Հարցազրույց

03.06.2009 19:45


Արեգ Ղուկասյան.

Արեգ Ղուկասյան.

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արեգ Ղուկասյանի հետ

-Ավագանու ընտրությունների քվեարկության օրը ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ դրանք մեկ քայլ առաջ կլինեն։ Դուք ինչպե՞ս եք գնահատում քաղաքապետի ընտրությունները։

-Դրանք, միանշանակ, մեկ քայլ առաջ էին։ Այս ընտրությունները որակապես տարբերվում էին նախորդներից։ Հուսով եմ, որ սա կլինի քաղաքական նոր մշակույթի սկիզբ։

-Հակառակ տեսակետն էլ կա. ընտրություններն ուղղեկցվել են համատարած կեղծիքներով և այլն...

- Իհարկե, կային բաներ, որոնք մեզ էլ դուր չեն եկել։ Կարծում եմ, որ մեղավորներն անպայման կպատժվեն։ Համենայնդեպս, համապատասխան մարմիններն այս ուղղությամբ աշխատում են։ Իսկ ընտրակեղծիքների դեմն առնողներից մեկը հենց Հանրապետականն է եղել։

-Ծանո՞թ եք ընտրախախտումների վերաբերյալ փաստերին, որոնք, մասնավորապես, քվեարկության օրը ներկայացրել էր Հայ ազգային կոնգրեսը։

-Շահարկումներ միշտ էլ կարող են լինել։ Կրկնում եմ, որ մենք էլ ենք ասում, թե ընտրություններն իդեալական չէին։ Սակայն Երևանի քաղաքապատի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը սթափ է նայում ամեն ինչին, պրովոկացիաների չի ենթարկվում։ Կարծում եմ, որ Հանրապետականի հաղթանակը կասկած չի հարուցում։

-ՀՀԿ-ԲՀԿ առճակատման մասին շրջանառվող լուրերը համապատասխանու՞մ են իրականությանը, թե՞ դրանք ուռճացված են։

-Իհարկե՜, ուռճացված են, իհարկե՜, ուռճացված են։ Նման լուրերի տարածումն օգտագործվել է որոշ ուժերի կողմից՝ իրենց սեփական հարցերը լուծելու համար։

-Այսինքն, ընտրությունների քվեարկության օրը ՀՀԿ-ԲՀԿ բախումներ չե՞ն եղել։

-Իհարկե՝ ոչ։ Մենք կոալիցիոն գործընկերներ ենք և հուսով ենք՝ նույն արդյունավետությամբ և հաջողությամբ կհամագործակցենք նաև քաղաքապետարանում։ Իսկ հերյուրանքներ տարածելը, երևի, ձեռնտու է որոշ ուժերին։

-Հունիսի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե քաղաքապետի ընտրություններից հետո իշխանությունների հաջորդ քայլը լինելու է Գագիկ Ծառուկյանի բիզնեսի վերաբաշխումը։

-Նման հայտարարությունները մեկնաբանելու ոչ մի ցանկություն չունեմ։ Կարծում եմ, որ սա հերթական տեխնոլոգիաների շարքից է՝ իրավիճակն ապակայունացնելու համար։ Իշխանություններն ամեն ինչ արել և անելու են՝ երկրի տնտեսությունն ու բիզնես միջավայրը զարգացնելու համար։

-Կառավարության ներկայացրած հարկային փոփոխությունների փաթեթը վերախմբագրվում է։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք այն գնահատում։

-Հարկային փաթեթի վերաբերյալ իմ ելույթում դիրքորոշումս արդեն հայտնել եմ (Արեգ Ղուկասյանը կոշտ քննադատության էր ենթարկել հարկային փոփոխությունների փաթեթը՝ դեմ արտահայտվով  հարկային մարմնի ներկայացուցչի ինստիտուտի ներդրմանը):

-Ձեր դիրքորոշումը անփոփո՞խ է մնացել։

-Իհարկե։

Զրույցը վարեց Վախթանգ Մարգարյանը

Այս խորագրի վերջին նյութերը