Հարցազրույց

07.11.2012 16:08


Էլինար Վարդանյան.

Էլինար Վարդանյան.

«7 օրի» հարցերին պատասխանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը։

-Երեկ Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու վերաբերյալ հայտարարությամբ: Դա տիկին Զոհրաբյանի անձնակա՞ն կարծիքն է, թե՞ կուսակցության դիրքորոշումը:

 -Նաիրա Զոհրաբյանի երեկվա հայտարարությունը արտահայտում է  կուսակցության դիրքորոշումը: Այն ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում և խմբակցությունում այդ հարցի շուրջ ունեցած քննարկումների արդյունքում ձևավորված մթնոլորտը։ Հայտարարության տեքստի հետ մենք արդեն իսկ ծանոթ ենք եղել մինչ դրա հրապարակումը: Այսպիսի լուրջ հայտարարությունները որպես սեփական կարծիք չեն հնչեցվում:

- Կարծիք կա, որ հայտարարությունում տեղ գտած օրակարգային հարցերը ամբողջական չեն, թերի են:

- Իհարկե՝ ամբողջական  չեն: Ու նաև դրա համար էլ կա քաղաքական կոնսուլտացիաների անհրաժեշտություն: Ներկայացված օրակարգային հարցերը ամբողջությամբ չեն ընդգրկում երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Այդ իսկ պատճառով է ԲՀԿ–ն հայտարարում, որ սկսում է խորհրդակցություններ քաղաքական ուժերի հետ այս գաղափարի շուրջ համախմբվելու վերաբերյալ, որն էլ իր հերթին ենթադրում է օրակարգային հարցերի շրջանակներում այդ քաղաքական ուժերի կողմից ներկայացված առաջարկությունների ընդգրկում: Պետք է նշեմ նաև, որ մեր կողմից օրակարգում ներկայացված հարցերը ընդգրկուն են և ունեն բազմաթիվ ենթահարցեր, որոնք բացելու, մանրամասնելու անհրաժեշտություն ևս կա: Մասնավորապես, ես ինքս ունեմ առաջարկ օրակագում ընդգրկել երկրում օր առաջ  արդարության և օրինականության վերականգնման ուղղությամբ քայլեր կատարելու, այս ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցերը:  Մարդիկ հոգնել են ամեն քայլափոխի  խեղդող անարդարությունից: Մեր երկրից մարդիկ հեռանում են նաև այդ պատճառով: Ես, որպես ԲՀԿ-ական պատգամավոր, պատրաստ եմ ներկայացնել առաջարկներ և տարբեր ուժերի համար ընդունելի մոտեցումներ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը