Հարցազրույց

18.01.2011 17:33


Գևորգ Գևորգյան.

Գևորգ Գևորգյան.

Հարցազրույց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի հետ

-Որքանո՞վ է պետությունն աջակցում հայկական կինոյի զարգացմանը։

-Դե, պետությունն ամեն տարի որոշակի գումար է տրամադրում։ Ցանկացած մարդ կարող է ներկայացնել նախագիծ մեր կինոկենտրոն։ Դա կարող է լինել սցենարի շրջանակում, կարող է լինել պրոդյուսեր, որը հավաքել է խումբ, ունի որոշակի գումարներ, որոշակի պայմանավորվածություններ տարբեր կառույցների հետ, և կազմել է նախահաշիվ ու ասենք՝ նախահաշիվը կազմել է 1 մլն դոլար ու մեզ ներկայացնում է, որ ինքն ունի 990 000 դոլարը ու խնդրում է պետությանը՝ մնացած գումարով օժանդակի։ Այդպես նկարահանվել են շատ  ֆիլմեր, և՛ «Խճճված զուգահեռները», և՛ Մարի Սահակյանի ֆիլմը։ Այդ փաթեթները, որ ներկայացվում են, սկզբնական շրջանում սցենարական կոլեգիան է նայում ու եզրակացություն տալիս։ Եթե եզրակացությունը դրական է, այն փոխանցվում է էքսպերտներին, որոնք նայում են, ու եթե հավանություն են տալիս, փոխանցում են տնտեսագետներին։ Եթե պահանջվող գումարը մտնում է այն չափի մեջ, որ հնարավոր է ֆինանսավորել, այսինքն՝ և՛ ստեղծագործական որակով է համապատասխանում, և՛ տնտեսական իմաստով, մենք կարողանում ենք ֆինանսավորել։ Նախագծեր կան, որ չեն ֆինանսավորվում, եթե նրանք չեն համապատասխանում մշակութային չափանիշներին, կամ եթե շատ  են գումար պահանջում,  ասենք՝ 500 000 դոլար։ Նույնիսկ մեր բուջեն այդքան չէ, մենք չենք կարող ֆինանսավորել այդ նախագիծը։ Բայց հիմնականում լավ նախագծերը ֆինանսավորվում են։ Մենք շատ ենք կարևորում երիտասարդների ներգրավվածությունը։ Այսօրվա դրությամբ նկարահանվող 7 ֆիլմերից  6-ը երիտասարդներն են անում։ Շատ կարևորում ենք երիտասարդներին։ Դրան նպաստեց այն, որ 4 տարի առաջ մենք ստեղծեցինք դեբյուտ հասկացությունը. ուսանողների հետ ենք աշխատում, նրանց հնարավորություններ ենք տալիս։ Ինչպես նաև մանկական երգիծական դեբյուտներ ենք արել, որտեղ նույնպես ներգրավված են երիտասարդներ։

-Ի՞նչ եք կարծում՝ մշակութային առումով պետական քաղաքականությունը ճի՞շտ  ուղղավծություն ունի։

-Ես այլ բնագավառների առումով չեմ կարող պատասխանել։ Ես կինոյի հետ կապված կարող եմ պատասխանել։ Ես կինոկենտրոնի տնօրենն եմ և  կարող  եմ ասել՝ կինոյի հետ կապված ծրագրերը, գումարները ճի՞շտ են ծախսվում, թե՞ ոչ։ Իմ կարծիքով՝ հիմա արդեն այո՛։ Կարծում եմ, որ հիմա այն ծրագիրը, որ մենք սկսել ենք և ստեղծագործական ֆիլմերի նկարահանումը՝ և՛ գաղափարական իմաստով, և՛ երիտասարդներին ներգրավելու իմաստով, և՛  միջազգային շուկաներ դուրս գալու առումով, ճիշտ  ուղիով է գնում։ Ճիշտ է, դա իմ կարծիքն է, և իմ կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, որովհետև ես եմ դա անողն ու դրա մեջ եմ, և ավելի ճիշտ դուք պետք է ասեք։ Եթե համեմատեք մինչև 2005թ. և դրանից հետո կինոյում  կատարվածը և չտեսնեք այդ տենդենցը,  ուրեմն ես ճիշտ չեմ, եթե տեսնեք դրական բան, ուրեմն տենդենց կա։

-Ասում են՝ եթերից մատուցվում է այն, ինչ պահանջում է հասարակությունը։ Համամի՞տ եք այդ տեսակետին։

-Ես կարծում եմ, որ պահանջարկից է ծնվում առաջարկը։

-Ի՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է՝ մի հասարակություն, որ բարձր ճաշակ ուներ, բաց չէր թողում ոչ մի մշակութային միջոցառում, միանգամից փոխվի, ու իր պահանջածն էլ այդ ցածրորակ արտադրանքը լինի։

-Մենք մինչև Խորհրդային Միության փլուզումն ունեինք հասարակություն, որն օպերա էր  նայում, որը թատրոններում, կինոդահլիճում դատարակ տեղ չէր թողում, իսկ եթե տվյալ ֆիլմը չէր նայել, փնտրում էր, թե որտեղ է ու գնում, որ նայի։ Դա ուրիշ բան էր։ Բայց փլուզումից հետո եկավ մի պահ, որ կինոթատրոնները վերացան, թատրոնները փակվեցին, իսկ այն սերունդը, որ աճեց 1990-ական թթ. հետո, արդե մտավ կյանք, և պետք էր իր մեջ ձևավորվեր այդ ճաշակը, բայց մենք իրենց ոչինչ չտվեցինք՝ տալու բան չկար. թատրոն չունեինք, կինո չունեինք, օպերա չունեինք,  մարդիկ սովորեցին բոևիկներին ու սերիալներին։ Հետամնացություն սերմանվեց։

-Բայց հնարավոր էր, չէ՞, վերականգնել։

-Մենք դեռ Ռուսաստանը չենք, որ միլիոններ դնենք ազգային կինոյի համար, բայց մենք փորձում ենք կոմպենսացնել ուրիշ բանով, և 2005թ.-ից այս կողմ տենդենց կա։

-Ի՞նչը  նպաստեց դրան։ Պետական քաղաքականությո՞ւնը փոխվեց, թե՞ արվեստագետները հասկացան, որ նստելով ու պետական աջակցությանը սպասելով՝ պարզապես դոփելու ենք տեղում։

-Պետությունը նույն չափով ֆինանսավորում է, բայց մենք ամբողջ կինոաշխարհով փորձեցիքն գնալ ուրիշ ճանապարհով։ Ոչ թե սպասել,  ոնց որ մյուսները, թե պետությունը  գումար կտա՝ մեկ ֆիլմ նկարեն, այլ ինքներս ենք փորձում միջոցներ գտնել։ «Կաննի» շուկան էլ նպաստեց նրան, որ մենք փորձեցինք համագործակցել և  աշխատել։ Մեր  ֆիլմերին այսօր բազում փառատոներից հրավերներ կան։

-Իսկ, ընդահնարապես, ինչո՞վ է պայմանավորված համատարած անճաշակությունը։

-Ես քիչ առաջ ասացի։ Փլուզումից հետո մեր մշակույթը վերացավ, իսկ մարդուն արվեստն է ճաշակ տալիս։

-Բայց մենք արդեն 20 տարվա  պետություն ենք։ Մի՞թե 20 տարին քիչ էր գոնե եղածը վերականգնելու համար։

-Դե, այդ 20 տարիներից 15-ը անճաշակության շրջանն էր։ Հիմա   ուզում ենք արդեն վերականգնել։ Եթե այսօր օպերան, բալետն ենք առաջ տանում, ուրեմն գնում ենք դեպի զարգացում։

 -Պետությունն այսօր բավարա՞ր  չափով է օժանդակում մշակույթի զարգացմանը։

-Գիտե՛ք, այստեղ ամեն մեկը կարող է ասել  իր անձնական տեսակետը։ Ես, օրինակ, կոմղնակից չեմ, որ որևէ մշակութային օջախ, կապ չունի՝ այն մեծ է, թե փոքր, փակվի։ Ես, օրինակ, շատ տխրեցի, երբ իմացա, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը չի լինելու, «Արարատը» չի լինելու։ Այսպիսի  բաներ չպետք է անել։  Եթե երկու քոլեջ կա, նույնպես չպետք  է միավորել, դարձնել մի հատ։ Պետք է առանձին-առանձին լինի, թող զարգանա, թող շատ  լինի։ Չէ՞ որ եթե միավորվում են, ինչ-որ կրճատումներ են լինում։ Սխալ են այդ որոշումները։ Չպետք է փկավեն, այլ պետք է նպաստեն շատացմանը։

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը

 

Այս խորագրի վերջին նյութերը