Հարցազրույց

10.10.2012 16:32


Հովհաննես Իշխանյան

Հովհաննես Իշխանյան

Հարցազրույց արձակագիր Հովհաննես Իշխանյանի հետ

–Հայաստանյան ներկայիս ներքաղաքական իրավիճակը ինչի՞ հետ կհամեմատեք։

–Ներքաղաքական իրավիճակում վերևից փոփոխության ակնկալիքներ վաղուց արդեն չկան: Ներքևից հասարակական նախաձեռնություններն ավելի շատ են քաղաքականություն վարում, քան նրանք, ովքեր պարտավոր են այդ անել: Իշխանությունը ճահճի պես բան է դարձել, նստում է մի տեղ, հետո մի հատ խումբ է ձևավորում, էներգիա է ծախսում, քշում է էդտեղից, իսկ նա գնում, ուրիշ տեղ է նստում, որտեղից էլի քշել է պետք: Եթե ըստ ներքևից թելադրվող իշխանության նայենք, ուրեմն բավական հուսադրող է: 

–Արժանապատվություն ունեցող մարդն այսօր կարո՞ղ է բարձր պաշտոն զբաղեցնել, թե՞ իշխանության գործելակերպը դրդրում է լինել «անբարո»։

–Շատ է տարածվել, որ քաղաքականությունը «անբարոյականություն» է, գործիչներն էլ «անբարո»։ Տպավորություն է, որ քաղաքական գործիչներն էլ են էդ կարծիքին, այսինքն՝ խոր կածիք կա, որ քաղաքականությունն արդարացնում է «ստորությունները»: Իրենց մխիթարում են` քաղաքականության մեջ ենք կեղտոտ խաղեր խաղում, քաղաքականությունից դուրս մենք կարգին մարդ ենք: Եթե քաղաքականությունը «անբորայականություն» է, ուրեմն պիտի մրցակցություն լինի, թե ով ավելի «անբարո» կլինի էդ ոլորտում։ Էդ դեպքում ով կիսում է էս կարծիքը, ուրեմն պիտի Օրբանին չմեղադրի Սաֆարովին արտահանձնելու համար: Մտածում եմ՝ ոչ թե արժանապատիվ մարդը չի կարող քաղաքականությամբ զբաղվել, այլ արժանապատիվ մարդն ի վերջո պիտի գիտակցի, որ քաղաքականությունը «անբարոյականության» դարբնոց չէ, թե չէ շատ արժանապատիվներ են եղել, որ հետո տարօրինակ գործարքների են գնացել: Հետաքրքիր է, որ տոտալիտար ռեժիմում էս կարծիքը չի կարող տարածված լինել, չնայած պիտի որ «ամենաանբարոները» էդ ռեժիմում լինեն։ Ուրեմն կարելի է ասել՝ մենք տոտալիտար ռեժիմի մեջ չենք, փառք աստծո:

Հայաստանում չի՞ կարող կրկնվել Վրաստանի օրինակը, որտեղ ընդդիմությունը խաղաղ ճանապարհով հաղթեց, իշխանությունն էլ ընդունեց իր պարտությունը։

–Հետխորհրդային երկրներից Վրաստանի դեպքն առաջինը չէ, Ուկրաինայում արդեն նման բան եղել էր: Ու եթե համարենք, որ երկու դեպքում էլ ռուսական սցենարի արդյունք էր, ապա Հայաստանում նույնը չի կրկնվի, որովհետև հիմիկվա իշխանությունները ռուսատյաց դիրքորոշում չունեն, այլ հակառակը՝ հանրապետական կուսակցության շնորհիվ հայ ազգայնականությունը զուգահեռ է գնում ռուսամետության հետ։ Հանրապետականներն էն աստիճանի կոտրեցին ազգայնականությունը, որ որոշ ինտելեկտուալներ հիմա չեն կարողանում նշմարել հայ ազգայնականությունն առանց ռուսամետության: 

Ինչո՞վ եք պայմանավորում Վարդան Օսկանյանին առաջադրված մեղադրանքը։ Դա քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք։

Վարդան Օսկանյանի դեպքը ցույց տվեց, որ պետք եղած դեպքում պատգամավորի անձեռնմխելիությունն այդքան էլ անձեռնմխելի չէ: Բացի դա, նորից հաստատվեց, որ քաղաքական բեմադրությունն ավելի կարևոր է ներկայիս գործիչների համար, քան իրավականությունը, էս դեպքում՝ անմեղության կանխավարկածի հոդվածը: Այս բեմադրություններից պարզ է դառնում, որ իշխանությունը շեղվել է իրավականությունից կամ չգիտի՝ դա ինչ է (ինչպես չգիտեր ԱԱԾ տնօրենը), որդեգրել է աստվածաշնչյան (ինչպես կարևոր դեմքերից մեկը սահմանադրություն ցիտելու փոխարեն աստվածաշունչ ցիտեց) ու ամբոխահաճության ուղին (ինչպես մեկ այլ կարևոր դեմք էսթետիզմը նախընտրեց իրավական դաշտից):

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը