Հարցազրույց

29.09.2012 13:08


Արամ Հարությունյան

Արամ Հարությունյան

Հարցազրույց «Ազգային Համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ

 – ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողովի պատգամավոր, ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ընդգրկելու հարցում համաձայնություն տալու վերաբերյալ։ Վարդան Օսկանյանը, իր հերթին, նման քայլն անվանել է քաղաքական հետապնդում։ Ինչպե՞ս եք Դուք դա գնահատում։

–Ես նույնպես գնահատում եմ դա որպես քաղաքական հետապնդում, որովհետև եթե Վարդան Օսկանյանը ընդդիմադիր չլիներ, չեմ կարծում, որ նման խնդիր կառաջանար։ Ավելի շատ դա նպտակ ունի ինչ–որ տեղ վարկաբեկելու ԲՀԿ–ին։ Հիմա զուգահեռ ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը, չնայած մինչև այդ  իրեն չէին բռնում։ Այսինքն՝ նախագահը կարծես թե տպավորություն է ստեղծում՝ իբր բոլորը հավասար են, բայց բոլորի համար պարզ է, որ դա ոչ մի կապ չունի քրեական գործի հետ։ Նպատակը՝ ասպարեզից ժամանակավորապես հեռացնել Վարդան Օսկանյանին։ Եթե նայենք ժամանակացույցը, ապա դա արվել է հենց այն օրերին, երբ ԲՀԿ–ն չի մտել կոալիցիա։ Ուղակի շատ ցավալի է, որ Հայաստանում քաղաքական հայացքների համար հետապնդում են։ Ըստ էության՝ դա կարելի է ընկալել որպես ճնշում ԲՀԿ–ի վրա, առվել ևս՝ Օսկանյանի վրա։

–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեիք  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որում ասվում է, որ Վարդան Օսկանյանին հետապնդելն ուղղված է նաև ԲՀԿ–ի դեմ։

–Իհարկե, դա ուղղված է նաև ԲՀԿ–ի դեմ. նախ՝ Օսկանյանը «Բարգավաճ»–ի անդամ է, եկրորդը՝ նա հավանական թեկնածուներից է, որին ԲՀԿ–ն կարող է առաջադրել նախագահական ընտրություններում։ Այդ իմաստով ամբողջ ողբերգությունն այն է, որ իշխանությունները վերջին մի քանի տարում ավելի շատ մտածում էին այն մասին, որ ԲՀԿ–ն իրեն չդրսևորի, քան թե երկրի մասին։ Օրինակ՝ այդ «ատկատների» մասին նախագահը սկսեց խոսել չորս տարի հետո, իսկ իմանալ ու չհայտնելը նույնպես հանցագործություն է։ Մի՞թե իրենք չգիտեին, որ «ատկատները» արվում են։ Այսինքն՝ իրանք ստեղծում են ֆոն, իբր երկրի նախագահը, իշխանություններն ամեն ինչ անում են օրինականություն ապահովելու համար, ցույց տալու, որ բոլորը հավասար են օրենքի առջև։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ նման պայմաններում ՀՀԿ–ի խորհրդի անդամների մեծ մասին պետք է զրկեին անձեռնմխելիությունից, և իրենք պետք է բանտում հայնվեին։

–Փաստորեն, նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն անցել է քաղաքական հետապնդումների է։ Արդյո՞ք դա չի վկայում նրա մասին, որ նրա ռեսուրսները սպառված են։

–Իհարկե՝ նշանակում է, որովհետև դա ճնշում է հավանական թեկնածուների վրա, որոնք կարող են լուրջ մրցակցություն ցույց տալու։ Դա, իհարկե, նաև հակառակ ուղղությամբ է աշխատելու բումերանգի պես։ Դրանով, համոզված եմ, իշխանությունները կբարձրացնեն թե՛ Վարդան Օսկանյանի, թե՛ ԲՀԿ–ի վարկանիշը։   Օրինակ Եղեգնաձորի ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանության այդ մեթոդները չեն աշխատում, նույնիսկ հակառակը՝ ժողովուրդը կարող է ավելի վրդովվել։ Այն մարդիկ, ովքեր չէին պատրաստվում ձայն տալ ԲՀԿ–ին, եթե այդպես չլիներ՝ իշխանությունները, օգտագործելով ամբողջ վարչական և տարբեր ուժային կառույցները, ճնշում չգործադրեին… Իրենք ընտրեցին ԲՀԿ–ի թեկնածուին։ Ժողովուրդն իր խոսքն ասաց, և նախագահի այսօրվա քայլերը կարող են ժողովրդին, այսպես ասած, գցել թասիբի, և նույնիսկ այն էլեկտորատը, որը ԲՀԿ–ինը չէր, գնա դեպի «Բարգավաճ»՝ հասկանալով, որ իշխանություններից պրծնելու միակ ելքը ԲՀԿ–ի թեկնածուին ձայն տալն է։ Եթե նույնիսկ ընդդիմության միասնական թեկնածու չլինի, բայց լինի մեկ ուժեղ թեկնածու, ապա իշխանությունները, նույնիսկ բոլոր  ռեսուրսները կենտրոնացնելով, կարող է, ի վիճակի չեն լինի արգելակել ամեն ինչ, և ժողովուրդը կարող իր խոսքը վճռականորեն ասել։             

Զրույցը վարեց Վահագն Ղազարյանը

Այս խորագրի վերջին նյութերը