Լրահոս

13.01.2011 14:44


Հուլյան և Գրիգորյան օրացույցների տարբերությունը և «հին Նոր տարին»

Հայաստանում այսօր էլ դեռ նշում են այսպես կոչված «հին Նոր տարին»: Որտեղի՞ց է այն գալիս և ինչի՞ հետ է այն կապված: Ժամանակակից տոմարի հիմքում ընկած է դեռևս Հուլիոս Կեսարի կողմից ներմուծված օրացույցը, համաձայն որի տարին բաժանվում էր ժամանակակից 12 ամիսների և ուներ 365 օր, իսկ 4 տարին մեկ անգամ լինում էր 366 օրից բաղկացած «նահանջ» տարի: Այսպիսով տարվա տևողությունը հարմարեցված էր 365.25 օրվան, ինչը մոտավորապես համապատասխանում է Արեգակի շուրջը Երկրի պտտման պարբերությանը: Սակայն իրականում տարին պարունակում է 365.2422 օր, այսինքն 11 րոպե պակաս, որի պատճառով 16-րդ դարում արդեն կուտակվել էր 10 օր և այդ տարբերությունը նկատելի էր: Մասնավորապես գարնանային գիշերահավասարը տեղափոխվել էր մարտի 11, իսկ քանի որ դրա հետ է կապված Զատիկի տոնը, ապա եկեղեցու համար դա անցանկալի էր:

1582 թվականին Գրիգորիոս 13-րդ պապի դեկրետով ներմուծվեց Արևմտյան կամ Քրիստոնեական օրացույցը /ինչը մեզանում հայտնի է որպես Նոր տոմար/, համաձայն որի նահանջ տարիների թիվը կրճատվում էր այնպես, որ տարվա տևողությունը դառնա 365.2425 /հուլյան տարուց 10.8 րոպե պակաս/ և դրանով մեծ ճշտությամբ համապատասխանում էր իրական տարվա տևողությանը, այնպես որ արդեն հազարամյակների ընթացքում որևէ փոփոխության կարիք չի լինի: Դա իրականացնելու համար առաջարկվեց ամեն 400 տարվա մեջ կատարել ոչ թե 100 նահանջ տարի, այլ 97' յուրաքանչյուր 4-ի վրա չբաժանվող հարյուրամյակը այսուհետև նահանջ տարի չէր լինելու: Այսպիսով, 1700, 1800 և 1900 թվականները նահանջ տարիներ չէին, իսկ 1600-ը  և 2000-ը նահանջ էին: Նահանջ տարիներ չեն լինի նաև 2100, 2200 և 2300 թվականները: Արդեն իսկ 16-17-րդ դարերում Գրիգորյան օրացույցն ընդունվեց ամբողջ Արևմտյան Եվրոպայում:

Երբ Ռուսաստանում 1917թ. սոցիալիստական հեղափոխությունից հետո նույնպես որոշեցին անցնել նոր տոմարի, արդեն կուտակվել էր 13 օրվա տարբերություն /քանի որ 1582 թվականից անցել էր ևս 335 տարի/ և այդ պատճառով հին ու նոր տոմարների միջև տարբերությունը մինչև այսօր էլ համարվում է 13 օր /որն ի դեպ շուտով կդառնա արդեն 14 օր/: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանում, հետևելով խորհրդային այդ ռեֆորմին, այսօր էլ մարդկանց մեծամասնությունը 13 օրվա տարբերությամբ նշում է նաև «հին նոր Տարին»: Իսկապես, հուլյան օրացույցով Նոր տարին կգար այսօր /հունվարի 13-ի/ երեկոյան ժամը 12-ին:

Այս խորագրի վերջին նյութերը