Լրահոս

13.12.2012 17:52


Նաիրա Զոհրաբյան. «Վստահ եմ՝ ժողովուրդը Ծառուկյանի այս քայլը ևս ճիշտ կհասկանա։»

Նաիրա Զոհրաբյան. «Վստահ եմ՝ ժողովուրդը Ծառուկյանի այս քայլը ևս ճիշտ կհասկանա։»

Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում չառաջադրվելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմանը՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «aravot.am»–ին ասել է.

–Գագիկ Ծառուկյանը կայացրել է որոշում՝ չառաջադրել իր թեկնածությունը այս նախագահական ընտրություններում եւ մենք հարգում ենք Ծառուկյանի այդ որոշումը։ Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է եւ դրան ավելացնելու ոչինչ ես չունեմ։ Որեւէ մեկը շոկի մեջ չէ, որեւէ մեկը մանդատը վայր չի դնելու, որեւէ մեկը կուսակցությունը չի լքելու։ Պետք չէ իրականության հետ որեւէ աղերս չունեցող լեգենդներ հորինել, դրանք ընդունել որպես իրականություն եւ սկսել այդ լեգենդների վրա տարբեր վերլուծություններ կառուցել։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԲՀԿ-ն ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, Ն. Զոհրաբյանը նշել է, որ օրինակ ինքը ներկայացնում էր իր անձնական տեսակետն այդ մասին, բայց հիմա հարգում է իրենց կուսակցության առաջնորդի որոշումը՝ համարելով այն արժանապատիվ որոշում։

-Նախ, ես կուզենայի որեւէ մեկը մատնացույց աներ որեւէ մի հայտարարություն, որտեղ Ծառուկյանն ասած լինի, թե ինքը անպայմանորեն առաջադրվելու է։ Չկա եւ չի եղել նման բան։ Եղել են մեր կուսակցության տարբեր անդամների, այդ թվում նաեւ իմ կարծիքները, բայց, կրկնում եմ, մենք հարգում ենք Գագիկ Ծառուկյանի անհատական որոշումը, որը նա կայացրել է, վստահեցնում եմ ձեզ, բավականին լուրջ վերլուծությունների արդյունքում։ Ինչ վերաբերում է այս օրերին մամուլի կոնկրետ միջոցների անպարկեշտ հրապարակումներին, ես հասկանում եմ, որ տարբեր կալիբրի «գործիքներ» ծրագրել էին պղտոր ջրում ձուկ որսալ, եւ հիմա իրենց ենթակա մամուլի միջոցով աղբ ու գարշահոտություն են տարածում, սակայն զուր գարշանետումներ են՝ իրենց ուզածին չեն հասնելու,–ասել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Նա նաև ավելացրել է, որ ԲՀԿ–ն հանրության առջեւ միշտ ազնիվ եւ անկեղծ է եղել.

–Մի մտահոգվեք, ժողովուրդն ամեն ինչ շատ ճիշտ հասկանում եւ գնահատում է, եւ վստահ եմ՝ Ծառուկյանի այս քայլը եւս ճիշտ կհասկանա։

Այս խորագրի վերջին նյութերը