Լրահոս

13.12.2012 13:12


Բարեփոխվում է քրեական օրենսգրքի զինվորական հանցագործությունների բաժինը

Բարեփոխվում է քրեական օրենսգրքի զինվորական հանցագործությունների բաժինը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով կվերացվեն թերկարգավորվածության բազմաթիվ օրինակներ, որոնք պայմանավորված են զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանրորեն վտանգավոր որոշ արարքների` քրեական օրենսգրքում նախատեսված չլինելուց, կներմուծվի նոր պատժատեսակ` զինվորական ծառայության սահմանափակում, որը կբարձրացնի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություն կատարած զինվորականների նկատմամբ նշանակվող պատիժների արդյունավետությունը։

Կառավարության հավանությունն է ստացել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է Արագածոտնի մարզի որոշ հողատարածքներ ընդգրկել Ապարանի քաղաքային համայնքի վարչական սահման։
Նիստում քննարկվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը պայմանավորված է էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն հաստատելու հանգամանքով։ Օրինագծի վերաբերյալ կառավարությունը դրական եզրակացություն է տվել։ Հաջորդ որոշմամբ սույն օրինագիծն ընդգրկվել է ս.թ. դեկտեմբերի 17-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ։
Գործադիրը քննության է առել ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանի և Հայկ Բաբուխանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունման դեպքում, հեղինակների կարծիքով, կհեշտանա վերահսկողությունը «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի կատարման նկատմամբ։ Կառավարությունն սկզբունքորեն դեմ չէ նշված առաջարկություններին, ավելին, արդեն իսկ հանդես է եկել խնդրո առարկայի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն գտնում է, որ նախագիծը լրամշակման կարիք ունի և իր պատրաստակամությունն է հայտնում մասնակցելու նախագծի լրամշակմանը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը