Լրահոս

10.12.2012 19:48


Քննվող քրեական գործով շարունակվում են վերականգնվել պետությանը հասցված վնասները

Քննվող քրեական գործով շարունակվում են վերականգնվել պետությանը հասցված վնասները
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պաշտոնատար, պատասխանատու աշխատակիցների կողմից չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով վերջին մեկ ամսվա ընթացքում կատարված նախաքննության ընթացքում քրեական գործից անջատվել է 5 քրեական գործ՝ 14 անձի վերաբերյալ, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։
Անջատված քրեական գործերը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասի, 325-ոդ հոդվածի 1-ին մասի՝ յուրացման եղանակով խոշոր և առանձնապես խոշոր չափերով կենսաթոշակի գումարներ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Ավան և Նոր-Նորքի, Էրեբունի և Նուբարաշեն, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններ։
Ընդհանուր առմամբ նախաքննության ընթացքում հարցաքննվել է 8190    անձ, այդ  թվում՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության և ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, կենսաթոշակառուներ, վերջիններիս հարազատներ ու հարևաններ: Որպես մեղադրյալ ներգրավված 51 անձանցից 28-ի վերաբերյալ 9 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, վնասը     վերականգնելուց հետո 7 անձի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է չարդարացնող հիմքով:
Հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 327.441.206 դրամ, որից վերականգնվել է 51.773.902 դրամը, դատարան     ուղարկված քրեական գործերով պետությանը պատճառված 64.578.984 դրամ վնասից վերականգնվել է 24.704.022 դրամը։
Ներկա դրությամբ քրեական գործով մեղադրյաները 16-ն են (2-ը՝ հետախուզվող), որոնցից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը