Լրահոս

12.12.2012 09:34


Արդարամիտ թուրքի մտորումները. կարո՞ղ է Գերմանիան օրինակ ծառայել Թուրքիայի համար

Արդարամիտ թուրքի մտորումները. կարո՞ղ է Գերմանիան օրինակ ծառայել Թուրքիայի համար

Եթե հնարավոր լիներ կլոնավորել ակնառու թուրք մեկնաբան Օրհան Քեմալ Չենգիզին և բազմացնել նրա ազնիվ սիրտն ու արդար խիղճը, ապա այդ ժամանակ թուրքական կառավարությունը հնարավորություն կունենար Թուրքիայից հայկական պահանջների վերաբերյալ հանդես գալ ավելի արդարամիտ և մարդկային ձևով:

Վերջերս Բեռլինի Եվրոպական ակադեմիայի հրավերով և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ, Չենգիզը մի խումբ թուրք լրագրողների և իրավապաշտպանների հետ այցելել էր Գերմանիա: Թուրք հյուրերը մասնակցել էին «Անցյալի ծանր ժառանգությունը» խորագիրը կրող համաժողովին, որի թեման էր, թե ինչպես են այսօրվա գերմանացիները առերեսվում նացիստների իրագործած ոճրագործություններին:

Թուրքիա վերադառնալուց հետո Չենգիզը երկու ցնցող հոդված է գրում «Today’s Zaman» թերթում՝ «Կարո՞ղ է Գերմանիան Թուրքիայի համար օրինակ ծառայել անցյալի վայրագությունների հետ առերեսման հարցում» և «Թուրքիա ու Գերմանիայի անցյալի վայրագությունները» խորագրերով:

Չենգիզը խոստովանում է, որ մինչ իր այցը, նա կարծում էր, թե «Գերմանացիները ստիպված անդրադարձել էին իրենց անցյալին՝ արտաքին ուժերի ճնշման տակ, որոնք երկիրը ծնկի էին բերել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»: Նա ուզում էր իմանալ, թե արդյոք Գերմանիան կարո՞ղ է օրինակ ծառայել այլ երկրների համար իրենց անցյալի հետ ինքնակամ առերեսվելու համար: Ի զարմանս թուրք սյունակագրի, նա հայտնաբերում է, որ չնայած գերմանացիներն իրենց անցյալին դիմակայել են ջախջախիչ պարտությունից հետո, սակայն նրանք որոշել են նոր երկիր ստեղծել՝ «հիմնված հիշողության, ոգեկոչման և անցյալին դիմակայելու անվերջ գործընթացի վրա»:

Արդարամիտ թուրք գրողը «խորապես տպավորվել և հուզվել է» Բեռլինի մանկապարտեզներից մեկում աղյուսե պատ տեսնելով: Ամեն տարի ուսուցիչներն իրենց սաներին խնդրում են նույնացնել իրենց հրեաների հետ, ովքեր ժամանակին ապրել են իրենց հարևանությամբ մինչև նացիստների կողմից սպանվելը: Հետո երեխաները աղյուսների վրա հրեական անուններ են գրում և մեկը մյուսի վրա տեղադրելով հուշապատ կառուցում: Նա գիտակցում է, որ «հիշողությունը Գերմանիայում դարձել է առօրյա կյանքի անբաժան մասնիկ»:

Չենգիզը հուսով է, որ մի օր թուրք «երեխաները նույն բանը կանեն: Ես երևակայեցի, թե Ստամբուլի երեխաները պատ են շարում՝ աղյուսների վրա գրելով 1915 թվականի ապրիլի 24-ին իրենց տներից տեղահանված և այլևս երբեք չվերադարձած հայ մտավորականների անունները»: Նա համոզված է, որ «Գերմանիայում անցյալի հետ առերեսվելու հստակ պետական քաղաքականություն գոյություն ունի: Թանգարանները, ցուցահանդեսները և դպրոցական ծրագրերը վկայում են, թե պետական ապարատն ինչպիսի ավանդ է ներդրել այս ուղղությամբ: Այդպես, աստիճանաբար, ես սկսեցի հասկանալ, որ Թուրքիան կարող է շատ բան շահել գերմանական փորձից՝ անցյալի հետ առճակատվելու դժվարին ճանապարհին»: 

Չենգիզն իր երկրորդ հոդվածում 19-րդ և 20-րդ դարերը համարձակորեն բնութագրում է որպես «ցեղասպանությունների դարաշրջան», որն իր մեջ ներառում է նաև Հայոց ցեղասպանությունը: Նա բացատրում է, որ ի տարբերություն մյուս ազգերի իրագործած զանգվածային ոճրագործությունների, գերմանացիների և թուրքերի ոճիրներն «իրենց հարևանների դեմ էին, որոնց հետ նրանք կողք կողքի ապրել էին դարեր շարունակ: Ես կարծում եմ, որ սա է գերմանական և թուրքական օրինակների միակ և գլխավոր առանձնահատկությունը …. Երբ դու սպանում ես քո հարևաններին, դա մի սև փոս՝ ճեղք է առաջացնում քո ազգային ինքնության մեջ»:

Ձգտելով ընդօրինակել գերմանական փորձը, Չենգիզը հուսով է, որ նա Թուրքիայում կտեսնի հուշարձաններ՝ նվիրված «հայկական կոտորածներին, հրեաների ու հույների դեմ ուղղված ջարդերին, ինչպես նաև ալեվիների ու մյուսների դեմ ուղղված սպանդներին: Երբ Թուրքիան սկսի հիշել ու հիշատակել անցյալի վայրագությունները, ապա Ահաբեկչության տեղագրության թանգարանը, որը կառուցվել է նացիստների նախկին գլխավոր շտաբի տեղում, Բեռլինի Հրեական թանգարանը և մյուսները լավ օրինակ կարող են ծառայել դրանց հետևելու համար…. Թուրքիան շատ բան ունի սովորելու Գերմանիայից անցյալի վայրագությունների հետ հաշտվելու համար»:

Թեև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վաղուց է հասունացել, հաշտեցման իսկական գործընթացը կարող է սկսվել Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների անունները ջնջելով դպրոցների, փողոցների և հրապարակների վրայից Թուրքիայի ողջ տարածքում: Թուրքական կառավարությունը պետք է նաև քանդի Ստամբուլում Թալեաթի  խայտառակ դամբարանը՝ այն փոխարինելով Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանով: Թուրքիան պետք է նաև միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարի հայ զոհերի ժառանգներին՝ հրեաներին Գերմանիայի վճարումների օրինակով: Եվ, ամենակարևորը՝ Թուրքիան պետք է հայերին վերադարձնի Արևմտյան Հայաստանի բռնազավթած տարածքները:

Առաջին համաշխարհային պատերազմում որպես Թուրքիայի մերձավոր դաշնակից, Գերմանիան ևս պարտավորություն ունի հայերի հանդեպ՝ իր դերակատարության ճանաչումը Հայոց ցեղասպանության գործում: Գերմանիան պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից և հատուցի նրան: Միայն այդ դեպքում գերմանացիները լիովին արժանի կլինեն Օրհան Չենգիզի գովեստներին՝ իրենց անցյալին ազնվորեն առերեսվելու համար:

Ժամանակին Թուրքիայի ցեղասպան նախադեպն է օրինակ ծառայել նացիստական Գերմանիայի համար Հոլոքոստն իրագործելիս, այժմ էլ Գերմանիայի հերթն է օրինակ ծառայել Թուրքիայի համար՝ իր ցեղասպան անցյալի հետ հաշտվելու գործում:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

 

 

Այս խորագրի վերջին նյութերը