Լրահոս

05.10.2012 14:15


Երբ բարոյականությունն օտարված է քաղաքականությունից. Լիլիթ Գալստյան

Երբ բարոյականությունն օտարված է քաղաքականությունից. Լիլիթ Գալստյան

Մեր հարևան Վրաստանի հետ համեմատությունից միշտ խուսափել եմ։ Նյարդայնացել եմ, երբ Վրաստան այցելած հայրենակիցներս հիացական պատմություններ են փոխանցել կաշառք չվերցնող, բարեկիրթ ոստիկանների ու վրացական ափերին անցկացրած ամառային հանգստի մասին, նախանձել եմ, երբ տեսել ու համեմատել եմ, թե ինչ պատվախնդրությամբ են վրացական իշխանությունները պահպանում, հպարտանում և վերականգնում հին Թբիլիսիի պատմամշակութային նկարագիրը (ուր ի դեպ հայկական ձեռագիրն ամենուր է, վավերական), վիրավորվել եմ, երբ տարածաշրջանային ծրագրերի մեծ մասը համադրվել է Թբիլիսիից, իվերջո ներքին լուռ ընդվզում եմ ունեցել, երբ այս կամ այն միջազգային զեկույցում Վրաստանը մեզանից առաջատար դիրքերում է եղել։ Եվ անշուշտ հուսահատվել եմ, երբ իմ շատ գործարար ընկերներ, նաև իշխանական բանակից, բարձրաձայն մտածել ու առանց վարանելու իրենց բիզնեսը Վրաստան են փոխադրել։

Գուցեև գավառական հայրենասիրություն է արածս, բայց լուռ կռիվ է եղել մեջս, վիրավորված քաղաքական արժանապատվություն՝ ինչու՞ անկախության նույն ժամանակաչափը, խորհրդային նույն անցյալն ու ավանդույթներն ունեցող երկրում քաղաքացու և պետության այլ որակ է ձևավորվել, իսկ մեզ մոտ. մեզ մոտ ինչպես Հայաստանում։ Միայն թե՝ չփորձեք արդարացնել կամ պատճառաբանել ծով չունենալով կամ չլուծված հակամարտությամբ. պետության և նրա քաղաքացու կամ քաղաքացիական որակների, երկրի զարգացման քաղաքական տեսլականի մասին է հույզս։
Ու որքան էլ խուսափեմ, կարծես քաղաքական հեգնանքով, անցնող շաբաթը Վրաստանի հետ համեմատության եզրեր տանելու առիթ տվեց. մենք ու վրացիներն ընտրության առաջ էինք կանգնած՝ վրացիները խորհրդարան էր ընտրում, իսկ մեր ‘’ազգգընտիրները “ որոշում էին Վարդան Օսկանյանին հանձնել- չհանձնելու հարցը։ Միայն առաջին հայացքից անհամեմատելի երևույթներ, իսկ խորքի մեջ պետության նկարագիրը, բարոյականությունն ու երկրի քաղաքական տեսլականը պայմանավորող ուղերձներ։
Նրանք, ովքեր լսեցին կամ հետևեցին Օսկանյան- ՀՀ դատախազ- Աժ պատգամավորներ հարցուպատասխան-ելույթները, դժվար թե ամոթի, փոքրության, վիրավորանքի ու կարեկցանքի զգացում չունենային։ Եվ այս ամենը պետության բաց ափսեի համատեքստում։
Հազարումի տագնապներ ու մարտահրավերներ ապրող մեր երկրում երկու օր շարունակ փորփրվում էին Օսկանյանի հաշիվների մեջ՝ պարզելու 180000 դոլարի շարժը։ Ովքեր են դատավորները, աստվածաշնչյան հայտնի իմաստնությունն ուղեղիս մեջ՝ լսում էի, թե ինչպես են խորհրդարանի ՙսպիտակ ձեռնոցներով 20000 դրամանոց օլիգարխ ընտրյալները կամ իրենց ծառայությունների դիմաց հատուցված և հենց այսպիսի դեպքերի համար խորհրդարան բերված “քաղաքական գործիչները’’ փորձում Օսկանյանից փողերի լվացման խոստում կորզել։ Ի՛նչ հեշտ է գործիք դառնալը….կարեկցում եմ մեզ էլ, նրանց էլ ու հաշվում, թե Օսկանյանին հավատաքննության ենթարող ազգընտիրներից շատերը քանի կուսակցություն են փոխել։
Միթե՞ սրանք են այն հարցերը, որ պիտի ուղղվեին ՀՀ արտաքին գերատեսչությունը տաս տարի ղեկավարած անձին, մարդուց հաճկատար ու ստրուկ ծնող էս ինչ համակարգ ենք ստեղծել՝ չեմ դադարում մտածել ես ու հիշել, թե Օսկանյանին այդ նույն մերկացնողները ինչպես էին նույն ջանասիրությամբ պաշտպանում թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ նախագահին։ Ու նրանք պատրաստ են սատարել նաև ցանկացած չորրորդին, միայն թե վստահ լինեն, որ կհաղթի։ Ահա այսպիսին ենք՝ բարոյականությունն ու պատասխանատվությունը քաղաքականությունից մեկընդմիշտ օտարած: ։

Օսկանյանին, իհարկե, հարցեր արժե տալ՝ նույնիսկ պետք է, բայց դրանք միայն ու միայն քաղաքական հարցեր պիտի լինեն, որոնք քաղաքական, թերևս նաև բարոյական պատասխանատվություն են ենթադրում, ընդ որում ավելի լայն մարդկանց շրջանակ ենթադրող։
Այո՝ քաղաքական պատասխանատվություն, բայց ոչ քրեական հետապնդում քաղաքական ենթատեքստով, որը ցավոք երեք նախագահների օրոք էլ կենսունակ է եղել, վարքականոն։ ԱՎԱՆԴՈՒՅԹ ….. Ու մենք նորից ընտրեցինք կոմպրոմատի ավանդույթը, ուր
ճշմարտությունն ու արդարադատությունը հարաբերական արժեքներ են՝ ըստ պահի կոնտեքստի։ Մենք նորից պարտվեցինք, թե ՜ ներսում, թե՝ դրսում։ Պարտվեցինք, որովհետև մեր ավանդույթը՝ կոմպրոմատի ու մարդուց ստրուկ դարձնողի քաղաքական մշակույթը, հաղթողի վարքականոն չէ։
Պարտվեց նաև Սահակաշվիլին ու նա տղամարդու պես ընդունեց իր պարտությունը՝ բայց հաղթեց Վրաստանը, ու Միխեիլ Մահակաշվիլին վստահաբար կմտնի պատմության մեջ որպես ազատ, հպարտ երկիր կառուցող նախագահ, ուր ընդդիմության ձայնը չեն խլացնում ու ընտրողին էլ չեն առնում։
Բայց, միևնույն է, ինձ դարձյալ նյարդայնացնում և վիրավորում է Վրաստանի հետ համեմատությունը։ Իսկ պատմությունը համառորեն մեզ դաս չի դառնում։

Լիլիթ Գալստյան, հատուկ «Ասպարեզ» օրաթերթի համար

 

Այս խորագրի վերջին նյութերը