Լրահոս

06.06.2009 11:26


Տիգրան Սարգսյան. «Վրաստանը Հայաստանի նկատմամբ իրեն դրսևորում է որպես մոնոպոլիստ»

Տիգրան Սարգսյան. «Վրաստանը Հայաստանի նկատմամբ իրեն դրսևորում է որպես մոնոպոլիստ»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է վերաբերվում հայ-թուրքական սահմանի բացմանը՝ գնահատելով այն որպես այլընտրանքային ճանապարհ, որը Հայաստանին հնարավորություն կտա երկաթգծով կապ հաստատել Եվրոպայի և տարածաշրջանի այլ երկրների հետ։

Այս մասին Տ. Սարգսյանն ասել է՝ պատասխանելով երիտասարդ մասնագետների համար կազմակերպված «Ճգնաժամը որպես հնարավորություն» խորագրով դասախոսությունների մասնակիցների հարցերին։

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն այսօր չափից ավելի է կախված վրացական ենթակառուցվածքներից, քանի որ ապրանքաշրջանառության 2/3-ն իրականցվում է Վրաստանի տարածքով։ Տ. Սարգսյանի խոսքերով՝ Վրաստանից այս կախվածությունը ծայրահեղ բացասական է։

«Մեր հարևանն օգտվում է դրանից, քանի որ տարանցման ծախսերը շատ մեծ են, և մեզ ոչ մի կերպ չի հաջողվում դրանք իջեցնել։ Վրաստանում մենաշնորհային իրավիճակ է ստեղծվում, ինչն այդ երկիրը չարաշահում է»,- ընդգծել է նա։

Ի հաստատումն ասվել է, որ աշխարհի յուրաքանչյուր երկրից Փոթի կամ Բաթում ապրանքների տեղափոխումը երկու անգամ էժան է, քան՝ Փոթիից և Բաթումից՝ Հայաստան։

Վարչապետը նկատել է, որ հայկական կողմի համար այլընտրանքային ճանապարհը Հայաստանի անկախության աստիճանը կբարձրացնի, իսկ տարանցման ծախսերն էլ կտրուկ կնվազեն։ 

«Մեզ մոտ ավելի էժան ապրանքներ կլինեն։ Հայաստանի տնտեսության շատ ճյուղեր մրցունակ կլինեն, ինչը տեղի չի ունենում տարանցման հսկայական ծախսերի պատճառով»,- ասել է վարչապետը։ Միևնույն ժամանակ, Տ. Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումից անմիջապես հետո «որևէ հրաշք տեղի չի ունենա»։ Նրա խոսքերով՝ համապատասխան ձեռնարկությունների ստեղծման և ներդրումների իրականացման համար որոշակի ժամանակ կպահանջվի։

Տ. Սարգսյանը նաև ասել է, Հայաստանի տնտեսական անվտանգությունը կբարձրանա Իրան-Հայաստան երկաթգծի մեկնարկով, քանի որ Հայաստանը տնտեսական և քաղաքական տեսանկյունից կդառնա նվազ խոցելի։

Այս խորագրի վերջին նյութերը