Տնտեսական

16.06.2009 15:16


Թաթուլ Մանասերյան. «Ցանկացած բիզնեսում հարկային մարմնի ներկայացուցիչ ներդնելը որևէ մեկի սրտով լինել չի կարող»

Թաթուլ Մանասերյան. «Ցանկացած բիզնեսում հարկային մարմնի ներկայացուցիչ ներդնելը որևէ մեկի սրտով լինել չի կարող»

«Փաստարկ» ակումբում կարևորելով կառավարության ներկայացրած հարկային փաթեթը՝ ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասել է, որ նրանից դժգոհությունն առաջացել է այն պատճառով, որ խոշոր բիզնեսին դա ակամա կարող էր սպառնալիք լինել։

-Հարկային մարմնի ներկայացուցիչ ցանկացած բիզնեսում  ներդնելը որևէ մեկի սրտով լինել չի կարող։ Մենք ուրիշ խնդիր ունենք. խնդիրը վերաբերում է փաստաթղթաշրջանառությանը։ Գաղտնիք չէ, որ խոշոր բիզնեսը, մեծ մասամբ և չնչին բացառությամբ, փաստաթղթեր չի տրամադրում, ինչը նպաստում է ստվերի կրկնապատկմանը։ Երբ մենք ուզում ենք փակել շղթան և հաշվառելի դարձնել ամբողջ տնտեսությունը, պետք է ոչ միայն գնանք տոնավաճառներ, փոքր և միջին բիզնեսին հորդորենք, որ ամեն ինչ հաշվառելի լինի, այլ տեսնենք՝ խոշոր բիզնեսն արդյոք այդ շղթայի մեջ իր դերակատարությունն ունի՞, և այդ պարտավորությունները կատարո՞ւմ է։ Ցավոք՝ ոչ,- ասել է նա։

Տնտեսագետի կարծիքով՝ ցանկացած օրինագիծ պետք է ներկայացվի հստակ հիմնավորմամբ, այսինքն պետք է հստակ ամրագրվի, թե որտեղի՞ց և հատկապես ումի՞ց որքա՞ն գումար է ակնկալվում բերել պետական բյուջե։

Անդրադառնալով ՀԴՄ-ների կիրառմանը՝ Թաթուլ Մանասերյանն ասել է, որ դրանք հիմարություն չի համարում, սակայն դեմ է կոշտ վարչարարությանը, քանի դեռ խոշոր բիզնեսն այդ վարչարարության անգամ 1%-ին չի ենթարկվում.

-Ես միշտ կողմնակից եմ, որ տնտեսությունը լինի հաշվառելի։ Թող դա լինի ոչ թե ՀԴՄ-ներով, այլ փաստաթղթերով։ Այսինքն, այդ աստիճան պետք չէ ճնշել և փակել փոքր ձեռներեցների թթվածինը։ Սակայն այս ամենը ես դիտարկում եմ ժամանակավոր, քանի դեռ խոշոր բիզնեսն այդ դաշտում չէ։

Ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմագրավելու հնարավորությունների մասին խոսելիս Թաթուլ Մանասերյանը նշել է, որ ինքը հստակ տեսնում է ոչ միայն առողջացման, այլ նաև աճի տեմպերը տասնապատիկ ավելացնելու ճանապարհները։

-Հայաստանը միանշանակ կարող է դիմակայել ճգնաժամին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ո՞վ է ծրագիր մշակում, ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում շահառուները, ի՞նչ թափանցիկությամբ են որոշումներ կայացվում և այլն։

Տնտեսագետի կարծիքով՝ Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է զարգանա սեփական օրինաչափություններով։

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը