Լրահոս

07.12.2012 20:32


ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի հայտարարությունը

Այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ գումարվել էր հանձնաժողովի հերթական նիստ, որի օրակարգում էր նաև պատգամավոր Ա. Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության վերաբերյալ  հարցը:

Պատգամավոր Ա. Ռուստամյանի դիմումը վերաբերում  էր ս/թ. նոյեմբերի 21-ին   հրավիրած արտահերթ նիստին 83 պատգամավորների չմասնակցելուն: Նշված 83 պատգամավորների թվում են ՀՀԿ, ՕԵԿ, ԲՀԿ, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում` նաև ես: ՀՀ օրենքի 24.4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորը չի կարող հանձնաժողովի անդամի կարգավիճակով մասնակցել հանձնաժողովում հարցի քննարկմանը, եթե հանձնաժողովը քննում է նրա հարցը:

Օրակարգային այդ հարցի քննարկումը սկսելուց առաջ հանձնաժողովին ներկայացրեցի իմ դիրքորոշումը, առ այն, որ ես, որպես էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի:

Թեև որևէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն. Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով  իր իրավունքները, հայտարարեց,  որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաև նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:

Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:

82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ, սակայն հայտարարությունս չծանրաբեռնելու համար նշեմ առավել ակներև երկուսը`

 

ա. «Ազգային ժողովի կանոնակարգ»  ՀՀ օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը` «Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների և նիստերում»,

բ.  «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի  6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը. «Պատգամավորը պարտավոր է մասնակցել այն հանձնաժողովների նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»:

Հայտարարում  եմ` Ն.Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա. Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել:

ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյան

Այս խորագրի վերջին նյութերը