Լրահոս

08.06.2009 16:16


Քամիներ Արագածոտնում և Կոտայքում, կարկուտ՝ Գեղարքունիքում

Արագածոտնի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 4-ին, ժամը 19.30-ի սահմաններում ուժեղ քամին վնաս է հասցրել մարզի մի շարք բնակավայրերի: Մասնավորապես վնասվել են՝ Աշտարակում մեկ բնակելի շենքի և մասնավոր տների տանիքներ, Օշականում' «Ջերմոցներ» ԲԲԸ-ին պատկանող 2000 քմ մակերեսով ջերմոց, Ղազարավան գյուղում՝ 5 էլեկտրական սյուն  և  մեկ ֆերմայի տանիք, Ոսկեհատում՝ մշակույթի տան, գյուղապետարանի և մի շարք բնակելի տների տանիքներ և պատուհանների ապակիներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:

Նույն օրը Կոտայքի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 4-ին ուժեղ քամին վնաս է հասցրել մարզի մի շարք բնակավայրերի: Մասնավորապես՝ Հրազդանի «Վանատուր» թաղամասում վնասվել են տանիքներ, մի հացատան պատերից պոկվել են առանձին քարեր, Նոր Երզնկայում՝ տանիքներ վնասվել: Տուժածներ չկան, վնասի չափերը ճշտվում են:

Նույն օրը Գեղարքունիքի մարզից տեղեկու­թյուն է ստացվել, որ ժամը 17.30-ից մինչև 18.00-ը տեղացած կարկուտը վնաս է պատճառել Նորակերտ գյուղի ցանքատարածքների մոտ 30 տոկոսին: Վնասի չափը ճշտելու նպատակով գյուղապետարանում ստեղծվել է հանձնաժողով:

Այս խորագրի վերջին նյութերը