Լրահոս

07.12.2012 12:33


Այսօր էլ բացահայտ և կոպիտ խախտվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ

Այսօր էլ բացահայտ և կոպիտ խախտվում է Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ

ՀՀ կառավարության Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Ուսումնասիրելով «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի հայեցակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, հայտարարում ենք հետևյալը.

 1. Նախևառաջ, սույն օրենքի ընդունման մասին խոսվեց 2012թ. ձմռանը, երբ Երևանի քաղաքապետի ապօրինի որոշմամբ Երևանի Մաշտոցի պուրակում սկսվեց կառուցապատում, իսկ դրա վերաբերյալ հանրությունը երկարատև բողոքի ակցիաներով իր դժգոհությունն էր արտահայտում: ՀՀ վարչապետն այս հայեցակարգի ընդունման անհրաժեշտության մասին խոսեց 2012թ. մարտին` ճարտարապետների հետ հանդիպման ժամանակ:

2. Սույն հայեցակարգի նախագիծը, որպես կանոն, կազմվել է հանրության համար ոչ թափանցիկ պայմաններում և, մասնավորապես շահագրգիռ հանրության մասնակցության բացակայությամբ:

 3. Ինքնին Երևանի փոքր կենտրոնի համար հատուկ կարգավորման ստեղծումը կարող է անհավասար պայմաններ ստեղծել Երևանի ծայրամասերի համար՝ էլ ավելի խթանելով դրանցում լայնամասշտաբ կառուցապատումը, քանի որ անկանոն կառուցապատման պատճառը ոչ այնքան թերի օրենսդրական նորմերն են, որքան ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունից զերծ մնալը:

 4. Երևանի փոքր կենտրոնում և ընդհանրապես Երևան քաղաքում այսօր էլ բացահայտ և կոպիտ խախտվում են Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ընդունված հայեցակարգի պահանջները, ինչը հիմք է տալիս պնդելու, որ սույն նախագծում նշված քաղաքաշինական կարգավորումների անբավարար լինելը չի համապատասխանում իրականությանը:

 Ուստի, ելնելով վերոշարադրյալից, «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունները սույն հայեցակարգի նախագծի կապակցությամբ առաջարկում է Երևանի քաղաքապետին.

 1. Ողջամիտ ժամկետում վերանայել նախկինում (ցանկալի է վերջին 5 տարում) Երևանի փոքր կենտրոնում Երևանի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա ընդունված հայեցակարգի պահանջների բացահայտ խախտումով տրամադրված թույլտվություններն ու քաղաքաշինական դրական եզրակացությունները և որոշում ընդունել դրանք չեղյալ ճանաչելու և անհապաղ ապամոնտաժելու մասին:

 2. Վերականգնել բոլոր հանրային (ընդհանուր օգտագործման) և կանաչ տարածքները համաձայն քաղաքաշինական գործող նորմատիվների՝ անկախ դրանցում արդեն իսկ կատարված  փոփոխություններից:  

3. Երևանում՝ հատկապես փոքր կենտրոնում և Օղակաձև զբոսայգու երկայնքով ավտոմեքենաների խցանումները կանխելու նպատակով ապամոնտաժել բոլոր այն շինությունները, որոնց հարող տարածքում մարդկանց և ավտոմեքենաների կուտակումներ են լինում և տվյալ հատվածը գերծանրաբեռնվում է:

 4. Նման օրենքի ընդունման դեպքում այն սահմանել ամբողջ Երևան քաղաքի համար (ոչ միայն փոքր կենտրոնի) և ամրագրել, որ ցանկացած կարգավորում չպետք է կառուցապատումների թույլատրման խստության տեսանկյունից զիջի կամ փոխարինի ներկայումս գործող Երևանի գլխավոր հատակագծին և նրա հիման վրա ընդունված հայեցակարգի պահանջներին, քանի որ այն հանդիսանում է Երևանի զարգացման գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթը:  

5. Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման համար նախատեսել և ամրագրել փաստաթղթում պատմաճարտարապետական արգելոցային գոտի, որը կընդգրկի բոլոր դեռևս առկա և վերականգնվելիք ճարտարապետական հուշարձան համարվող շենքերը, ինչպես նաև` դրանք ձևափոխելու և վերացնելու անթույլատրելիությունը:

Ի դեպ, գաղտնիք չէ, որ դեռևս բազմաթիվ հուշարձան համարվող շենքեր գտնվում են վտանգի տակ, իսկ նման հարցերի քննարկման ժամանակ հանրության շահերը հաշվի չեն առնվում և նրանց մասնակցությունն այդ որոշումների ընդունման գործընթացում քաղաքային իշխանության կողմից շատ հաճախ չի ապահովվում:

 Հարկ է նկատել, որ մինչև սույն նախագիծը մշակվի և ընդունվի, Երևանի քաղաքապետի կողմից արդեն կայացվել են հանրային և կանաչ տարածքների հաշվին շենք-շինություններ կառուցելու մասին նոր ապօրինի որոշումներ և տրվել են շինարարության թույլտվություններ (օրինակները բազմաթիվ են, մենք արդեն ԶԼՄ-ներով հրապարակել ենք դրանք): Եթե նման աշխատելաոճն այսպես շարունակվի Երևանի քաղաքապետարանի կողմից, ապա կարող ենք համարել, որ առաջարկված և ընդունված ցանկացած օրենք կամ հայեցակարգ նպատակ ունի

շղարշով ծածկել Երևան քաղաքի օրեցօր անհետացող ճարտարապետական
ինքնությունն ու դիմագիծը:

 Նոր օրենքներ և հայեցակարգեր ընդունելով մենք չենք վերացնում Երևանի քաղաքապետարանի ապօրինություններն ու թույլ տրված խախտումները, այլ ձևական կողմն ենք պաշտպանում, բայց իրականում քաղաքապետարանը շարունակում է իր հայեցողությամբ որոշումներ ընդունել կամ ցուցաբերել բացահայտ անգործություն, մենք կարիք ունենք ոչ թե նոր իրավական ակտեր ընդունելու, այլ արդեն իսկ գոյություն ունեցող իրավական ակտերի պահանջները կատարելու և պաշտպանելու:  Մեր կարծիքով դրա միակ պատճառը քաղաքային իշխանության կողմից ապօրինի որշումներ ընդունելն ու պատասխանատվության ինստիտուտի բացակայությունն է»:

Այս խորագրի վերջին նյութերը