Լրահոս

06.06.2009 11:14


Ադրբեջանը կարող է ավելի շուտ դառնալ ՆԱՏՕ–ի անդամ, քան Վրաստանն ու Ուկրաինան

Ադրբեջանը կարող է ավելի շուտ դառնալ ՆԱՏՕ–ի անդամ, քան Վրաստանն ու Ուկրաինան

Մոտ ապագայում ՆԱՏՕ մտնելու Ադրբեջանի հավանականությունն ավելի մեծ է, քան Վրաստանինն ու Ուկրաինայինը։ Այս մասին «EurasiaNet»-ին հայտնել է  Հյուսիսատլանտյան դաշինքի միացյալ ուժերի հրամանատարության աղբյուրը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ եթե ավելի վաղ ինչպես Բրյուսելում, այնպես էլ Բաքվում կարծում էին, թե Վրաստանն առաջինը կանդամակցի ՆԱՏՕ-ին, իսկ նրան կհաջորդի Ադրբեջանը, ապա այսօր իրավիճակը փոփոխվել է, և հավանական է, որ հաջորդ տարի ՆԱՏՕ-ին անդամակցելու առաջին թեկնածուն լինի հենց Ադրբեջանը։

2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ կարծում են, որ անհնար է Վրաստանին անդամագրել։ Իսկ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ուկրաինայում առկա տարաձայնությունները և ներքին անկայունությունը կրճատել են Ուկրաինայի հնարավորությունները։

Այս իրավիճակում Ադրբեջանը դիտվում է որպես կայունության հենարան։ Մնացած բոլոր առավելությունների շարքին է դասվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի հետ Ադրբեջանի մշակութային ամուր կապը, ինչպես նաև նրա նշանակությունը «Նաբուկո» և Թուրքիա-Հունաստան-Իտալիա գազատարների նախագծերում։

Եթե Ադրբեջանը որոշում ընդունի անդամության հայտ ներկայացնել, ոչ ոք նրան չի կանգնեցնի։

ՆԱՏՕ-ում անանուն դիվանագիտական աղբյուրն ասել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն լուրջ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանին ներգրավեն դաշինքին անդամագրվելու շուրջ քննարկումներում։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան աղբյուրը հաստատել է այդ տեղեկությունը՝ նշելով, սակայն, որ Բրյուսելում ոչ բոլորն են ոգևորված ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցության հեռանկարով։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը