Լրահոս

11.12.2012 11:22


Տիգրան Սարգսյանը հերքել է, որ վերջին տարիներին արտագաղթողների թիվն ավելացել է

Տիգրան Սարգսյանը հերքել է, որ վերջին տարիներին արտագաղթողների թիվն ավելացել է

Ինչպես հայտնի է, վարչապետ Տ. Սարգսյանը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ տարբեր հանդիպումներ է ունենում: Ուշագրավն այն է, որ այդ հանդիպումների մասին Տ. Սարգսյանի մամլո ծառայությունը ոչիչ չասող հաղորդագրություններ է տարածում: Այնինչ պարզվում է` Սարգսյանը ԱՄՆ-ում սկանդալային հայտարարություններ էր արել:

Մասնավորապես, նախօրեին Սարգսյանի այցի հետ կապված կառավարության մամլո ծառայությունից հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ ԱՄՆ-ում աշխատանքային օրվա երկրորդ կեսին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարան: «Արևմտյան Թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը ՀՀ կառավարության ղեկավարին ծանոթացրել է թեմի աշխատանքներին և ծրագրերին: Այնուհետև վարչապետը հանդիպել է Հարավային Կալիֆորնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել նրանց հուզող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին և ներքին խնդիրներին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ ահա թե ինչ է այդ նույն հանդիպման մասին տեղեկացնում «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը ԱՄՆ-ից: Ըստ այդմ, այդ հանդիպման ժամանակ Տ. Սարգսյանը խոսել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներից, տնտեսությունից, մասնավորապես իր խոսքում ասել է որ Սերժ Սարգսյանը 2008-ին, երբ «նախագահ» էր դառնում, վատ ժառանգություն էր ստացել, և ՀՀ իշխաանությունները ջանքեր են գործադրել, որպեսզի երկրում լինի մի փոքրիկ համերաշխություն: Ապա Տ. Սարգսյանը խոսել է արտագաղթի մասին, և ուշադրություն՝ հերքել է «տարածված այն կարծիքը, որ վերջին տարիներին արտագաղթողների թիվն ավելացել է»: Տիգրան Սարգսյանն ասել է. «90-ական թվականներից սկսած՝ Հայաստանից մեկնել է 1 մլն-ից ավել մարդ, և արտագաղթը եղել է ի սկզբանե, և որ ՀՀ իշխանությունները, ըստ Տիգրան Սարգսյանի, «քայլեր են ձեռնարկում նաև այդ արտագաղթը կանգնեցնելու համար»:

ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը