Հարցազրույց

13.12.2012 12:50


Ժիրայր Սեֆիլյան.

Ժիրայր Սեֆիլյան.

«Քաղաքացիական հասարակություն» խումբը ներկայացնում է հարցազրույց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, «Շուշի» առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հետ:

-Այս տարի Արցախի ազատամարտի ամենավառ հերոսներից մեկը՝ Մոնթե Մելքոնյանը կդառնար 55 տարեկան: Ի՞նչ եք կարծում, Մոնթեն կհպարտանա՞ր այսօրվա Հայաստանով:

-Այսօր Հայաստանի և Հայ ազգի ապագան վտանգված է, ուստի այս հարցը դառնում է հռետորական։ Մոնթեն բնավ չէր հպարտանա այսօրվա Հայաստանով։ Միևնույն ժամանակ՝ Մոնթեն կհպարտանար ապագայի այն ծիլերի գոյությամբ, որոնք արդեն տեսանելի են Հայության կյանքում։ Նոր որակի ազգային պետության ստեղծմանն ուղղված այսօրվա զարթոնքի, հասունացման և համախմբման գործընթացները, որոնց ականատես ենք լինում ներկայումս, ոչ միայն կփարատեին Հերոսի տրտմությունը, այլև գործունեության նոր՝ հայրենի պետականաշինության ասպարեզ կբերեին նրան։ Մենք ապրում ենք այդ հավատամքով և ձգտում ենք այնպես գործել, որ արդարացնենք Մոնթեի և մյուս հերոսների վստահությունը։ 

-Այսօր մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն այնպիսի ընդգծված զիջողական բնույթ ունի, որ, կարծես թե, մենք ոչ թե հաղթել ենք, այլ պարտվել Արցախյան պատերազմում: Դուք որպես այդ հաղթանակի մեջ ավանդ ունեցող մարդ, ինչպիսի՞ վերաբերմունք ունեք այս ամենի նկատմամբ:

-Օտար ուժերին հայության ազգային շահերի հաշվին ծառայելու գնով իրենց անձնական ու կլանային շահերն իրացնող հանցավոր համակարգի (նկատի ունեմ ինչպես վարչախմբին, այնպես էլ պաշտոնական ընդդիմությանը, որի մի զգալի մասը պարտվողական քաղաքականության հիմնադիրներն են) պարագլուխները այլ կերպ չեն էլ կարող վարվել։ Նրանց գլխավոր նպատակը ներկա կամ ավելի նպաստավոր դիրքերում վերարտադրվելն ու հարստանալն է, ինչը քայքայվող երկրում չի կարող տեղի ունենալ այլ կերպ, քան այդ երկրի ու նրա ժողովրդի բոլոր, այդ թվում՝ արյան ու տառապանքի գնով ձեռք բերած հաղթանակի, ռեսուրսների սպառման հաշվին։ Այո, այսպես շարունակվելու դեպքում մի օր հայտնվելու ենք պարտվածի վիճակում։ Միակ ելքը` Ազգային նպատակներ ու խնդիրներ առաջադրելու և իրականացնելու ունակ պետության ձևավորումն է ու նրա հետագա թռիչքային զարգացման ապահովումը։ Սա է այսօրվա համազգային օրակարգն ու ծրագիրը։ Այս ծրագրի իրականացման համար պիտի համախմբվի ու պայքարի ամբողջ Հայությունը։ Հասկանալի է, որ առաջին քայլերից մեկը պիտի լինի կառավարող հանցավոր վարչախմբի հեռացումը, ինչին պիտի հաջորդի գործող հակահայ համակարգի կազմաքանդումն ու հայեցի կառավարման համակարգի ձևավորումը։

-Ըստ Ձեզ, ո՞րն է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մեր ամենագլխավոր բացթողումը:

-Բանակցային գործընթացի այս ձևաչափն ինքնին պարտության դուռ ու ճանապարհ է։ Հրադադարը կնքվեց մեզ համար ոչ հարմար պահի և ոչ ձեռնտու պայմաններով։ Ադրբեջանի մուտքը ՄԱԿ չուղեկցվեց Արցախի և Արցախահայության բնական ու պատմական իրավունքների հարցի զուգորդմամբ։ Ձևական–իրավական առումով Ադրբեջանն ու Արցախը (առնվազն ներկայիս ԼՂՀ և դաշտային Արցախի տարածքի վրա) հավասար իրավունքներ ունեն ՄԱԿ–ի անդամ լինելու, իսկ բնական ու պատմական իրավունքների տեսակետից Ադրբեջան անունով պետությունն ընդհանրապես գոյության իրավունք չունի։ Այս գործընթացին զուգահեռ հարկավոր էր ավարտին հասցնել Հայաստանի Հանրապետությանը Արցախի վերամիավորման գործը։ Եթե հարցեր մնային բանակցելու համար, ապա հարկ կլիներ դրանց շրջանակում ապահովել մեր ազգային շահերը։ Ի վերջո Հայությունն անելու է այս գործը։ Սակայն մինչ այդ հարկավոր է ձևավորել հայեցի պետություն։

-Ինչպիսի՞ լուծում եք տեսնում Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում: Արդյո՞ք ստատուս քվոն, որը ենթադրում է դե ֆակտո անկախ ԼՂՀ, ուժերի հավասարակշռության պահպանման պարագայում ինքնին չի ապահովի հակամարտության լուծման հարցը:

Լուծման մասին արդեն ընդհանուր առմամբ ասացի։ Հայեցի պետության ձևավորման գործն առաջնային մակարդակում իրականացնելուց հետո Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունը, այնուհետև համատեղ անցկացվող հանրաքվեի միջոցով ավարտին հասցնի վերամիավորումը։

Ինչ վերաբերում է ստատուս քվոյին, ապա այն զգալի մասով հետևանք է տարածաշրջանում ազդեցություն ունեցող դերակատարների միջև հաստատված հավասարակշռության, ինչի մասին նշված է նաև հարցի մեջ։ Այդպիսի ստատուս քվոն ոչ միայն անկայուն է, այլև «ապրում է» մեր շահերի ու ռեսուրսների հաշվին և սպառում է մեր ինքնիշխանությունը։ Այդպիսի ստատուս քվոն ենթադրում է հնազանդում վերը նշված դերակատարների սահմանած խաղի կանոններին։ Ընդ որում՝ հնազանդում ոչ միայն հակամարտությանը վերաբերող, այլև ներկայի կազմակերպման և ապագայի նախագծման հարցերում, ինչը մեզ վերածում է ուրիշին ձեռնտու ճանապարհով ամեն օր նվազելով ու մեռնելով գնացող յուրօրինակ գաղթի քարավանի։ Ի վերջո, այդպիսի ստատուս քվոն հղի է մեզ համար ոչ նպաստավոր մի պահի պատերազմի վերածվելու վտանգով։ Հակառակը կարող էր լինել այն դեպքում, եթե այդ ստատուս քվոն կախված լիներ մեր կամքից և մենք ունենայինք ձգձգելու բավարար ռեսուրս։

ՈՒրեմն՝ ստեղծենք հայեցի պետություն և տարածաշրջանում ձևավորենք մեր ստատուս քվոն։

Այս խորագրի վերջին նյութերը