Լրահոս

04.06.2009 20:11


Սանկտ Պետերբուրգում կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը

Այսօր Սանկտ Պետերբուրգի «Բալթիկայի աստղ» հյուրանոցում կայացել է Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում սանկտպետերբուրգյան հանդիպումը հինգերորդն էր ՍԵրժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև: Հանդիպումը սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի և Բեռնար Ֆասիեի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետև Հայաստանի և Ադրբեջանի Նախագահները հանդիպումը շարունակել են դեմ առ դեմ ձևաչափով: Մոտ 2.5 ժամ տևած բանակցություններն այնուհետև կրկին շարունակվել են ընդլայնված կազմով:
Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջ շարժվել բանակցային գործընթացում: Երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ շարունակել աշխատանքները կողմերի մոտեցումների համաձայնեցման և Հայաստանի ու Ադրբեջանի Նախագահների նոր հնարավոր հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
Սանկտ Պետերբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում կունենա նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Նախագահների ընթրիքը: Վաղը Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին:

Այս խորագրի վերջին նյութերը