Աշխարհ

21.11.2012 18:22


Ի՞նչ է պլանավորում Իվանիշվիլին Ջավախքում ու ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը

Ի՞նչ է պլանավորում Իվանիշվիլին Ջավախքում ու ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը

Վրաստանի նորընտիր խորհրդարանում ընդունեցին, որ Վրաստանի նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիի ղեկավարած ռեժիմը քաղաքական դրդապատճառներով էր քրեական հետապնդում հայտարարել ու դատապարտել հայ քաղաքական գործիչներին:

Ինչպես արդեն ավելի վաղ գրել էր Zham.am-ը, քաղբանտարկյալ ճանաչված 184 անձանց թվում է ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, ով շինծու մեղադրանքներով 2009թ. ապրիլի 7-ին դատապարտվել էր վրացական դատարանի կողմից 10 տարվա ազատազրկման՝ ջավախքահայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իր քաղաքական գործունեության համար: Աջարիայի հայ համայնքի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալն էլ 2010թ.-ի վերջին ձերբակալվել էին՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար, սակայն իրականում Սահակաշվիլին ուղղակի չներեց Արմեն Գևորգյանին՝ իր ռեժիմի ձեռքով տապալված Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի հետ կապեր պահպանելու համար: Նրանց անունները ևս առկա են քաղբանտարկյալ հայտարարված մարդկանց ցուցակում: Այժմ նրանց բոլորի գործերը կվերանայվեն, իսկ մինչ այդ այս հայ գործիչները ազատ կարձակվեն:

Շուտով կփակվի նաև Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր (1995-ից 2008թթ.), Ջավախքում «Վրացական երազանք» կոալիցիայի շտաբ բացելու համար արագորեն սարքված գործով հեռակա 6 տարվա ազատազրկման դատապարտված ու այժմ հետախուզման մեջ գտնվող Մելիք Ռաիսյանի քրեական գործը:Սահակաշվիլիի ռեժիմը այս գործչին սկսեց հետապնդել Բիձինա Իվանիշվիլիի կողմն անցնելու ու Ջավախքում բնակչությանը քաղաքականապես ակտիվացնելու փորձերի համար, իսկ հետո էլ ձերբակալեց նաև նրա մտերիմներից Գեորգի Մխչյանին:

Ի՞նչ կհաջորդի քրգործերի վերանայմանը Ջավախքում

Այսպիսով, Վրաստանի նոր իշխանությունները կատարեցին իրենց ավելի վաղ տված խոստումները՝ վերանայելու քաղաքական նպատակներով հետապնդման ենթարկված մարդկանց գործերը: Ընդ որում՝ ոչ միայն ազատ կարձակվեն հայ գործիչները, այլև, ըստ Zham.am-ի ունեցած տեղեկությունների, Ջավախքում բավականին մեծ հեղինակություն վայելող Մելիք Ռաիսյանը տեղական վարչական համակարգում լուրջ դերակատարություն է ստանձնելու, ինչը էապես կնպաստի ջավախահայության խնդիրների լուծմանը:Ավելին, հայտնի փաստ է, որ Սահակաշվիլիի օրոք Ջավախքում քաղաքական հետապնդումների ու բնակչությանը վախի մթնոլորտում պահելուն ուղղված համակարգ էր ձևավորվել՝ հենց հայկական ազգանուն կրող մարդկանց ակտիվ ներգրավվածությամբ: Ու այդ մարդկանցից մեկը`Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը, Սահակաշվիլիի ղեկավարած կուսակցության ցուցակով սարսափելի կեղծիքների արդյունքում ընտրվել է պատգամավոր հենց Ախալքալաքից` ներկայացնելու…հայ ազգաբնակչության շահերը: Ֆորմալ առումով Վրաստանի խորհրդարանում այս պահին հայությանը 3 ներկայացնողներից է նաև մեղմ ասած իր հայանպաստ գործունեությամբ աչքի չընկնող ու Սահակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ցուցակով Նինոծմինդայից առաջադրված տեղական օլիգարխ Հենզել Մկոյանը, ով անմիջապես լքեց խմբակցությունը դրա` ընդդիմություն դառնալուց անմիջապես հետո: Եվ այժմ Իվանիշվիլիի ղեկավարած կառավարությունը պատրաստվում է ետ կանչել Սահակաշվիլիի`իրենց արատավոր վարքագծով աչքի ընկած այս կադրերին: Ախալքալաքից պատգամավոր է դառնալու ջավախահայության շրջանում իր ակտիվ հայանպաստ գործունեությամբ հայտնի Նորիկ Կարապետյանը, ում հայտարարեցին պարտված՝ թեկնածու Սամվել Պետրոսյանի հետ մրցակցության արդյունքում: Իրականում նա պարտվել է ոչ թե բնակչության ձայները չստանալու, այլ տեղի ունեցած ընտրակեղծիքների պատճառով:

Սա նշանակում է, որ Վրաստանի նոր իշխանությունները հասկանում են Ջավախքում առողջ միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը, ինչն էապես կնպաստի տեղի հայության կենսագործունեության նորմալ պայմանների ստեղծմանն ու ահագնացող արտագաղթի տեմպերի նվազմանը:

Եվ խնդիրը միայն սպասվող վարչական փոփոխությունները չեն: Սահակաշվիլիի օրոք ու ակտիվ աջակցությամբ վերջին 4-5 տարիների ընթացքում Ջավախքում բոլոր տենդերները թուրքական ու ադրբեջանական ընկերություններն էին շահում. մոտ 3 մլրդ դոլարի ներդրում են արել: Թուրքիայի ներդրումներով տեղում հէկ-եր են կառուցվում, իսկ Ադրբեջանը ֆինանսավորում է Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթգծի վրացական հատվածի շինարարությունը: Արդյունքում տեղի հայ բնակչությունը շինարարական աշխատանքներում էլ ներգրավված չէր. ստիպված թողում էր հայրենի տունն ու հեռանում: Ջավախքի թուրքականացումը ոչ միայն նշանակում է տեղի հայության ակտիվ արտագաղթ, ինչը նաև տարիներ անց կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի հաստատման հարցում, այլև Թուրքիայի ու Ադրբեջանի մոնոպոլ դիրքերի հաստատումն ու Վրաստանի հարավի մահմեդականացումը կարող են լուրջ վտանգ դառնալ Վրաստանի ազգային շահերի տեսանկյունից /Թուրքիան տնտեսական էքսպանսայի է ենթարկում Աջարիան, իսկ Բորչալուն ադրբեջանականացվում է/: Վրաստանի նոր իշխանությունները, ըստ արդեն իսկ տրվող մեսիջների, չեն պատրաստվում թույլ տալ, որ անարգել շարունակվի թուրք-ադրբեջանական առաջխաղացումը Ջավախքում`հասկանալով վերահաս վտանգներն ու պատրաստվում են որոշակի փոփոխություններ մտցնել Վրաստանի զարգացման ուղենշում:

Պատահական չէ՝ որպես առաջանահերթություն, Իվանիշվիլին հայտարարեց ռուս-վրացական հարաբերությունների բարելավման իր նպատակադրության մասին ու առաջին հերթին շեշտեց տնտեսական համագործակցության ու Վրաստանի` ռուսական շուկա վերադառնալու անհրաժեշտությունը: Ռուսաստանի հետ Վրաստանի կապերի խզված մնալու պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը ամեն ինչ անելու են ստեղծված իրավիճակից օգտվելու համար, ինչի արդյունքում Վրաստանի էներգետիկ ու տնտեսական կախվածությունը այս երկրներից շարունակելու է աճել: Այս պահի դրությամբ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը Վրաստանում 2-րդ ամենախոշոր հարկատուն է. ընկերությունը վերահսկում է Վրաստանի բենզինի շուկայի 72 եւ դիզելային վառելիքի շուկայի 61 տոկոսը:Ադրբեջանի նավթային ընկերությունը ամբողջությամբ գնել է նաև ռուսական ИТЕРА-Грузия ընկերության բաժնետոմսերը` դառնալով Վրաստանի բնակիչներին գազ մատակարարող խոշորագույն ընկերությունը, իսկ սա չի կարող տագնապի տեղիք չտալ:

Ընդ որում՝ նկատենք նաև, որ ադրբեջանցիները վերջերս աղմուկ էին բարձրացրել Վրաստանի նոր իշխանությունների`Աբխազիայի տարածքով ռուս-վրացական երկաթուղային կապի վերագործարկման Վրաստանի նոր իշխանությունների պլանների հրապարակումից հետո: Երկաթուղու վերագործարկումը որոշ չափով թույլ կտա հաղթահարել թուրք-ադրբեջանական տնտեսական շրջափակումը ու ուղղակի կկապի Հայաստանին ու Ռուսաստանին: Ադրբեջանցի գործիչների ու քաղաքագետների նյարդային մեկնաբանություններին ի պատասխան`Վրաստանի վերամիավորման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեաշվիլին նկատեց. «Ադրբեջանցի քաղաքագետները չեն, որ պետք է որոշեն՝ վերականգնել Աբխազիայով երկաթուղային կապը Ռուսաստանի հետ, թե ոչ»:  Նա նաև շեշտեց, որ սա առաջին հերթին Վրաստանի շահերից է բխում: Նախկին նախարար Գրիգոլ Վաշաձեն պնդում էր ճիշտ հակառակը`հայտարարելով, որ երկաթուղին պետք է Ռուսաստանին ու Հայաստանին, սակայն հարց է`արդյոք այն պետք է նաև Վրաստանին: Սա առնվազն մեսիջ է, որ Վրաստանի նոր ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում՝ հավասարակշռելու ու նորովի կառուցելու իր հարաբերությունները հարևանների հետ, զսպելու Ադրբեջանի ու Թուրքիայի անարգել առաջխաղացումը Վրաստան:

Ինչպե՞ս է արձագանքում Հայաստանը 

Սակայն, որքան էլ որ կառուցողական տրամադրված լինի Վրաստանի նոր ղեկավարությունը ու նրա քաղաքականությունը որոշակիորեն համընկնի հայության շահերի հետ, պետք է հիշել, որ Վրաստանի նոր քաղաքական վերնախավը միատարր չէ. ցանկալիին հասնելու համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցություն ու աշխատանք Վրաստանի քաղաքական տարբեր շրջանակների հետ:Ադրբեջանում սա շատ լավ են հասկանում. այս երկիրը տարբեր ոլորտներում ակտիվ լոբբինգ է իրականացնում`իր շահերն առաջ տանելու համար: SOCAR-ի ղեկավարն արդեն հասցրել է Իվանիշվիլիի հետ երկու անգամ հանդիպում ունենալ` իր տնտեսական շահերը երաշխավորելու համար, Իվանիշվիլիի ամենաազդեցիկ խորհրդականներից մեկը ադրբեջանական լոբբինգի ուղղակի ներկայացուցիչ է` SOCAR-ի նախկին մենեջերը:Իսկ Հայաստանը բացի նոր իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին հերթապահ հայտարարությունից, որևէ նշանակալի քայլ չի արել:Այսպես ասած «աշխատանքային» արձագանքի ակնհայտ բացակայությունը ցցուն օրինակ է, որ ՀՀ իշխանություններն ու նրանց սպասարկող ԶԼՄ-ները ներքաղաքական ինտրիգներ սարքելուց դուրս բացարձակ ոչնչով հետաքրքրված չեն: Կարելի է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները զրո քաղաքականություն են վարում Վրաստանի նկատմամբ, այնինչ այս երկրի հետ կապերն ու հարաբերությունները ուղղակի կապված են Հայաստանի կենսական շահերի հետ ինչպես ջավախահայության իրավունքների, այնպես էլ Հայաստանի արտաքին ճանապարհների ու ազգային անվտանգության տեսանկյունից:

 Աստղիկ Խաչատրյան

Աղբյուրը՝ http://zham.am/index.php?lid=am&pageName=lrahos&id=658726497 

Այս խորագրի վերջին նյութերը