Լրահոս

10.06.2009 10:48


Արմեն Հարությունյան. «Փաստահավաք խմբի ստեղծման գաղափարն այնքան քաղաքականացված էր, որ չէր կարողանում աշխատել»

Արմեն Հարությունյան. «Փաստահավաք խմբի ստեղծման գաղափարն այնքան քաղաքականացված էր, որ չէր կարողանում աշխատել»

Հունիսի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն էր  ստորագրել Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման կարգադրությունը ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը «7օր»-ին ասել է, որ Փաստահավաք խմբի ստեղծման գաղափարն ընդհանրապես լավն էր, բայց, մյուս կողմից էլ, այնքան քաղաքականացված էր, որ չէր կարողանում աշխատել.

-Միգուցե նախագահը համարեց, որ այլևս անհեռանկարային է այնտեղի մթնոլորտը, որ աշխատի։ Բայց այս դեպքում, ծանրությունն ընկնում է պառլամենտական հանձնաժողովի վրա...տեսնենք՝ ի՞նչ զեկույց կներկայացնի Նիկոյանի հանձնաժողովը, հետո կորոշենք։ Բայց եթե նրա զեկույցը չնպաստեց հասարակական կոնսոլիդացիային և օբյեկտիվություն չունեցավ այն մակարդակի, որ մարդիկ ընդունեն, այդ դեպքում հարցը կմնա բաց։

«Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը նախօրեին «7օր»-ին ասել էր, որ Փաստահավաք խմբի կազմից Մարդու իրավունքների պաշտպանի և իշխանությունների ներկայացուցիչների դուրս գալն ուղղորդված էր նախագահականից։ Արձագանքելով այս մտքին՝ Ա. Հարությունյանն ասել է, որ մարդիկ խնդիրներն իրենց մեջ տեսնելու փոխարեն, դիմացինին են մեղադրում։ Իսկ իրականում և՛ իշխանության, և՛ ընդդիմության ներկայացուցիչների մեղքն էլ կա.

-Այդ երկու կողմերի փորձագետները իրար հետ չէին աշխատում և միշտ լարված վիճակ էին ստեղծում։ Ըստ էության, իրենք պետք է պատասխանատվություն կրեն նրա համար, որ շատ քաղաքականացվեց և համագործակցություն այնտեղ չեղավ։ Մեր ներկայացուցիչն այլևս ի վիճակի չէր այդ պայմաններում համագործակցություն ապահովել։ Պրոբլեմը քաղաքականացվածությունն էր և հաստատ դա մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը չէր քաղաքականացնում։

Փաստահավաք խմբի կուտակած փաստերն էլ, Ա. Հարությունյանը ենթադրում է, որ պետք է ներկայացվեն թե՛ հանրությանը, թե՛ ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովին։

Այս խորագրի վերջին նյութերը