Հարցազրույց

08.11.2012 16:09


Երվանդ Բոզոյան.

Երվանդ Բոզոյան.

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հարցազրույցը ARMENIA Today լրատվական գործակալությանը:

 -Վերջին շրջանում խոսակցություններ են պտտվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հակված է պաշտպանելու գործող նախագահին: Ըստ Ձեզ նման բան հնարավո՞ր է ու ի՞նչ հետևանքներ կարող են լինել դրա արդյունքում:

 -Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ նման տեղեկատվության արտահոսք արվում է իշխանության որոշակի շրջանակների կողմից: Նման արտահոսքերի պատճառն այն է, որ գործող նախագահի շրջապատը խիստ անհանգստացած է Ծառուկյանի վարկանիշի աճով: Նրանք հասկանում են, որ եթե Ծառուկյանին դուրս բերեն խաղից, ապա բոլոր ճանապարհները կբացվեն Սերժ Սարգսյանի առաջ ու սպասվող ընտրությունների ժամանակ նրա համար ոչ մի լուրջ խնդիր չի ծագի: Այսինքն այդ կերպ նրանք ուզում են հասնել իրենց առջև դրված նպատակին:

Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա նա շատ զգուշավոր գործիչ է: Նա նախագահին առաջարկում է հետևյալ տարբերակը` գործադիր իշխանությունը փոխանցվում է Ծառուկյանին ու նրա թիմին, նրանք ձևավորում են կոալիցիա, որի մեջ կմտնեն բոլոր խորհրդարական ուժերը, իսկ նախագահի լիազորությունները սահմանափակվում են: Եթե Սերժ Սարգսյանը ընդունի այդ առաջարկը, ապա հասարակության ներսում կձևավորվի կոնսենսուս, ու այս ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կդառնան վերջին նախագահական ընտրությունները, քանի որ Հայաստանը, ենթադրաբար, կանցնի կառավարման խորհրդարանական ձևի: Բնականաբար, գործող նախագահը նման առաջարակին չի համաձայնում ու առաջ է քաշում իր տարբերակը`Ծառուկյանին ու նրա թիմի անդամներին տալ որոշակի պաշտոններ, իսկ վարչապետ նշանակել կոմպրոմիսային մի անձնավորության, որին կառաջարկի Սերժ Սարգսյանը: Այս տարբերակն էլ, բնականաբար, ընդունելի չէ Ծառուկյանի համար:

Ծառուկյանը ևս մեկ առաջարկ ունի`եթե կողմերը համաձայնության չեն գալիս, ապա յուրաքանչյուր ուժ ինքնուրույն է մասնակցում ընտրություններին: Այսինքն առկա է գործընթացների զարգացման 3 առաջարկ, սակայն Սերժ Սարգսյանի շրջապատը ներկայացնում է միայն մեկը` փորձելով տպավորություն ստեղծել, թե գոյություն ունի քննարկվող միայն մեկ առաջարկ:

Այս ամենի ֆոնին, ես ոչ կոռեկտ եմ համարում քննարկել, թե արդյոք Ծառուկյանը կպատշպանի գործող նախագահի թեկնածությունը, քանի որ քննարկումներն այլ տրամաբանությամբ են ընթանում: Բնական է, որ եթե Ծառուկյանը համաձայնի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը այն պայմաններով, որոնք առաջարկում են իշխանական շրջանակները, ապա միանգամից նրա հեղինակությունը կընկնի, իսկ ԲՀԿ-ն չի տարբերվի “Օրինաց երկիր” կուսակցությունից: Այսինքն դա կլինի քաղաքական ինքնասպանություն: 

 -Իսկ ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի հանգուցալուծումը: Դուք նշեցիք, որ կա իրադարձությունների զարգացման երեք տարբերակ ու երեք առաջարկ. դրանցից ո՞ր մեկը կկիրառվի:

 -Ես կարծում եմ, որ կողմերը կոմպրոմիսի չեն հասնի, ու երկու կուսակցությունները նախագահական ընտրություններին կմասնակցեն ինքնուրույն, ինչպես դա եղավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ: 

 -Ո՞վ կդառնա  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն: Այս պահին երկու պոտենցիալ թեկնածուների անուններ են շոշափվում`Գագիկ Ծառուկյան ու Վարդան Օսկանյան:

 -Ես կարծում եմ, որ երկու թեկնածուներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Այս պահին ԲՀԿ-ի կուսակցական էլիտան քննարկում է այդ պլյուսներն ու մինուսները: Ես կարծում եմ, որ ժամանակը կգա, ու նրանք վերջնական որոշում կկայացնեն: Իմ կարծիքով`ով էլ ձեր նշած թեկնածուներից առաջադրվի, նա կդառնա գործող նախագահի գլխավոր մրցակիցը: Այդ պատճառով ես կարծում եմ, որ այդքան էլ կարևոր չէ` ով ԲՀԿ-ից կառաջադրվի որպես նախագահի թեկնածու: Ակնհայտ է, որ նրանցից յուրաքանչյուրը ուժեղ թեկնածու կլինի:

 -Դուք նշեցիք, որ հենց ԲՀԿ թեկնածուն կլինի Սերժ Սարգսյանի գլխավոր  մրցակիցը: Իսկ ո՞րն է լինելու ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցության դերակատարությունը, որի լիդերը արդեն հայտարարել է նախագահի թեկնածու առաջադրվելու մասին:

 -Ես կարծում եմ, որ ԲՀԿ թեկնածուի առաջադրման պարագայում կառաջանա այնպիսի միջավայր, որի պայմաններում ՀԱԿ-ն ու ՀՅ Դաշնակցությունը ուղղակի կամ անուղղակի կպաշտպանեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին: Այսինքն կստեղծվի համախմբման միջավայր, որը կփոխի իրավիճակը հասարակության ներսում ու կառավարման համակարգի փոփոխման անհրաժեշտության պատկերացում կձևավորվի: Կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ու բացառված չէ, որ ԲՀԿ թեկնածուն ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միասին սահմանադրական բարեփոխումների առաջարկ անի: Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցության գործոնին, ապա ես կարծում եմ, որ այդ ուժը կունենա իր դերակատարությունը հասարակության մեջ: Միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր դեմ կլինեն ինչպես գործող նախագահին, այնպես էլ ԲՀԿ թեկնածուին, ու նրանք կդառնան Րաֆֆի Հովհաննիսյանի էլեկտորատի հիմնական մասը: Սակայն ես կարծում եմ, որ Հովհաննիսյանի դերակատարությունը սպասվող ընտրություններում ֆոնային կլինի:

 -Մի քիչ խոսենք այլ խնդիրներից: Ըստ Ձեզ, ի՞նչ արտաքին քաղաքականություն է վարում ներկայիս նախագահը: Նա ավելի շատ կողմնորոշված է դեպի Արևմո՞ւտք,  թե՞ Ռուսաստան:

 -Ես կարծում եմ, որ վերջին 20 տարիներին Հայաստանը վարել է փոխլրացնող արտաքին քաղաքականություն: Այսինքն, Հայաստանը ձգտել է հաստատել փոխարդյունավետ հարաբերություններ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ: Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին արտաքին քաղաքականությունում առանձնապես փոփոխություններ չեն եղել: Այլ  հարց է, որ արտաքին քաղաքականությունը պետք է նախաձեռնողական լինի: Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին նման նախաձեռնողականություն չի եղել. այն առաջ եկավ միայն Սերժ Սարգսյանի օրոք, սակայն բացասական իմաստով:  Ես նկատի ունեմ ֆուտբոլային դիվանագիտությունը, որի արդյունքում Թուրքիայի հետ հարաբերությունները ոչ միայն  չլավացան, այլ ընդհակառակը` վատացան: Երբ ես խոսում եմ նախաձեռնողականության մասին, ապա նկատի ունեմ Հայաստանի ակտիվությունը ոչ միայն ղարաբաղյան կոնֆլիկտին վերաբերող հարցերում, այլև շատ այլ հարցերում: Այսնիքն, այսօր խոսել այն մասին, որ ինչ-որ մեկը արևմտամետ է, կամ ռուսամետ, դա ուղղակի սպեկուլացիա կլինի: Հայաստանի արտաքին քաղաքականությունը միշտ կոմպլեմենտար է եղել, ու դա ճիշտ է:

 -Կոնկրետացնեմ հարցս. Սերժ Սարգսյանի կառավարաման տարիներին Հայաստանի վրա ուժեղացել է Ռուսաստանի՞, թե՞ Արևմուտքի ազդեցությունը:

-Ռուսաստանի ազդեցությունն աճել է, սակայն ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը ռուսամետ գործիչ է: Այս շրջանում Հայաստանը թուլացել է, իսկ նման պայմաններում պետության կախվածությունը արտաքին ուժերից միշտ աճում է:

Օրինակ բերեմ. Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները այն հույսով, որ հայ-թուրքական սահմանը կբացվի, նոր էջ կսկսվի հայ-թուրքական հարաբերություններում, ու ինքը պատմության մեջ կմտնի որպես դրական գործիչ: Սակայն մենք զգուշացնում էինք, որ նման պայմաններում Թուրքիան ոչ միայն չի բացի սահմանները, այլև կուժեղացնի ճնշումը Հայաստանի վրա ղարաբաղյան հարցում, այդ թվում միջազգային կառույցներում, ինչի արդյունքում կուժեղանան Ադրբեջանի դիրքերը: Այդպես էլ եղավ: Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ու լկտիության հասնող սադրանքների, Հայաստանի թուլացման ֆոնին աճեց Հայաստանի կախվածությունը ռուսական անվտանգության համակարգից: Այսինքն, Սերժ Սարգսյկանի արտաքին քաղաքականության օբեյկտիվ ու տրամաբանական արդյունք դարձավ Ռուսաստանից կախվածության մեծացումը: Նա դրան չէր ձգտում, ուղղակի այդպես եղավ: Սերժ Սարգսյանին հնարավոր չէ համարել ռուսամետ գործիչ, դա արդար չէր լինի:

 -Նման պայմաններում հնարավո՞ր է՝ Արևմուտքը միջամտի Հայաստանի ներքաղաքական  գործընթացներին` իր ազդեցությունն ուժեղացնելու ու իր դրածոյին հաստատելու համար` խանգարելով Սերժ Սարգսյանի վերընտրմանը:

 -Ես ոչ կոռեկտ եմ համարում «դրածո» տերմինը, դրածոները նախագահ չեն դառնում: Ես կարծում եմ, որ Արևմուտքը, ինչպես և ԱՄՆ-ը, հետաքրքրված են նրանում, որ Հայաստանում ընտրություններն անցնեն ժողովրդավարության չափանիշներին համաձայն, նախագահ դառնա նորմալ մարդ, որը երկրում իրավիճակը կբարելավի: Նրանք շարժվում են տրամաբանությամբ, որ երկրում ինչքան լավ լինի վիճակը, այնքան բարձր կլինի նրանց կշիռը մեր երկրում: Պարզունակ, գավառական մոտեցումները, թե Հայաստանում պիտի իշխանության գա մարդ, որն անպայման պետք է փնովի Ռուսաստանին ու դրանով արևմտամետ գործչի իմիջ ձեռքի բերի, օբյեկտիովերն հիմնավորված չեն: Արևմուտքում շատ լավ հասկանում են, որ ինչքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ավելի քիչ կախված կլինի Ռուսաստանից, ու այնքան ավելի ակտիվ կհամագործակցի արևմտյան կառույցների հետ: Ես կարծում եմ, որ այլընտրանքային թեկնածուն լավ իմաստով կարող է  փոխել իրավիճակը Հայաստանում, ինչը բխում է ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Արևմուտքի  շահերից: Սակայն արժե նշել նաև, որ այդ շահերը չեն հակասում Ռուսաստանի շահերին, որին ևս ձեռնտու չէ Հայաստանի խիստ թուլացումը, հատկապես, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Թվարկված փաստարկները հաշվի առնելով`կարող ենք ասել, որ Հայաստանի գործող նախագահը կորցրել է իր հետաքրքրությունը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի համար, քանի որ նա ցույց տվեց, որ արդյունավետ գործող ղեկավար չէ. նրա կառավարման շրջանում Հայաստանը հայտվեց ծանր դրության մեջ:

 -Այսինքն ըստ Ձեզ արտաքին ուժերը կարո՞ղ են խանգարել նախագահի վերընտրմանը:

 -Ես չեմ կարծում, որ արտաքին ուժերը կարող են արհեստական խոչընդոտներ ստեղծել: Չեմ կարծում եմ, որ նման պրակտիկա ընդհանրապես կա: Խոչընդոտներ ստեղծում են միայն այն դեպքում, երբ տվյալ մարդը Արևմուտքում "persona non grata" է հայտարարվում, ինչպես օրինակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կամ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեպքում: Ես չեմ կարծում, որ Հայաստանում կան այնպիսի գործիչներ, որի համար կարող են նման խոչընդոտներ ստեղծել. նման պրակտիկա երբեք չի եղել ու չի լինի:

Այս խորագրի վերջին նյութերը