Լրահոս

18.01.2011 16:14


Աղետի գոտին շարունակելո՞ւ է աղետի գոտի մնալ

Գյումրիում  երկրաշարժից անօթևան մնացած ընտանիքների համար կառուցվող բնակարանների քանակը կրճատվել է: 3030 բնակարանի փոխարեն բնակարանաշինության երկրորդ փուլի ավարտին ընդհանուր թվով շահագործման հանձնված  կլինի 2806 բնակարան:  Պատճառն այն է, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի շինարարության կեսից պարզ է  դարձել, որ քաղաքաշինության նախարարությունը  փոխել է  իր մտադրությունը և որոշել է  նախագծային փոփոխություններ իրականացնել՝ 1, 2, 3 սենյակների հաշվին պատվիրել  է 4-սենյականոց բնակարաններ կառուցել: Դա  նշանակում է՝ նախատեսված 1944-ի փոխարեն այս տարի կշահագործվի 1750 բնակարան:

«Գլենդել Հիլզ» կազմակերպությունից այսօր հայտնել են, որ իրենք այս փոփոխության հետ կապ չունեն: «Գլենդել Հիլզ»-ը կատարում է  քաղաքաշինության նախարարության պատվերը: Մամլո պատասխանատու Արմինե Ուդումյանը փոխանցել է, որ բնակարանների քանակը, ճիշտ է, պակասել  է, բայց շինաշխատանքների ծավալը մնալու է  նույնը:

Հիշեցնենք, որ երբ ընթացիկ տարում բնակարանատեր դառնա ևս 1750 ընտանիք, անօթևանների ցուցակում հաշվառված կմնա  մոտ 1400 ընտանիք:  Թե  ի՞նչ  է  լինելու նրանց ճակատագիրը, փորձեցինք ճշտել Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ  Ալբերտ Մարգարյանից:

-Այդ ընտանիքների հարցը կլուծվի: Դիմացը դեռևս 2 տարի կա: Որոշ մասի համար բնակարաններ կկառուցվեն, որոշ մասին էլ բնակարանների գնման վկայագրեր կտրամադրվեն:

«7 օր»-ի այն հարցին, թե Գյումրիում արդյոք բնակարանաշինության երրորդ փուլ լինելո՞ւ է, Ալբերտ Մարգարյանը պատասխանել է.

-Դեռևս 2008թ. հունիսի 12-ին հայեցակարգ է  ընդունվել կառավարության կողմից, որ Գյումրի քաղաքում կառուցվելու է 3030 բնակարան: Այնպես  որ,  դա պաշտոնական է նաև, որովհետև այս պահին կառուցված բնակարանների թիվը որոշ չափով պակաս է  մնում 3030-ից:

Սա նշանակում է, որ այն անօթևանները, ովքեր այս  տարի բնակարան չեն ստանա, ստիպված  են դարձյալ սպասել: Հայտնի  է, որ ԲԳՎ ծրագիրն իրեն չի արդարացրել, իսկ բնակարանաշինության երրորդ փուլի մասին խոսելն առայժմ վաղ է: Իսկ Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումը հետևյալն. «Մինչև 2013թ. երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների խնդիրը լուծվելու է»:

Այս խորագրի վերջին նյութերը