Լրահոս

27.07.2012 16:00


ՀԱԿ–ը վերսկսում է ուրբաթօրյա բողոքի գործողությունները

ՀԱԿ–ը վերսկսում է ուրբաթօրյա բողոքի գործողությունները

Ինչպես հայտնի է, 2008թ.–ից  հետո ՀԱԿ-ի ակտիվիստներն ամեն ուրբաթ բողոքի գործողություն էին իրականացնում դատախազության շենքի մոտ՝ պահանջելով ազատություն շնորհել  այդ ընթացքում ձերբակալված քաղբանտարկյալերին:

Այժմ ՀԱԿ–ը հայտարարում է, թե Հայաստանում կրկին քաղբանտարկյալներ կան, ու այսօրվանից  իրենք կրկին վերականգնում են  ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև  ուրբաթ  օրերին կազմակերպվող բողոքի գործողությունները։  Բողոքի այդ գործողություններն  ուղղված են Երևանի Կետրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռին, որով ՀԱԿ  երիտասարդ  ակտիվիստներ  Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը և Դավիթ Քիրամիջյանը դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելույթում նշել է, որ իրենց գործողությունները կշարունակվեն,  քանի դեռ Հայաստանում  քաղբանտարկյալներ կան։  

Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, ինչից հետո երիտասարդնրեը բերման էին ենթարկվել, իսկ հետագայում Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանների նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Ա. Կարապետյանին՝ խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Ս. Գևորգյանին ու Դ. Քիրամիջյանին՝ խուլիգանության մեղադրանք:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը