Լրահոս

04.06.2009 14:03


Մամի՛, կերթա Դավիթ պատերազմ

Մամի՛, կերթա Դավիթ պատերազմ

-Հիշո՞ւմ եք, «Սասունցի Դավթում» մի էսպիսի արտահայտություն կա, որ էն պառավն ասում է՝ էս ո՞ւր է գնում էս խենթ Դավիթը։ Ասում է՝ մամի՛, կերթա Դավիթ պատերազմ։ Այդ ամբիոնը բաց թողնելն ուղղակի քաղաքական տկարամտություն է։ Մենք այդ մանդատներն ամեն մի պահի կարող ենք վայր դնել։ Իսկ եթե մենք այսօր միանգամից կտրում ենք քոքից, այլևս այդ մանդատները մեզ չեն տա,- մեկնաբանելով Երևանի ավագանու անդամների մանդատներից հրաժարվելու ՀԱԿ-ի որոշումը՝ «Փաստարկ» մամուլի ակումբում ասել է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը։

Նրա խոսքերով՝ քաղաքային իշխանությունում Հակոբյան Դավթին մանդատից, տրիբունայից զրկելու ողջ քաղաքական պատասխանատվությունն ազգի և Աստծո առաջ ընկած է ՀՀՇ-ական ավազակաբարո պարագլուխների խղճի և հոգու վրա։

Գլխավոր մարքսիստը ճիշտ է համարում, որ ՀԱԿ-ը վերախմբագրի իր համամասնական ցուցակը և քաղաքային իշխանություն ուղարկի ամենանվիրականներին։ Այդ դեպքում ինքը պատրաստ է գնալ «պատերազմի»։

Դ. Հակոբյանը կարծում  է, որ հանրապետականներին պետք է «ջարդել իրենց իսկ որջում»։ Փոխարենը, հրաժարվելով մանդատներից, ՀԱԿ-ը էլ ավելի կնվազեցնի իր ընտրազանգվածը և «քաղաքական լծակները՝ դեմոկրատիայի հրապարակախոսական ինստիտուտում կրիտիկական զանգված ապահովելու համար»։

-Եթե հրաժարվենք, ընդդիմության հավատարիմ և ցավագար էլեկտորատը գնալով կնվազի, և մենք կկորցնենք ոչ միայն մեր կրիտիկական զանգվածը։ Ուղղակի՝ հեգեմոնիան կտանք դաշնակցականներին։

Այս խորագրի վերջին նյութերը