Լրահոս

19.01.2011 15:26


Նադեժդա Սարգսյան. «Դա կառավարության որոշումն է»

Նադեժդա Սարգսյան. «Դա կառավարության որոշումն է»

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ կառավարությունը օգոստոսի 5-ին որոշում էր կայացրել, որ երաժիշտ Ակսել Բակունցի տնօրինությամբ գործող Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը պետք է վերակազմակերպվի՝ միացվելով երգչուհի Նադեժդա Սարգսյանի տնօրինությամբ գործող Երևանի մշակույթի պետական քոլեջին, ինչին Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի ողջ անձնակազմը դեմ է ու պատրաստ է պայքարել այդ որոշման դեմ։

«7օր»-ի հետ զրույցում Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, երգչուհի Նադեժդա Սարգսյանը անդրադառնալով այս խնդրին՝ նախ ասել է, թե վիրավորված է, որ այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմը հայտարարել, թե իբր իր ցանկությամբ է նման որոշում կայացվել։

-Երբ իրենց ջազ քոլեջի շենքը քանդվեց, միակ մարդը ես եմ եղել, որ ընդունել եմ նրան՝ համարելով, որ Ակսել Բակունցն իմ ուսուցիչն է եղել, կա ու կլինի։ Ես մեծ սրտով այդ քոլեջն ընդունել եմ մեզ մոտ, բայց դե եթե հետագայում կառավարությունը որոշումներ է կայցնում, ո՞վ է Նադեժդա Սարգսյանը, որ կարողանա ինչ-որ մի բան անի կամ չանի։ Դա՝ նախ։ Իսկ եթե մտածում են, որ ես եմ կարողանում այդպիսի բաներ անեմ, ուրեմն հալալ է ինձ, ես հզոր եմ։ Չի կարելի այդպիսի բան անել, եթե կա կառավարության որոշում,-ասել  է նա։

Ըստ Նադեժդա Սարգսայնի՝ դեռ հրաման էլ չկա, ու անհայտ է, թե ով է լինելու տնօրենը, ինչպես է այդ ամենը ձևակերպվելու։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ որպես իրավահաջորդ նշվում է հենց Մշակույթի պետական քոլեջի անունը՝ նա ասել է, թե դրա պատճառն այն է, որ 40 տարվա քոլեջ է ու ավելի շատ բաժիններ ունի։

-Մինչև Նադեժդա Սարգսյանը, քանի՜ տնօրեններ են փոխվել։ Բալանսով, ամեն ինչով շենքը պատկանում է Մշակույթի պետական քոլեջին, և իրավահաջորդ է գնացել։ Ես կարող եմ ասել, որ ցանկացած տնօրեն, որ միավորումով պիտի լինի, ավելի պատասխանատվության տակ է ընկնում։ Սա ո՛չ հարստություն են ինձ տալիս, ո՛չ էլ... ավելի շատ  գլխացավանք է,-նշել է Նադեժդա Սարգսյանը։

Հարցին, թե կընդունի՞ այն առաջարկը և կմիանա՞ արդյոք Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի անձնակազմին՝ դիմել կառավարությունն ու դեմ կանգնել այդ որոշմանը, Նադեժդա Սարգսյանը պատասխանել է, թե եթե կառավարության որոշում կա, ոչ մեկը չպետք է դեմ կանգնի։

-Պետք է մի քիչ օրենքներ հարգել։ Եթե որոշեին՝ մե՛նք միանանք, կմիանայինք, ինչո՞ւ չէինք միանա։ Մենք ո՞վ ենք։ Մենք ընդամենը աշխատող ենք ու պետք է կարգին աշախատենք։ Համենայնդեպս, ես իմ քոլեջը որակով պահել եմ։ Մեր գործունեությունը բարձրորակ է եղել ու պետք է պահել այդպես։ Մի բան էլ ասեմ։ Լավ չի՞ լինի՝ մի օրինակելի բան լինի, կապ չունի՝ ե՞ս եմ տնօրենը, թե՞ մեկ ուրիշը։ Թող մի հատ օրինակելին լինի, ու նաև վերանորոգենք, այս անենք, այն անենք։ Վերջապես՝ միակ մշակութային քոլեջն է,-ընդգծել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը