Հարցազրույց

31.07.2012 12:42


Հրայր Սավզյան.

Հրայր Սավզյան.

Հարցազրույց «Էկոդար» ՀԿ–ի նախագահ Հրայր Սավզյանի հետ

–«DIY» ակումբի սեփականատեր Ծոմակ Օգանեզովան ոչ միայն Հայաստանից հեռացել է Եվրոպա, այլև մի բան էլ ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Աչքալուսանք, վերջապես այդ ՔԱՔՈՏ երկրից հեռացա... ՈՒՌԱԱԱԱԱԱԱ...!!!! Ցանկանում եմ նույնը բոլոր խելացի, ոչ չափալախ ուտողներին նույնը...»։ Դուք «DIY» ակումբի վրա հարձակումը դատապարտողներից և Ծոմակի շահերը պաշտպանողներից մեկն էիք։ Այժմ նրա այսպիսի արտահայությունն ինչպե՞ս եք գնահատում։

–Ծոմակին ճանաչում եմ, կարող եմ ասել, որ նա իմ ընկերներից է։ Ծոմակը տաք հայտարարություններ թույլ է տալիս իրեն՝ և՛ եթերում, և՛ ինտերնետում, որոնց հետ կարելի է համաձայնել, կարելի է չհամաձայնել, դատապարտել կամ չդատապարտել։ Կոնկրետ նրա այս արտահայությունն ինձ համար անընդունելի է։ Բայց ես Ծոմակին գիտեմ որպես ակտիվիստի՝ և՛ որպես էկոակտիվիստ, և՛ որպես քաղաքական ակտիվիստ, ու նրա վաստակն ու ներդրումը Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման մեջ չի կարելի անտեսել։

–Բայց դա նրան իրավունք տալի՞ս է Հայաստանի մասին այդպես վիրավորական կերպով արտահայտվելու։

–Հայաստանը ես էլ այդպես չէի անվանի, այդպիսի ձևակերպումն ինձ համար դատապարտելի է։ Ինչքան էլ մենք չսիրենք իշխանություններին, չսիրենք քաղաքական և սոցալական այն համակարգը, որն իշխանությունների թողտվությամբ տիրում է հիմա Հայաստանում, միևնույն է, Հայաստանն ավելին է, քան իշխանությունների ստեղծած իրականությունը կամ իշխանությունների մանիպուլյացիաների հետևանքով բթացող ժողովուրդը։ Ինձ համար շա՛տ ավելին է Հայաստանը, ու այդպիսի արտահայտությունները դատապարտելի են, սակայն դրանով հանդերձ՝ պետք է հասկանալ, որ Ծոմակը կարող է տաք արտահայտություններ անել, կարող է սխալ արտահայտություններ անի՝ բայց նա մեծ ներդրում ունի Հայաստանում ակտիվիզմի մեջ։

«DIY» ակումբի վրա հարձակումը դատապարտող հայտարարության տակ ստորագրել էր նաև ձեր ՀԿ–ն։ Այնտեղ նշվում էր նաև. «Մենք խստիվ դատապարտում ենք մեր հասարակության և պետության համերաշխության ու անվտանգության դեմ սերմանվող նմանօրինակ ֆանատիկ, ֆաշիստական և այլամերժ անօրինական դրսևորումները, կազմակերպություներին ու գործողությունները»։ Արդյոք Ծոմակի այս հայտարարությունն է՞լ նմանօրինակ դրսևորում չէ։

–Չէ, մի բան է պաշտոնական հայտարարությունը, մեկ ուրիշ բան է ֆեյսբուքյան ստատուսը՝ մեկ անձի կողմից գրված։ Դրանք տարբեր բաներ են, և պետք չէ համեմատել իրար հետ։

–Տարածված կարծիք կա, որ հասարակական կազմակերպությունները, անհատ ակտիվիստները այսպես ասած պայքար են մղում մեր երկրում քաղաքացիական հասարակության կայացման համար, ինչպես որ ձեր ասելով՝ նաև Ծոմակն էր անում, սակայն բուն նպատակը հետո Հայաստանից հեռանալն ու այլ երկրում հեշտությամբ քաղաքական ապաստան ստանալն է։ Համամի՞տ եք։

–Չեմ ժխտում, որ այդպիսիք միգուցե կլինեն, բայց շատ ակտիվիստներ իրոք շատ հնարավորություններ ու առիթներ կունենային լքելու Հայաստանը, բայց չե՛ն լքել։ Ով չի լքել, ուրեմն նա այդ լքողներից չէ, ուրեմն նա դեռ գործ ունի այստեղ անելու, նա նվիրված է Հասարակության զարգացման իդեաներին։ Վաղուց այդպիսի առիթները շա՜տ հայտնի ակտիվիստների ընձեռվել են, բայց ինչպես տեսնում եք՝ չեն գնացել։ Ես այդպիսի ընկերներ չունեմ, իմ շրջապատում այդպիսիք չկան, որ կարողանամ խոսել դրա մասին։

–Բայց, փաստորեն, Ծոմակը հեռացել է։

–Ծոմակի գնալն ինչ–որ առումով կարելի է արդարացնել։ Ծոմակի դեպքում իսկապես նրա կյանքին անմիջական ֆիզիական վտանգ էր սպառնում։

–Այն դրամաշնորհները, որ հասրակական կազմակերպությունները ստանում են, կասկած չե՞ն հարուցում՝ ինչո՞ւ են այլ երկրկներն այդքան շռայլորեն գումարներ բաշխում։

–Շատ ՀԿ–ներ, համենայնդեպս՝ իմ կոլեգա կազմակերպությունները, նաև ես, դրամաշնորհներ ստանալով՝ իրենց վրա երբևէ ճնշում չեն զգացել որևէ գործունեության ուղղությամբ։ Կամ ուղղորդում, ինչ–որ քաղաքական գծի պարտադրանք, որևէ էդպիսի բան ես երբեք չեմ զգացել։ Չեմ ժխտում, որ ընդհանրապես կարող է այդպիսի բան լինել։ Բայց եթե այդպիսի ՀԿ–ներն իրենց կանոնադրական նպատակներին հարիր գործունեություն են ծավալում ու դրամաշնորհ են ստանում, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Այլ բան է, երբ ՀԿ–ները ստեղծվում են դրամաշնորհներ ստանալու համար, այսինքն՝ զուտ շահ են հետապնդում, և իրենց չեն հետաքրքրում կանոնադրական նպատակները, իրենց գործունեությունը։ Այսինքն՝ երկու տարբերակն էլ կա, մեդալի երկու կողմն էլ կա։ Իսկ զուտ դրամաշնորհը դիտարկել որպես բացասական երևույթ՝ միամտություն է։ Չմոռանանք նաև, որ դրամաշնորհների առյուծի բաժինը պետական մարմիններն են ստանում։ Օրինակ՝ բնապահպանության նախարարությունը հսկայական դրամաշնորհներ է ստանում, ու ես խիստ կասկածում եմ, որ դրանք ծառայում են բնության պահպանման նպատականին։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը