Լրահոս

20.11.2012 10:11


Ոստիկանության պարզաբանումը

Ոստիկանության պարզաբանումը
Օրեր առաջ թերթերից մեկում հրապարակայնորեն, բաց նամակով ոստիկանության պետին դիմած 57-ամյա կինը, շարադրել էր մի պատմություն, որտեղ ներկայացնում էր ոստիկանության աշխատակիցների, իր կարծիքով, անօրինական գործողությունները հարսի նկատմամբ: Հրապարակման վերնագրի հեգնական տոնը` «Այսպիսի «ինտելեկտուալ» ոստիկաններ», գուցե, խոսքի ազատության տեսանկյունից կարելի էր ընդունելի համարել, հոդվածում հնչող մտահոգությունն էլ` հետին մտքերից զուրկ, քանի որ նպատակը արդարացված է թվում: Նամակագիրը նշում է նպատակը, մեջբերենք. «…հուսալով, որ արդարությունը կվերականգնվի»: Սակայն հրապարակային, ազատ խոսքի սահմանադրական իրավունքի իրացումը նաև, պատասխանատվություն է ենթադրում նույն հասարակության առաջ, այլապես դժվար է նշմարել` որտեղ է ավարտվում ժողովրդավարական արժեքների համակարգը ու որտեղից է սկսվում ամենաթողությունը, անպատասխանատու, ապրիորի, ուրիշների պատիվն ու արժանապատվությունը վիրավորող զազրախոսությունը: 
Դիմենք փաստերին: Նամակագիր Արուսյակ Խաչատրյանի հարսին` 31-ամյա Ալլա Մախովային, ոստիկանները բերման են ենթարկել օգոստոսի վերջին, զգալի չափի ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով: Ի դեպ, մտահոգ սկեսուրը «մոռացել» է նամակում նշել, որ իր հարսն արդեն մեկ անգամ հասցրել էր դատապարտվել թմրադեղեր պահելու և օգտագործելու համար: 2009-ին Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Ալլա Մախովայի նկատմամբ մեղադրական դատավճիռ էր կայացրել: Այսօր Մախովան կասկածվում է նաև թմրադեղ իրացնելու մեջ: Նրա ամուսինը` Արթուր Պետրոսյանը կալանավայրում է արդեն 6 տարի և ըստ նախաքննությամբ ձեռք բերված փաստերի` հեռահար թմրաշրջանառություն է կազմակերպել կնոջ և ընկերների միջոցով: Նրա մայրն, իհարկե, այս մասին չի հիշատակել բաց նամակում, փոխարենը` մեղադրել է ոստիկաններին` գործ սարքելու մեջ և իր «հուսահատ զարմանքը» հայտնել: Ուստի թույլատրելիի սահմաններում բացենք որոշ փակագծեր, որոշ` որովհետև նախաքննությունը դեռ ընթացքի մեջ է:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ներկայումս քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող «Տուրո» մականունով Արթուր Պետրոսյանը, առայժմ անհայտ ճանապարհով ձեռք բերած զգալի չափի «սուբուտեքս» տեսակի հաբերը պահել է իր տանը, կնոջ` Ալլա Մախովայի մոտ: Իրացումն իրականացրել է միշտ երրորդ, երբեմն նաև չորրորդ անձի միջոցով: Օգոստոսի 21-ի երեկոյան իր վարած տաքսի ավտոմեքենայով բերման ենթարկված Սահակ Սահակյանը սուբուտեքսի հաբերը վաճառողից գնորդին հասցնող երրորդ-չորրորդ օղակներից էր:
 Դեղահաբը Սահակյանին 51 հազար դրամով իրացնողը Ալբերտ Հակոբյանն էր, որը, փաստորեն, դատապարտյալ «Տուրոյի» հիմնական կապավորն ու իրացնողն էր եղել: 
      Հենց Ալբերտն է տաքսու վարորդին ճանապարհելուց հետո ևս մեկ դեղահաբ իրացրել մեկ այլ անձի: Րոպեներ հետո ոստիկանների պահանջով ներկայացվել է ևս երեք դեղահաբ` Տուրոյի բնակարանից: 
Ավելին, ԹԱՇԴՊՎ աշխատակիցները կանխել են սուբուտեքսի բավական մեծ խմբաքանակի իրացման Ալբերտ-Ալլա զույգի մի փորձ ևս: Պլաստիկ սրվակով 5 դեղահաբ նրանք թաքցրել էին մայրաքաղաքի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող «Իդեալ» խանութի հետնամասում, աղբի մեջ: Պատվիրատուն վերցնելով թմրամիջոցը` պիտի գումարը թողներ նույն վայրում: Առայժմ անհայտ գնորդն այդպես էլ չի հայտնվել, իսկ իրավապահները զննությամբ հայտնաբերել և առգրավել են այս չափաբաժինը ևս:
Նախապատրաստած նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչություն: Ալբերտ Հակոբյանն ու Ալլա Մախովան կալանավորվել են: Հարուցված քրեական գործի նախաքննությունն ընթացքի մեջ է: Ոստիկանները շարունակում են միջոցառումները թմրանյութի աղբյուրը և անօրինական շրջանառության հնարավոր այլ օղակներ հայտնաբերելու ուղղությամբ:
 Ի դեպ, կատարվածից ամիսներ անց  57-ամյա կինը վերջապես «մտաբերել» և բաց նամակում գրել է, որ իր տուն ոստիկանների այցելությունից հետո, բնակարանից անհետացել է, ինչպես ինքն է ասում, կյանքի ընթացքում կուտակած ոսկեղենը: Ծառայական քննությամբ ստուգվել և չի հիմնավորվել այս մեղադրանքի իսկությունը:
Հետևությունները թողնում ենք ձեզ, մի հռետորական հարց էլ մեր կողմից ուղղելով Արթուր Պետրոսյանի մայրիկին: Հնարավոր բոլոր ատյաններին մեղադրանքներ ներկայացնելուց առաջ գուցե ինքներդ Ձեզ հարց տաք` ինչպես է ստացվում, որ ամիսներ շարունակ Ձեր բնակարանը բառի բուն իմաստով թմրապահեստի վերածած հարազատ որդու և հարսի գործունեությունը վրիպել է Ձեր ուշադրությունից:
 

Այս խորագրի վերջին նյութերը