Լրահոս

02.06.2009 10:13


ՀԱԿ-ը չի ընդունում մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները

ՀԱԿ-ը չի ընդունում մայիսի 31-ի ընտրությունների արդյունքները

ՀԱԿ հայտարարությունը

Մայիսի 31-ի վաղ առավոտից, ինչպես և սպասելի էր, կրկին սկսեց աշխատել ապօրինի վարչախմբի ընտրակեղծիքների դժոխային մեքենան։

Վաղ առավոտից հազարավոր ավտոբուսներով ու տաքսիներով մարդկանց տեղափոխում էին ընտրատեղամասեր։ Հարյուրավոր ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել հանրապետության այլ քաղաքներից ու բնակավայրերից, որոնք ապօրինաբար մասնակցել են քվեարկությանը։

Քվեարկողներ են բերվել նաև հարևան Վրաստանի Ախալքալակի շրջանից։

Տեղի է ունեցել ընտրակաշառքի զանգվածային բաժանում։

Տեղամասերի մոտ տեղակայված քրեական տարրը խոչընդոտել է ընտրություններին հազարավոր քաղաքացիների մասնակցությանը:

Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց ու լրագրողների նկատմամբ կիրառվել են բռնություններ, նրանց ծեծել, դուրս են հանել ընտրական տեղամասերից, խլել լրագրողների աշխատանքային գործիքները։ Նույն կերպ ընտրական տեղամասերից դուրս են արվել նաև դիտորդների, այդ թվում նաև արտասահմանյան, խոչընդոտել նրանց պարտականությունների իրականացմանը։ Տեղամասից առևանգվել է ընդդիմության կողմից նշանակված հանձնաժողովի անդամը։

Բանդիտական խմբերը մտել են տեղամասեր և լցոնումներ կատարել: Ոստիկանությունը, որպես կանոն, չի արձագանքել նմանօրինակ դեպքերին, իսկ որոշ դեպքերում նույնիսկ աջակցել ու մասնակցել է ընտրախախտումներին։

Բազմաթիվ տեղամասերում իրականացվել է բաց կամ վերահսկվող քվեարկություն։ Եղել են հրազենի և սառը զենքի գործադրման դեպքեր, ինչի հետեւանքով կան վիրավորներ։ Օրվա ընթացքում համատարած փորձել են կաշառել վստահված անձանց և հանձնաժողովի անդամների։

Բազմաթիվ դեպքերում խախտումների մասին արձանագրությունները հանձնաժողովների նախագահները հրաժարվել են գրանցել գրանցամատյանում իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները հրաժարվել են ընդունել վստահված անձանց կազմած բողոքները։

Մի շարք ընտրական տեղամասեր շրջափակված են եղել հատուկջոկատայիններով, որոշ դեպքերում նրանք գտնվել են ընտրատեղամասի ներսում։ Նման մթնոլորտում ընտրողներից շատերը գերադասել են չմասնակցել քվեարկությանը։

Բոլոր տեսակի ապօրինությունները, մասնավորապես վստահված անձանց նկատմամբ բռնությունները ու բացահայտ լցոնումները բազմապատիկ շատ են եղել Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ նաև տեղամասերից գողացվել է կնիք, քվեաթերթիկներ և քվեատուփ։ Հաշվարկների ժամանակ գողացվել են Հայ Ազգային Կոնգրեսի օգտին քվեարկած քվեաթերթիկների կապոցը։ Իրավիճակն այստեղ ամբողջությամբ վերահսկել է կրիմինալը, ընտրություն որպես այդպիսին տեղի չի ունեցել։

Ապօրինությունները, ահաբեկչությունը կատարվել է քրեական տարրերի ամենաակտիվ ներգրավմամբ, նրանց առաջնորդող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից՝ ոստիկանության գիտակցված անգործության, իսկ շատ դեպքերում նաև ակտիվ աջակցության և գործակցության պայմաններում։ Ընտրակեղծիքների, բնակչության ահաբեկման ու  մանավանդ ընտրակաշառքի համար գործածվել են պետական կառույցները՝ ոստիկանությունը, բանակը, կենսաթոշակային հիմնադրամը, նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները և այլն, ծախսվել են հսկայական բյուջետային միջոցներ։  

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ չի ընդունում մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, չի հանդուրժելու հանցագործ վարչախմբի կողմից ժողովրդի կամքը բռնաբարելու շարունակական այս գործողությունները, վիճարկելու է ընտրությունների արդյունքները և շարունակելու է իր պայքարը՝ որպես առաջին խնդիր դնելով ավազակապետության ներկա պարագլուխ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը։

Այս խորագրի վերջին նյութերը