Հարցազրույց

05.10.2012 15:14


Արտավազդ Եղոյան

Արտավազդ Եղոյան

Հարցազրույց  դերասան և ռեժիսոր Արտավազդ Եղոյանի  հետ

–Հայաստանի այսօրվա ներքաղաքական և արտաքին քաղաքական իրավիճակը Ձեզ բավարարո՞ւմ է։ 

–Ո՛չ։ Թե ինչո՞ւ՝ հեռուստացույց նայեք՝ կիմանաք, թերթերը որ կարդաք, կիմանաք, սոցցանցեր մտնեք՝ կիմանաք։

–Բայց արդյոք մասնավորապես հեռուստատեսությամբ իրականությունը ներկայացվո՞ւմ է։ Թե՞ ճիշտ հակառակն է. պնդում են, որ ամեն ինչ նորմալ է, երկիրը շատ լավ զարգանում է, կոռուպցիայի դեմ ենք պայքարում և այլն։

–Եթե թվում է, թե այդ բոլոր ասածները մարդ կարող է հալած յուղի տեղ ընդունել, ապա սխալվում են։ Հենց դա՛ էլ արդեն նշանակում է, որ լավ չէ իրավիճակը և չի կարող բավարարել։ Եթե յուրաքանչյուր մարդ իր կաշվի վրա զգում է արդի սոցիալական, քաղաքական վիճակը, ինչքան էլ ուզում են թոզ փչեն աչքերիդ, ի՞նչ պետք է դա տա։ Ոչի՛նչ։

–Ըստ Ձեզ՝ նման մեծ ծավալների հասնող արտագաղթն ինչո՞վ է պայմանավորված։ Սոցիալական վիճակից ելնելո՞վ են մարդիկ գնում, թե՞ այլևս ապագա չեն տեսնում այստեղ։

–Եթե սոցիալական վիճակից ելնելով գնային, ապա կգնար ամենաանապահով խավը։ Բայց նա չի կարողանում գնալ։ Գնում են մարդիկ, ովքեր ուզում են նորմա՛լ կյանքով ապրել, ուզում են վաստակի համը զգալ։ Չնայած ե՛ս անձամբ դա չեմ անի՝ այս հողը ոտքերս կապել է, չե՛մ կարող։ Ցավալիորեն այդպես է։ Ինչո՞ւ եմ ասում՝ ցավալիորեն. որովհետև ամեն ինչով նվիրվեցի, սակայն արդյունքը դեռ չեմ զգում և դժվար թե հետագայում զգամ, որովհետև այս նոյեմբերի 23–ին կդառնամ 62 տարեկան։ Բան չմնաց բարձրյալի հետ հանդիպելուն։

–Շատ չե՞ք շտապում։

–Չէ, չէ, ես զգում եմ արդեն։ Հոգեկան վիճակը, այս 20 տարիների կյանքը ինձ տվեց ձեռքբերովի շաքարախտ, որն արդեն ներքուստ է կրծոտում, քաղաքական և սոցիալական վիճակը՝ արտաքուստ: Այնպես որ, 62–ն արդեն ճանապարհ ընկնելու նորմալ տարիք է։

–Այսօրվա իշխանությունը նպաստո՞ւմ է այսօր ստեղծված վատ իրավիճակի խորացմանը, թե՞ իրականում փորձում է մի բան անել, բայց չի կարողանում։

–Ձևացնում է, թե բան է անում, բայց ոչինչ էլ չեն անում։ Անում են այնտեղ, որտեղ իրե՛նց է ձեռնտու, որտեղ պետք է ցույց տալ, որ անում են։ Տրանսպորտը, սնունդը... մտեք խանութ, մտեք դեղատուն։ Ես խոսեցի շաքարախտից, արդեն երրորդ ամիսն է՝ անվճար դեղերը չեն տրամադրում, իսկ դեղատներում այդ նույն դեղերն օրեցօր թանկացնում են։ Ես պատկերացնում եմ այդ դեղամիջոցների կարիքն  ունեցող սոցիալապես անապահով մարդու վիճակը, որովհետև հինգ օրվա միայն հաբերը ձեռք բերելու համար 1700 դրամ պիտի տա։ Էլ չեմ խոսում սնվելու դիետայի մասին:

–Նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ հավաքել էր և խիստ տոնով բարկանում էր, թե ինչու են դեղերը թանկացնում։

–Այդ նախագահն այս չորս տարիների ընթացքում չէր տեսել, նո՞ր տեսավ։ Թե՞ ընտրությունները մոտենում են, դրա համար տեսավ։

–Այսինքն՝ դա սովորական PR քայլ եք համարում։

–Իհա՛րկե։ Մի բան ասեմ. Սերժ Սարգսյանի վաստակը շարժման տարիներին, պատերազմում, ընդունում և հարգում եմ, բայց լավ տղա լինելը դեռ չի նշանակում, որ կարելի է լավ նախագահ լինել։

–Չի՞ կարողանում լավ նախագահ լինել։

–Փաստորեն՝ չի ստացվում։ Եվ հետո, միայն իրենից չի կախված։ Նայեք շրջապատը։

–Բայց այդ շրջապատը հենց նա՞ չի ընտրում։ Այնպես չի՞ ստացվում, որ պետք է լինես քծնող, քցող, մարդկային ամենացածր որակներ ունեցող մարդ, որ հայտնվես իր շրջապատում։

–Հենց դա է, դրա համար էլ մենք տանը նստած, արդեն չգիտենք՝ ինչ անենք։ Որ ասում եք՝ 62–ն ինչ տարիք է, ճի՛շտ եք ասում։ Դրսում իմ մասնագիտությամբ  62–ամյա մարդիկ դեռ շոուներ ու եսիմինչեր են վարում։ Իսկ ես հիասթափված տանը նստած՝ բզբզում եմ համակարգչով, հոլովակներ ու ինչ պատահի մոնտաժում եմ։

–Իսկ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանին փողերի լվացման համար մեղադրելու այս պատմությո՞ւնն ինչի հետ եք կապում։

–Գիտեք, եթե նույնիսկ ասենք, թե արել է։ Իրեն տված, իրեն վստահված գումար է։ Ինչի՞ պիտի հիմա՛, այս խոր սոցիալ–տնտեսական, քաղաքական ահավոր խառնիճաղանջ վիճակում հիշել, թե Օսկանյանին Հանթսմանը որքան գումար է տվել և որ գումարը որտեղից է փոխանցել։ Ծիծաղելի է, ժողովուրդը ծիծաղում է։ Ախր դրանք միթե՞ չեն լսում այդ ծիծաղը։

–Սա քաղաքական հետապնդո՞ւմ եք համարում։

–Իհա՛րկե։ Քավության նողազներ են փնտրում։ Դեռ վտանգը մի կողմ։ Իհարկե, վտանգ էլ են տեսնում «Բարգավաճ Հայաստանի» հզորանալուց և այլնից։ Եվ հետո, ինչո՞ւ պետք է Օսկանյանն ապացուցի, որ ինքը մեղավոր չէ։ Դո՛ւ ապացուցիր, որ մեղավոր է, և կալանավորիր, եթե փաստեր ունես։ Ձևականություն է, այն էլ՝ հոգնեցուցիչ, նույնիսկ զզվելի։

–Վրաստանում  հնարավոր եղավ իշխանափոխություն, իսկ մեզ մո՞տ...

–Մենք միշտ վրացիներին ձեռք ենք առնում, ասում ենք՝ ուղեղ չունեն, և անեկդոտների մեջ էլ վրացին միշտ անմիտ–միամիտ է դուրս գալիս, բայց, փաստորեն, ավելի խելացի ազգ եղան, երբ բանը հասավ հայրենիքի բարգավաճմանը։ Ես նախանձում են իրենց։ Սահակաշվիլին էլ էր լավը, ահագին փոփոխություններ մտցրեց, իսկ այստեղ ես այս քսան տարիների ընթացքում որևէ փոփոխություն չեմ տեսնում։ Միայն ես քառասունից ավելի ծանոթ ու ընկեր հողին հանձնեցի պատերազմի ժամանակ։ Ինքս «Տիգան Մեծ» ջոկատից եմ։ Այդ մարդիկ ինչո՞ւ զոհվեցին։ Որ ոմանք լափե՞ն։ Ո՞նց կարելի է։ Ես ազատամարտիկների ընտանիքներ գիտեմ, որ ծայրահեղ աղքատության մեջ են։ Երբ տեսնում եմ, որ ես վաստակի համար ահագին ջանք եմ թափում ու շատ քիչ բանի եմ հասնում, բա նրա՞նք ինչ ասեն։ Տուն, ամուսին, տանիք են կորցրել։

–Չե՞ք կարծում, որ 2013թ. մենք բացառիկ հնարավորություն ունենք վրացիների նման փոփոխություն կատարել իշխանական համակարգում։

–Չեմ կարծում, որովհետև ինքս լինելով ընդդիմադիր՝ արդեն ոչ մեկին չեմ հավատում։ Ես արդեն ընդդիմանում եմ ինքս իմ առջև։ Միակ բանի համար, որ ես այստեղից չեմ գնում, այս հողն է։ Չգիտեմ՝ այս ինչ «հիմար» բան է մտած մեջս։ Աշխարհը ոտքիս տակ եմ տվել, սկսած 90–ականներից՝ մինչև վերջերս բոլոր երկրներում հայերին միշտ համոզում էի, թե եկեք։ Ոմանք եկել են, վերջերս էլ ինձ գտան սոցցանցում, և լավ է, որ չթքեցին երեսիս։ Նրանք այնտեղ էլ լավ վիճակում չէին, ասում էի՝ եկեք, ձե՛ր երկրում վատ եղեք, բայց քիչ–քիչ լավանալու է։ Հիմա ինձ հարցնում են՝ Արտավազդ ջա՛ն, 15 տարի է՝ եկել եմ, բա ասում էիր՝ լավ կլինի։ Ի՞նչ ասեմ, ես էլ ձեզ նման լավ չեմ, բայց դա ինչ–որ բան փարատո՞ւմ է։ Այսօր անձնական խնդիրներն այնքան են կերել, որ «իմ»–ը, «ես»–ը գերակայում են։

–Բավական մութ գույներով եք ներկայացնում, բայց այդպես մեր երկրի վերջն ի՞նչ պետք է լինի։

–Մի անեկդոտ պատմեմ։ Մի տղամարդու մոտ ոտքի գանգրենա է սկսվում, ոտքը կտրում են։ Կինը լացում–լացում է, հարևանը գալիս է, ասում ՝ ոչինչ Վարդուշ ջան, վերջը լավ կլինի։ Որոշ ժամանակ անց երկրորդին է անցնում, երկրորդ ոտքն են կտրում, ու այդպես շարունակ՝ բոլոր վերջույթները կտրում են, ու այս մարդը մնում է մի մսագունդ։ Ամեն անգամ հարևանն էլի ասում է՝ վերջը լավ կլինի։ Ի վերջո այս մարդը մահանում է։ Տանում են թաղելու, երբ որ դագաղն իջեցնում են փոսը, իջեցնողն ասում է՝ մի քիչ ձախ–վերև, ըհը, լավ է։ Այդ կինը նայում է հարևանուհուն, ասում է՝ է՞ս էր լավը։ Վե՛րջը լավ կլինի։ Սա՛ է։ Ի դեպ, ես կյանքում միշտ լավատես եմ եղել, հիմա էլ հինգ րոպե հետո կարող եմ թռվռալ և կատակել, բայց այդ ամեն ինչը սին է, դատարկ, որովհետև հոգսերն այնքան շատ են, որ նույնիսկ ծիծաղդ է արհեստական։ Դեմքդ մի տեսակ ծամածռվում է, ժպիտանման ինչ–որ բան գալիս, բայց ներքուստ հիասթափություն կա։ Այսօր իմ ընկերներից մեկ–երկուսը ընտանիքներով պատրաստվում են հեռանալ երկրից, հենց Օսկանյանի այդ դեպքից հետո։ Ասում են՝ եթե Օսկանյանին, ոչինչ չլինելով հանդերձ, էսպես խայտառակեցին, բա մենք ի՞նչ պետք է անենք։ Ու այս բոլոր մտահոգությունների մասին միայն ես չէ, որ խոսում եմ։ Այս բոլորը ասում են հարևաններս, փողոցով անցնողները, քաղաքում ապրողները, գյուղացիների մասին է՛լ չեմ ասում։ Երկիրը գնում է դեպի անդունդ։ Երբեմն մտածում եմ՝ կարո՞ղ է այս արաբական գարունները մեր կողմով էլ անցնեն։ Ինչը, սակայն, չէի ցանկանա։ Ես կուզեի, որ Վրաստանի պես լիներ։ Շա՛տ կուզենայի։ Ես մի մաղթանք ունեմ, միշտ կրկնում եմ. կցանկանամ որ հայը անհրաժեշտի պակաս չունենա, ավելորդի`ձգտում չունենա։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը