Լրահոս

08.06.2009 18:46


Կընդունի՞ արդյոք ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համագործակցության առաջարկը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե ինքը կողմ կլինի, որ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և Դաշնակցությունը խորհրդակցությունների շարք սկսեին, «յուրաքանչյուրը սկսեր իր սխալներից և փորձեր համագործակցության նոր բանաձև անել»:

«Կընդունի՞ արդյոք ՀՅԴ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի՝ համագործակցության  առաջարկը» հարցին, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

-Կարծում եմ՝ դա այնպիսի բան է, որ չի կարելի չընդունել: Պարզապես պետք է ճշտել, թե ի՞նչ գաղափարների շուրջ պետք է համախմբվել։ Մասնավորապես, մեր օրակարգում ազգային գաղափարների և ժողովրդավարական արժեքների ամրապնդումն է, և բնականաբար, այդ համատեքստում, կարծում եմ, ոչ միայն «Ժառանգության», այլ նաև մյուս քաղաքական ուժերի հետ անհրաժեշտ է համագործակցության օրակարգ  ձևավորել։ Այստեղ կարող է որոշակի տարբերություն լինել, երբ կլինի կոնկրետ առաջարկությունը օրակարգ ձևավորելու շուրջ, կարծում եմ, այն ժամանակ ավելի հստակ պատասխան կտրվի, թե արդյոք հնարավո՞ր է այդ հարցի շուրջ համագործակցել, թե՞ ոչ։ Մասնավորապես, առաջիկայում մեր կուսակցությունը կքննարկի նաև հետընտրական շրջանի այս վիճակը։ Վստահ եմ, որ օրակարգի հարցեր էլ կձևակերպվեն՝ սկսած ազգային հարցերից մինչև ներքին կյանքի հարցերը։ Այն ժամանակ, կարծում եմ, յուրաքանչյուր ուժ կկարողանա իր տեսակետը հայտնել և համագործակցության ուղղությունը տեսնել։ Իմ անձնական տեսակետն է, որ մենք այսօր իսկապես մի քանի կարևոր խնդիր ունենք. հասարակության հետ աշխատանքը գաղափարների շուրջ՝ սկսած ընտրությունների արդար համակարգի ձևավորումից, ավարտված արտաքին հարաբերություններում հստակ դիրքորոշմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը