ընկերոջ հիշողությունները. «...էս ի՞նչ արիր այ ախպեր, բա ու՞ր մնաց Հայրենասիրությունը»

Նաիրի Հունանյանի ընկերոջ հիշողությունները. «...էս ի՞նչ արիր այ ախպեր, բա ու՞ր մնաց Հայրենասիրությունը»

Yelaket.am–ը ներկայացրել է Նաիրի Հունանյանի ընկերոջ հիշողությունները,

«Երկար տարիներ ինձ տանջում էր հարցը, թե արժե՞ արդյոք գրել այն, ինչի մասին պատրաստվում եմ ստորև շարադրել: Կան բաներ, որոնց  մասին երբեմն լռելն ավելի խելամիտ է, որպեսզի թույլ տանք ժամանակին ջնջել տհաճ հիշողությունները մարդկանց ուղեղից, կամ միգուցե ընդհակառակը թարմ պահելու համար ու պատմությունը չկրկնվելու համար արժե խոսել, գրել և թույլ չտալ մոռանալու: Թեման շատ նուրբ է և հաստատ կարժանանա ամենախիստ քննադատության և հարձակումների, բայց որպեսզի ես ինձ չմեղադրեմ հետագայում, ուղղակի կշարադրեմ միայն այն, ինչ անձամբ եմ տեսել ու լսել ու զերծ կմնամ նույնիսկ իմ կարծիքը հայտնելուց:

  1985-86 ուսումնական տարվա վերջն էր, երբ մեր ինստիտուտ եկավ ընկերս` Տիգրանը, ով ինձ հրավիրեց իր հետ գնալու ընկերոջ տուն, ով ապրում էր «Բանգլադեշում»: Նա բացատրեց, որ ինձ շատ դուր կգա ծանոթանալ իմ նման հակասովետական հայացքների տեր մեկի հետ, ով հակառակ ինձ, ոչ միայն այս կամ այն հավաքույթի ժամանակ դժգոհություն է հայտնում ներկա կարգերից, այլ կոնկրետ գործողություններ է անում: Ինձ իհարկե շատ հետաքրքրեց, թե ով կարող է ոչ միայն բարձրաձայնել այլ նաև գործել ներկա սիստեմի օրոք և ես անմիջապես համաձայնվեցի: Մենք միասին հասանք Հարավ Արևմտյան թաղամաս ու իրարից ոչնչով չտարբերվող շենքերից մեկի կրկին ոչնչով չտարբերվող մուտքով բարձրացանք ընկերոջ բնակարանը: Մեր առջև դուռը բացեց արծվաքիթ, անհանգիստ վազվզող սուր աչքերով մի երիտասարդ, ով ներկայանալով հրավիրեց զրուցելու իրենց փակված պատշգամբում: Տան վիճակից ես հասկացա, որ շատ սովորական աշխատավարձով ապրող Սովետական  ընտանիք եմ եկել և ինձ ավելի ազատ զգացի: Մի-մի բաժակ սուրճի և էժանագին կոնֆետների հյուրասիրությունով էլ սկսվեց մեր ծանոթությունը: Ընկերը նախ հարց ու փորձ արեց իմ ով լինելու, իմ աշխարհահայացքի և այլ մանր մունր բաների մասին ու հետո ինքն անցավ ներկայանալուն: Ներկայանալուց անմիջապես հետո նա հանդես եկավ հայտարարությամբ, որ մինչև հիմա զնգում է ականջներումս: «Մենք, շուտով ստորագրահավաք ենք սկսում Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջով, որից հետո պետք է դիմենք «Պալիտբյուրո» Հայաստանի Սովետական Միությունից դուրս գալու պահանջով: Իմ միամիտ հարցին, թե արդյոք Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում, նա չոր ու կոպիտ արձագանքեց, որ իմ նման անգրագետ սերունդի նման մի սերունդ էլ էն ժամանակա եղել, որ Ղարաբաղը տվել են թուրքերին:

Ես հաստատ գիտեի, որ մեր կուրսում ղարաբաղցիներ կան ու տատս էլ ինչքան հիշում էի Ղարաբաղից էր, ու որոշեցի հեշտ չհանձնվել: Այս անգամ նա ուղղակի ծիծաղեց իմ անտեղյակության ու միամտության վրա ու բացատրեց, որ թուրքերը միայն Թուրքիայում չեն, ու որ ավելի վատ թուրքեր են հենց մեր «բարեկամ» Ադրբեջանցիները, և պատմեց, թե երբ և ինչպես է Ղարաբաղը անցել արդեն ու այսուհետ նաև իմ կողմից թուրք կոչվող ազերիների ձեռքը: Ճիշտ է մտքումս մերթ ընդ մերթ ծիծաղում էի նրա Սովետից շատ շուտով դուրս գալու, անկախ ազատ Հայաստանի թագավորության ստեղծման, իր սպարապետ դառնալու և այլ մտքերի վրա, բայց ընդհանրապես ինձ դուր եկավ նրա վճռականությունը: Ես, իհարկե, դեմ չէի իմ լուման ներդնել այդ արդար պայքարի համար, և երեկոյան արդեն պատրաստ էի կատարել առաջին հանձնարարություններից մեկը` քաղաքում հանդիպած 15 հանրապետությունների դրոշների միջից գողանալ և այրել թուրքերի դրոշը, որի ծածանումը Հայոց հողի վրա, ըստ իմ նոր ընկերոջ, ուղղակի ապտակ է մեր երեսին:

Խոստովանեմ, որ շատ ոգևորված դուրս եկա նրանց տանից և շատ շնորհակալ էի Տիգրանին այդ ծանոթության համար: Հաջորդ օրը, ես`  ինչպես վայել է հենց նոր ինչ-որ գաղտնի կազմակերպություն ներգրավված նորեկի, որոշեցի աչքի ընկնել և երեկոյան «դատարկաձեռն» տուն չվերադառնալ: Նկատելով մեր ինստիտուտի լսարանի պատուհանից այն կողմ ծածանվող դրոշները ես իմ կողքը նստող Դիլիջանցի գերազանցիկից հարցրեցի, թե դրանցից որն է Ադրբեջանինը: Նա ցույց տվեց դրոշը, որն,  իհարկե, կարմիր էր կենտրոնում երկու բարակ երկնագույն գծերով: Ես դասերից հետո իմ հավատարիմ ընկերներից մեկի հետ մնացի ինստիտուտում և մթնելուն պես թռցրեցի դրոշը: Երեկոյան հրավիրված էինք բանակի քեֆի: Մեր ընկերը, ով բանակ էր գնում, ապրում էր Կիևյան փողոցում: Երեկոյան մի քանի բաժակ խմելուց հետո իմ մեջ պայծառ մտքեր ծագեցին, իսկ ինչու՞ դրոշը չվառել հենց Եղեռնի անմար կրակի վրա, որ ավելի խորհրդավոր լինի: Այդպես էլ որոշեցինք վարվել, բայց քանի որ խմած ընկերս բերանը փակ պահել չգիտեր ստիպված էինք բոլորովս գնալ եղեռնի հուշարձան, որ մեր զորակոչիկը հրաժեշտ տա եղեռնի կրակին ևս: Մի խոսքով, արարողությունն անցավ առանց ավելորդ բարդությունների, միայն շատ վախեցանք, երբ դրոշը կրակի վրա նետելուց մի վայրկյան մեզ թվաց, թե անմար կրակը հանգցրեցինք: Երբ Համալսարանում կրկին հանդիպեցի Տիգրանին, ով ինձ ուղեկցեց մեր ընկերոջ մոտ, ես հպարտությամբ պատմեցի իմ նախորդ օրվա «սխրագոծության» մասին: Երբ ես ընկերոջ խնդրանքով նկարագրեցի իմ վառած դրոշը, ստիպված էի ապուշի նման սպասել մինչև նրանք կդադարեին աննորմալի պես կչկչալը, որպեսզի ինձ հայտնեին, որ ես վառել եմ Թուրքմենիայի Սովետական Սոցիալիստական Հանրապետության դրոշը: Ես, իհարկե, մտքումս արդեն մշակեցի պլաններ, թե ինչպես եմ վարվելու մեր Դիլիջանցի գերազանցիկի հետ, ով ինձ օգնեց խայտառակվել, ընկերը վերջապես տեղից վեր կենալով ինձ հանգստացրեց` քաջալերելով, որ միևնույն է էլի թուրքի դրոշ եմ վառել, դա էլ գովելի է: Ես սխալս ուղղելու համար պատրաստ էի մյուս «տասնչորս» թուրքերի դրոշն էլ վառել ու հենց այդ օրը, միայն թե դուրս գայի այդ խայտառակության տակից: Ընկերն այլևս առանց ժպտալու բացատրեց, որ թուրքերի դրոշը  կարմիր ներքևում մուգ կապույտ բարակ գծով դրոշն է, համարյա մերի նման միայն մեջտեղի կապույտի փոխարեն այն ներքևի հատվածում է: Նա նաև զգուշացրեց, որ այն կարելի է շփոթել ՈՒկրայինայի դրոշի հետ, որը նույնպես ներքևի մասում կապույտ, ավելի ճիշտ երկնագույն ու մի փոքր ավելի հաստ գիծ ունի: Ես կրկին իմ մեջ որոշեցի, որ թքած Ուկրաինիայի վրա էլ, համենայն դեպս դա էլ կվառեմ, որ կրկին հանկարծ շփոթած չլինեմ, կամ էլ որ հեռվից նայողը հանկարծ չկասկածի, որ Ադրբեջանի դրոշը էլի կախած է մնացել: Ու սկսվեց իմ «դրոշավառ» կարիերան: Նախ պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չի, քանի որ դրոշները, բացի տոն օրերից մնացած ժամանակ կախված են հենց այնպիսի տեղերում, ուր դրանց մոտենալն արդեն պրոբլեմ էր, էլ ուր մնաց իջեցնելը, գողանալն ու վառելը: Քաղմասների, նախարարությունների, կուսակցական ապարատի և այլ անձեռնամխելի շենքերի վրա կամ դիմացը: Չնայած այդ դժվարությունների` ես դարձա ամենահմուտ դրոշ գողացողն ու վառողը: Մի անգամ նույնիսկ 4 դրոշակ ծոցումս վազելով մտա ընկերոջս տատիկի տուն, որը գտնվում էր Դեմիրճյան նրբանցքում, քանի որ կասկածում էի, որ ինձ նկատած մի սև Վոլգա հետևիցս էր ընկել: Տատիկը տեսնելով դրոշները, որ ընկերոջս հետ փորձում էինք պարտկել անկողնու տակ շատ ուրախացավ, ասելով, որ դրանցից շատ լավ բարձի երեսներ կստացվի` իսկական շոլկ են: Մենք խոստացանք տատիկին ուրիշ երանգներով դրոշներ բերել, քանի, որ սրանք արդեն «խոստացել ենք» ուրիշ տատիկների:

            Մեր ընկերոջ հետ հանդիպումները շարունակվում էին, հիմնականում հանդիպում էինք համալսարանի գրադարանի մոտ գտնվող իր աշխատասենյակում, ես նույնիսկ չգիտեի, թե նա այդտեղ ինչ գործ էր անում, քանի որ համոզված էի, որ նա դեռ ուսանող էր: Հիմնականում նա պատմում էր Սովետների կատարած ոճրագործությունների մասին, Ստալինի և նրա շրջապատի հայազգի դավաճանների, ներկայիս իշխանությունների և նրանց սխալների մասին: Մի գեղեցիկ օր նա ինձ հարցրեց, թե ում եմ համարում հայ ազգի ամենամեծ դավաճան, և առանց սպասելու իմ պատասխանին հայտարարեց, որ հայ ազգը չի ունեցել ավելի մեծ դավաճան, քան ներկայիս գերագույն խորհրդի նախագահ Կարեն Դեմիրճյանը: Ես, իհարկե, ներքուստ բարկացա, քանի, որ ըստ իս հենց այն փաստը, որ նա ի տարբերություն Ալիևի և Շեվարնաձեի պոլիտբյուրոյի անդամ չե, խոսում է նրա ազգասեր լինելու մասին: Այս անգամ որոշեցի ասածն հալած յուղի տեղ չընդունել և փաստեր պահանջել: Ընկերը հերթական անգամ նշելով իմ անտեղյակ ու «անգրագետ» լինելը սկսեց թվել իր կարծիքով Դեմիրճյանի արած ոճրագործությունները: Առաջինը նա նշեց Արարատի կամ Արտաշատի տարածքներում թաղված ահավոր վտանգավոր թունաքիմիկատների մասին: Նա ասաց, որ համաձայնվելը թույլ տալ մեր հողի մեջ այն էլ նման վայրում արգելված և արտադրությունից հանված թույների գերեզման սարքելը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգի դավաճանություն: Նա նաև բացատրեց, որ չնայած թույները բավականին ամուր տակարներով են, բայց ցանկացած մետաղ ժամանակի ընթացքում քայքայվում է, և երբ այդ տեղի ունենա թույները կխառնվեն ստորգետնյա մեր ջրերին և մենք կունենանք երկրորդ եղեռնը, որ հաստատ առաջինից ավելի ահավոր կլինի, եթե ոչ վերջինը: Ընկերոջ խոսքերով` բանը դժվար էլ հասնի քայքայվելուն, քանի որ Գառնիի կողմից սարերը հոսում են և մոտ ապագայում այդ ամբողջ տարածքը մինչև Սովետաշեն և Արարատ նույնպես տեղաշարժվելու են և չկա այնպիսի մետաղ որ դիմանա երկրի կեղևի շարժման ուժին: Որպես երկրորդ հիմք` Դեմիրճյանին դավաճան հայտարարելու նա նշեց` Ամեծամորի ատոմակայանի կառուցման թույլտվությունն ու տեղանքի ընտրության (Երևանից ընդհամենը 33 կմ) սխալ որոշումները: Ցանկացած վթարի դեպքում Հայաստանի հիմնական բնակչությունը րոպեների ընթացքում կբնաջնջվի, քանի որ մենք ամենաուրբանացված երկրներից մեկն ենք, ուր հիմնական բնակչությունը կենտրոնացած է մի քաղաքում: Ընկերը նաև այլ «սխալներ» պատմեց` չմոռանալով հատուկ նշել, որ երկու այդ նախագծերն էլ սկզբից ներկայացվել են Բաքվին և Թբիլիսիին, և որ իմ մատնանշած նույն Ալիևն ու Շավոն հրաժարվել են իսկ մեր «ազգասերը»` ոչ…

            Ես չեմ ասի, որ այդ ժամանակ Կարեն Սերոբիչը իմ աչքի լույսն էր, կամ էլ ընդհանրապես հայաստանցիների մեծ մասի կուռքը` ինչպես այսօր, բայց միևնույն է, ես ի տարբերություն ընկերոջս` ատելությամբ չէի լցված նրա հանդեպ: Ընկերս, սակայն ուղն ու ծուծով ատում էր նրան և նույնիսկ չվախեցավ արտահայտվել, որ հնարավորության դեպքում անձամբ կպատժի «մերօրյա Վասակ Մամիկոնյանին»:

            Երկու տարի ևս դրոշագողությամբ զբաղվելուց հետո ինձ տարան սովետական բանակի շարքերը ծառայելու: Բանակում, երբ լսեցի Ղարաբաղյան շարժման սկզբի և դրան հաջորդող իրադարձությունների մասին, ես չէի դադարում զարմանալ, թե մեր ընկերը ինչպես կարող էր կանխագուշակել այդ ամենը քայլ առ քայլ: Ամեն ինչ ընթանում էր հենց նրա գծած սցենարով: Երկրաշարժի լուրը ինձ շատ վախեցրեց, ես չէի կարող չհիշել թույների գերեզմանի մասին, և սպասում էի, որ շուտով Հայաստանում կսկսեն երկգլխանի երեխաներ ծնվել կամ բոլորի մոտ քաղցկեղ կհայտնաբերվի: Անհանգիստ էի նաև ատոմակայանի համար, արդյո՞ք ճաք չի տվել: Ես անիծում էի իմ բախտը, որ իմ երկրում նման իրադարձություններ են, իսկ ես ոչնչով չեմ կարող օգնել: Ես նույնիսկ կազմակերպեցի, որ մի քանի հայերով փախչենք-գնանք Լենինական մասնակցենք որոնողական աշխատանքներին, բայց ինչպես շատ հաճախ է պատահում մեր մեջ դավաճան կար և մեզ` բոլոր հայերիս, գիշերը մեկ-մեկ տարան գաուբախտ ու պահեցին մի շաբաթ մինչև գնալու իմաստը կորավ:

            1989թ. ամռանը վերադառնալուց հետո անմիջապես լծվեցի բաց թողածս լրացնելու գործին: Աշխատում էի բաց չթողնել ոչ մի հանրահավաք, ճանապարհներ էի փնտրում ընդգրկվելու Ղարաբաղ մեկնող գրոհայինների շարքերը: Ինձ նույնիսկ բախտ վիճակվեց լինելու առաջին մարդն այն ժամանակվա խորհրդարանի նիստերի դահլիճի մուտքի գլխին բարձրացնել առաջին եռագույնը: Անմոռանալի հաճելի պահ էր, երբ կանգնած այնտեղ իջեցնել այս անգամ արդեն Հայաստանի Սովետական Հանրապետության դրոշը  և կանգնեցնել եռագույնը ու տեսնել, թե ինչպես է ներքևում բազմահազարանոց ամբոխը վանկարկում` ապրես-ապրես… Ոսկանյան հեռացիր…Աշոտ, Խաչիկ…Ոսկանյան… և այլն:

Տեսնես ներքևում կար մեկը, ով նկատեց, թե ինչ զարմանալիորեն հեշտ ստացվեց իմ մոտ այդ ամբողջ գործողությունը` ջրահեռացնող խողովակով վայրկյանների ընթացքում վերև բարձրանալը, դրոշի փոխելն ու աննկատ հեռանալը, բայց ես հասկացա, որ իմ  տարիների փորձը ինձ վերջապես ավելի լավ գործում պետք եկավ: Ես պարբերականորեն հանդիպում էի մեր ընկերոջը, բայց արդեն հեռվից, նա միշտ համարյա արտոնյալների մեջ էր, օպերայի հարթակին, իսկ ես` ամբոխի մեջ: Ինձ այդպես էլ չհաջողվեց ևս մի անգամ հանդիպել նրան տետատետ, բայց ինձ լուրեր էին հասնում, որ բոլոր դասադուլ-նստացույցերն ու պատերին հայտնված «Գարբաչովի հերը թուրք է» և այլ նմանատիպ պլակատները նրա կազմակերպածն էին:  Ես վերջապես հասա նպատակիս և հայտնվեցի Ղարաբաղում և իմ համար դրոշ տնկելն ու հանելը դարձան պատանեկան տարիների ուրախ հիշողություններ:

            Ես մեր ընկերոջ մասին նույնիսկ մոռացել էի, նամանավանդ, որ իմ հին ընկերոջ` Տիգրանի հետ կապը նույնպես կտրվել էր: Տարիները կատարեցին իրենց աշխատանքը և իմ հիշողությունից լրիվ ջնջվեց Տիգրանն ու մեր ընդհանուր ընկերը: 1999-ի հոկտեմբերի 27-ին ամերիկյան բանտերից մեկի մենախցում նստած էի, երբ զարմանալիորեն իմ խցի դուռը բացեց հրեա բանտապահը, որ ըստ օրենքի իրավունք չուներ նույնիսկ շփվելու ինձ հետ, էլ ուր մնաց դուռս գիշերվա կեսին բացելու առանց ինձ նախօրոք շղթայելու:

            Արի՛, արի՛ տես ինչա կատարվում քո երկրում: Քո տեռորիստ եղբայրներն իրար են սպանում: Ես սկզբից չհասկացա, որ նա իրոք ինձ թույլ էր տալիս դուրս գալ մենախցից, բայց հետո հասկացա, որ կատակ չի անում:

Դուրս եկա խցիցս ու մոտեցա միջանցքում կախված հեռուստացույցին, ուր  CNN-ի ալիքով ցույց էին տալիս Հայաստանի Խորհրդարանի ահաբեկչության մասին ռեպորտաժը: Պատմելով իրենց հայտնի տեղեկության մասին` հանկարծ CNN-ը ամբողջ էկրանով մեկ ցույց տվեց ոճրագործին: Ամբողջ մարմնովս սրսուռ անցավ: Բացի մի քանի սպիտակ մազերից համարյա ոչինչ չէր փոխվել, նույն սուր վազվզող աչքերի հայացքն ու արծվաքիթ դեմքը, և կարծես իմ վերջին կասկածները փարատելու համար պարզ տառերով գրվեց նաև նրա անունը` Նաիրի Հունանյան: Այո՛, էկրանին հենց ինքն էր, մեր ընկերը, Նաիրին, ով դեռ 1986 թվականին մեզ` զարմացած պատանիներիս, Նաստրադամուսի պես պատմել էր մեր երկրի ապագան: Առաջին բանը, որ անցավ մտքովս դա «Շուն-շանորդին արեց վերջը իր ասածը», բայց չէ՞ որ Կարեն Դեմիրճյանն արդեն էն Դեմիրճյանը չէր, որ գոռում էին միահամուռ` հեռացի՛ր, այլ ընդհակառակը` հիմա գոռում էին` արի՛, հետ արի՛, մեզ փրկի՛… Այ քեզ բան, բա Վազգենը, է՜հ Նաիրի, էս ի՞նչ արիր… Վազգենը հերոս էր, հենց էն սպարապետը, ում երազում էիր ունենալ… Փաստորեն հա՛մ Դեմիրճյանին, հա՛մ իրեն հետ բերողին, էս ի՞նչ արիր այ ախպեր, բա ու՞ր մնաց Հայրենասիրությունը, հո մենք թուրք չենք… բա հայը հային… դու չէի՞ր ասում… Չգիտեմ, չեմ կարող ասել ես դեռ երկար եմ նստելու էս խցում, շատ երկար, ժամանակ կունենամ հասկանալու միգուցե, բայց հիմա հենց էս պահին ես համաձայն չեմ, չէ՛, համաձայն չեմ, չեմ էլ ուզում լսել բացատրությունդ…»։

Այս խորագրի վերջին նյութերը