Լրահոս

05.06.2009 13:08


Սանկտ Պետերբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

Սանկտ Պետերբուրգում Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

Հունիսի 4-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո երկկողմ և բազմակողմ ձևաչափերում սանկտպետերբուրգյան հանդիպումը 16-րդն էր Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև:
Լիակատար փոխըմբռնման և ջերմ մթնոլորտում տեղի ունեցած զրույցի ընթացքում քննարկվել են ռազմավարական երկու դաշնակիցների միջև համագործակցությանն, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգին վերաբերող հարցեր:
ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևը վերջին շրջանի հաճախակի հանդիպումները օգտակար է գնահատել հայ-ռուսական համագործակցության, անձնական հարաբերությունների զարգացման տեսանկյունից և նշել, որ դրանք օգնում են կոնկրետ հարցերին տալ միանգամայն հասցեական լուծումներ:
Շնորհակալություն հայտնելով Պետերբուրգյան տնտեսական ֆորումին մասնակցության հրավերի համար՝ Նախագահ Սարգսյանն ասել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ֆորումը լրացուցիչ նշանակություն է ձեռք բերում:
Հայաստանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահին՝ մեր երկրին 500 միլիոն ԱՄՆ դոլար կայունացնող վարկ տրամադրելու համար:
Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի համակամարտության կարգավորման գործընթացին: «Մեր վերջին հանդիպումից հետո մենք ռուս գործընկերների հետ աշխատել ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շուրջ: Հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ ջանասիրաբար աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման շուրջ՝ համառորեն փնտրելով ճանապարհներ, որոնք թույլ կտան Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անվտանգ ապրել իրենց բնօրրանում, ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Կողմերը քննարկել են նաև հայ-ռուսական տնտեսական փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու նախատեսվող ծրագրերի իրականացմանը, տրանսպորտի ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցության ու արագ արձագանքաման ուժերի կազմավորման հարցերին:
Հայաստանի Նախագահը հումանիտար ոլորտում երկկողմ գործակցության խորացմանն ուղղված հերթական քայլ է համարել Հայաստանի և Ռուսաստանի Առաջին տիկնանց բարձր հովանու ներքո Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը, որը իրականացրել է մեծ պարուսույց Յուրի Գրիգորովիչը:
Ավելի ուշ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Նախագահների ընթրիքը, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր:
Այսօր վաղ առավոտյան Սերժ Սարգսյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը