Հարցազրույց

09.08.2012 13:52


Ստեփան Գրիգորյան.

Ստեփան Գրիգորյան.

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

Երեկ հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարության ուժերը վերահսկողության տակ են վերցրել  Հալեպ քաղաքը, և ապստամբները նահանջում են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Սիրիայում իրավիճակն ընդհանրապես։

Իհարկե, կարող են լինել ինչ–որ լոկալ, ժամանակավոր հաջողություններ, բայց ընդհանուր գործընթացը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները չեն վերահսկում իրավիճակը, և պետությունը կանգնած է քանդման եզրին։

–Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Սիրիայի հայ համայնքի  պահվածքը տվյալ պարագայում։

Կարծում եմ՝ տեղի հայ համայնքը ճիշտ քաղաքականություն է վարում և չի խառնվում այդ ներքին պայքարի մեջ։ Այո, իրենք Սիրիայի քաղաքացիներ են, բայց չեն մտել այդ բախումների մեջ։ Հիմա իրենք, իհարկե, ունեն որոշ խնդիրներ, բայց այդ նույն խնդիրներն ունեն Սիրիայի բոլոր բնակիչները։ Ճիշտ եմ համարում նաև այն, որ Հայաստանը իրեն չեզոք պահեց, ՄԱԿ–ում ձեռնպահ քվեարկեց և այլն։

Մի շարք արևմտյան փորձագետներ ու վերլուծաբաններ նշում են, որ Սիրիայից հետո հաջորդը լինելու է Իրանը։ Համաձա՞յն եք նման կանխատեսումներին։

–Դժվար է ասել, թե հաջորդ երկիրը ո՞րը կլինի։ Բայց կարող եմ ասել, թե որ երկիրը չի լինի. Իրանը չի լինի։ Ինչո՞ւ։ Որովհետև Իրանում համակարգը բավական ժողովրդավարական է, բավական անկախ խորհրդարան կա, ներկայացվում է տարբեր շերտերի կարծիքը։ Այո, իշխանությունը հոգևորականների ձեռքում է, բայց մյուս կողմից աշխարհիկ իշխանությունները գաղափարական տարաձայնություններ ունեն։ Դա նշանակում է, որ Իրանում որոշումներ կայացնող մի քանի կենտրոններ կան, դա խոսում է ժողովրդավարության բարձր մակարդակի մասին։ Եգիպտոսում կամ Լիբիայում ընտրությունները զուտ ֆորմալ էին, բայց Իրանում նախագահները իրոք փոխվում են։ Իրանը լրիվ այլ դեպք է։

–Ամեն դեպքում, եթե «արաբական գարունը» շարունակվի, տարածաշրջանը կվերածվի զինափորձարանի։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ վտանգներով են հղի այդ գործընթացները, և ի՞նչ զարգացումներ եք Դուք ակնկալում, այդ թվում՝ նաև Հայաստանի համար։  

Պարզ է, որ այդ երկրների ապակայունացումը ինչ–որ չափով կազդի նաև Հարավային Կովկասի վրա։ Օրինակ, այն բարդությունները, որոնք առկա են Իսրայելի ու Թուրքիայի միջև, այդ նույն գործընթացի հետևանքն են։ Դա էլ իր հերթին ազդում է Իրան–Ադրբեջան հարաբերությունների վրա, որոնք բավական լարված են վերջին շրջանում։ Այսինքն՝ շաղկապված է այդ ամենը։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե այդ հեղափոխությունները պատվիրվում են դրսից ու այդպես իրագործվում։ Իրականում այդ երկրներում, նույն Եգիպտոսում, նոր սերունդ ծնվեց, բնակչության միջին տարիքը շատ երիտասարդ է, և այժմ նրանք ուզում էին ինչ–որ փոփոխություններ կատարել, սակայն հին էլիտան չթողեց։ Այսինքն՝ այստեղ ոչ միայն դրսի խաղերն են, այլև այդ պետություններում իրոք այդպիսի հիմք կար, այդպիսի խնդիրներ կային։ Այլ հարց է, որ «մեծ խաղացողները» փորձում են այդ գործընթացները ինչ–որ ձևով շահարկել և այլն։

–Դե, դժգոհություններ ու փոփոխությունների պահանջ կա նաև Հայաստանում։ Հնարավո՞ր է, որ «հայկական գարուն» էլ լինի։  

Եթե մեզ մոտ լինեն էլ լուրջ փոփոխություններ (իսկ ես հույս ունեմ, որ դրանք կլինեն), դրանք չեն լինի արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացների հետևանք։ Մեզ մոտ բնակչության միջին տարիքն էլ է շատ բարձր։ Իհարկե, մեզ մոտ էլ կարող են լինել ինչ–որ փոփոխություններ, բայց դրանք այլ բնույթ կունենան։ Մեզ մոտ կա Ղարաբաղի խնդիր, մի շարք այլ խնդիրներ... Եթե այդ փոփոխությունները լինեն, ապա դրանք հեղափոխական ձևով չեն իրագործվի։

Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը

Այս խորագրի վերջին նյութերը