Հարցազրույց

05.06.2009 17:34


Տիգրան Կարապետյան.

Տիգրան Կարապետյան.

Հարցազրույց  Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները։ Մասնավորապես, ՀՀԿ-ն դրանք որակել է որպես մեկ քայլ առաջ։ Համաձա՞յն եք։

-Իսկ ես դրանք որակում եմ որպես առևտուր։ Արդեն առիթ ունեցել եմ ասելու՝ կոլխոզ-շուկա։ Այսօր էլ դա շարունակվում է։ Փաստորեն այս ամբողջ գործընթացը նման է տվին-տարան, բերին-հագան կոմերցիոն, բիզնես մոտեցումների, այլ ոչ թե քաղաքական պայքարի։ Իսկ քաղաքական պայքարը լինում է պրագմատիկ, այնպիսին, ինչպիսին որ իրականությունն է։

-Ուզում եք ասել, որ այս ընտրություններն իրականությունից կտրվա՞ծ էին։

-Քաղաքական ընտրությունների ժամանակ ամեն ինչ արվում է, որ պայթյուն չլինի։ Իսկ այս պարոնների համար մեկ է. պայթյուն կլինի, չի լինի, ինչ հետևանքներ են հնարավոր։ Ոչ ոք դա չի հաշվարկել։

-Ստացվում է, որ ընտրությունների արդյունքները նախօրոք կանխորոշվա՞ծ էին։ Եվ արդյոք դա՞ են ապացուցում նախընտրական շրջանում անցկացված սոցհարցումները, մասնավորապես՝ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած թվերը։

-Ադիբեկյանը ցույց տվեց այն, ինչին որ ուզում էին հասնել։ Դա պլանավորված է եղել։ Օրինակ, մեր մասով հրահանգ կար, որ 10 000-ը հանկարծ չանցնի։

-Այդ հրահանգը Ադիբեկյանին է՞լ էր տրված։

-Բոլորին էլ տրված էր, բոլորն էլ կատարում են։ Ախր Ադիբեկյանն ո՞վ է։ Նույնն է, ինչ-որ նախագահական բուրգի վրա թոզ նստած լինի. դա հենց Սուտիբեկյանն է։ Գիտե՞նք ինչ, ինձ համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի նրա ասածը կամ չասածը։ Եթե նա սոցիոլոգ է, ապա պետք է ուսումնասիրություններ կատարի նաև այլ ոլորտներում։ Իսկ նրա մոտ այդպիսի բաներ չկան։ Ինքը պարզապես պատվեր կատարող է...

-Ինչու՞ է նա Ձեզ պարբերաբար վիրավորում։

-Որովհետև իմ մասին չի կարող ասել ամենա-ամենա... Բացի այդ,  ես նրան ազգանուն կպցրեցի՝ Ադիբեկյանից դարձավ Սուտիբեկյան։ Այդ ազգանունն այնքա՜ն լավ է սազում նրան, որ բոլորն են նրան ասում Սուտիբեկյան։ Երևի դրանից էլ վառվում է։ Դա իր գործն է։ Ինձ համար նա յա կա՜, յա չկա՜... Նա ո՞վ է, որ ինձ վիրավորի։ Ես նրան 40 տարի ճանաչում եմ։

-Ի՞նչ եք կարծում, քաղաքապետի ընտրություններից հետո քաղաքական դաշտում որակական փոփոխություններ կլինե՞ն։ Մասնավորապես, ըստ Ձեզ, ինչպիսի՞ն կլինի Հայ ազգային կոնգրեսի հետագա քաղաքական ճակատագիրը։

-Եթե Ձեզ լուրջ վերլուծություն է պետք...

-Իհարկե, լուրջ վերլուծություն։

-Ուրեմն ասեմ. իշխանական բուրգն անում է ամեն ինչ՝ վերացնելու բոլոր կուսակցությունները՝ թողնելով երկու-երեք քաղաքական ուժ։ Դա է պատճառը, որ «Օրինաց երկիր» կուսակցության համար լցոնումներ արեցին՝ լավ իմանալով, որ բացելով արկղերը՝ կերևա, որ 20 000 ձայն էլ չունի։ Մի 8000 հավաքել է՝ 12 000-ն էլ լցրել են։ Ու դրանով էլ այս քաղաքական միավորը վերջնականապես դուրս է գալու քաղաքական դաշտից։

-Իսկ Ձեր պարագայում ի՞նչ կասեք։

-Միայն ինձ չեն կարող կպնել, փչացնել, որովհետև ես ազնիվ, ազատ մարդ եմ։ Եվ բոլոր ազատ մարդիկ իրենց ձայնը կարող են տալ մեր քաղաքական ուժին՝ ելնելով ինչ-որ նախապատվությունից։ Ադրադառնանք ՀԱԿ-ին։ Նրանք սկզբունքային քայլ կատարեցին։ Ցավոք, ՀԱԿ-ի շարքերում կան նախկին չինովնիկներ, նախկին կաշառակերներ, և նրանք կվերցնեն քաղաքապետարանի մանդատները։ Ստեփան Դեմիրճյանի մասին ես բազմիցս ասել եմ, որ սա այն դեպքն է, երբ  խնձորը խնձորի ծառից հեռու է գլորվել...

-Այսինքն, ՀԱԿ-ի ներսում խլրտումնե՞ր են լինելու։

-Արդեն կան։ Տեսեք, թե ինչ է ասում մարքսիստը։ Հիմա էլ խոսվում է, որ ՀԱԿ-ի ներսում դժգոհություններ կան։ Գուցե Լևոն Տեր-Պետրոսյանը սկզբունքային մոտեցումներ ունի, լուրջ հավակնություններ ունի, բայց մյուսները չունեն։ Նրանք ուզում են ապրել, ուզում են աշխատել, որովհետև այդ մարդիկ իրենց ողջ կյանքում ինչ-որ մի կերակրատաշտից օգտվել են, մի տեղից սնվել են։ Բոլորը նախկին քաղաքապետներ են, նախկին նախարարներ և այլն։ Երկար դիմադրել նրանք չեն կարող։

-Քաղաքական դաշտում որակական փոփոխություննե՞ր են լինելու։

-Այո։ Քաղաքական դաշտը մաքրվելու է։ Երեք-չորս կուսակցություն է մնալու։ Ոչ ավելի։

-Ինչպիսի՞ն է լինելու Ձեր հետագա քաղաքական գործունեությունը։

-Տիգրան Կարապետյանը տասը տարի չի կոտրվել և չի էլ կոտրվի։ Ես երրորդ ուժի կրողն եմ։ Երրորդ ուժը, միևնույն է, կայանալու է։ Ոչ թե թիմ-թիմ պետք է կռիվ տանք, այլ ունենանք գաղափարական ընդդիմություն։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը