Լրահոս

07.12.2012 12:47


Երկրաշարժից 24 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջությամբ չի վերականգնվել

Երկրաշարժից 24 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջությամբ չի վերականգնվել

«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության կոչը` ուղղված Հայաստանի իշխանություններին

 Լրացավ 1988 թվի Սպիտակի երկրաշարժի 24-րդ տարելիցը:

 «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը արձանագրում է, որ չնայած անցած տարիներին աղետի գոտում իրականացված բնակարանաշինությանը, երկրաշարժից 24 տարի անց աղետի գոտին դեռ ամբողջությամբ չի վերականգնվել. միայն Գյումրիում երկրաշարժից անօթեւան է եւ տնակներում է ապրում ավելի քան 2.700 ընտանիք (աճած եւ կիսված անօթեւան ընտանիքներ, բնակարաններ կորցրած եւ չհաշվառված, սեփական տներ կորցրած ընտանիքներ), իսկ այլ անօթեւան ընտանիքների թիվը 1.600-ից ավելի է (ներգաղթյալներ, սոցիալական պատճառներով բնակարանները օտարած եւ տնակներում կացարան գտած ընտանիքներ եւ այլն): Գործազրկությունը, աղքատությունը Գյումրիում եւ Շիրակի մարզում կործանարար չափեր ունեն, պաշտոնական տվյալներով, աղքատ է համարվում գյումրեցիների 47 տոկոսը:

Այս ուղերձով դիմում ենք Հայաստանի Ազգային Ժողովին, նախագահին եւ կառավարույանը, կոչելով. 

  1. Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարության 1998 թվականի համար 432 որոշումը: Երկրաշարժից անօթեւան դարձած, հետագայում աճած եւ կիսված ընտանիքների այն մասերին, որոնք մնացել են ապրելու տնակներում, ճանաչել որպես պետության կողմից փոխհատուցման ենթակա անօթեւաններ, առաջիկա 2 տարում այս խմբին ապահովել բնակարաններով` ըստ ընտանիքի անդամների փաստացի թվի:
  2. 1988 թվի երկրաշարժից փաստացի անօթեւան դարձած, բայց չհաշվառված ընտանիքներին եւ սեփական տներ կորցրած ու չհատուցված ընտանիքներին հնարավորություն տալ հաշվառվելու եւ բնակարաններով փոխհատուցվելու` ըստ ընտանիքի անդամների փաստացի թվի:

 

  1. Անօթեւանության պայմաններում ապրող մյուս ընտանիքներին հատուկ կարգավիճակ շնորհել եւ առաջիկա 3 տարում ապահովել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող սոցիալական բնակարաններով կամ դրանց հավասարեցված կացարաններով, որտեղ նրանք անժամկետ եւ առանց վարձավճարի բնակվելու իրավունք կստանան, վճարելով միայն կոմունալ ծախսերի համար:

 

  1. Վերը բերված լուծումներից բացի, կիրառել այլընտրանքային լուծումներ, ինչպես օրինակ` ցանկություն ունեցող անօթեւաններին ընձեռել արտոնություններ (անտոկոս վարկեր, էժան շինանյութ, աշխատուժի վճար կամ որպես աշխատուժ ներգրավում սեփական տան կառուցման աշխատանքներում) տնակներից ազատվելու եւ իրենց համար սեփական տներ կամ կացարաններ կառուցելու համար:

Մեր պարտքն է հիշեցնել եւ զգուշացնել, որ այս մասին հասարակական գործիչներն ահազանգել են տարիներ շարունակ, սակայն խնդիրը լուծելու իշխանությունների փորձերը եղել են հատվածական, իսկ խնդիրը մնացել է եւ զարգացել: Այժմ էլ, անօթեւանության այս խնդիրը շուտափույթ չկարգավորելու կամ դանդաղ կարգավորելու դեպքում, ճգնաժամը խորանալու է` անօթեւան ընտանիքների թիվը շարունակաբար մեծանալու է, աճելու է արտագաղթը, սոցիալական ճգնաժամն ու մշակութային օտարումը դառնալու են անհաղթահարելի:

Այս խորագրի վերջին նյութերը