Լրահոս

09.06.2009 10:36


Ֆրանսիացի պատգամավորը աջակցելու է ԼՂՀ միջազգային ճանաչմանը

Հունիսի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել Արցախի պատգամավորների հանդիպումը Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, հայ-ֆրանսիական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ:

Ողջունելով պատգամավորին՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ պարոն Ռոշբլուանը միշտ եղել է Արցախի բարեկամների շարքում և սատարել է ազատության և անկախության համար Ղարաբաղի ժողովրդի պայքարին:

Իր հերթին ֆրանսիացի պատգամավորը, որն արդեն երրորդ անգամ է այցելում ԼՂՀ, նշել է, որ հաճելիորեն զարմացած է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած փոփոխություններով: Նրա խոսքերով այդ փոփոխությունները «ակնհայտորեն հաստատում են, թե վերջին ժամանակաշրջանում ինչպիսի հզոր զարգացում է տեղի ունեցել տարբեր ոլորտներում և բնագավառներում»:

Ֆրանսուա Ռոշբլուանն ընդգծել է, որ չի կարելի կասկածի տակ դնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պատրաստականություն է հայտնել այսուհետ ևս աջակցել ԼՂՀ միջազգային ճանաչմանը: Միաժամանակ նա անհրաժեշտություն է համարել Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարիտ տեղեկատվության տրամադրումը միջազգային հանրությանը:

Այս խորագրի վերջին նյութերը