Լրահոս

02.06.2009 10:21


ՀՅԴ–ն չի ստորագրելու ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը

ՀՅԴ–ն չի ստորագրելու ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը

     Երևանի ավագանու ընտրությունները մենք դիտարկում էինք իբրև քաղաքական համակարգի կայացման, մայրաքաղաքի կառավարման նոր մոդելի ձևավորման, 2008թ. Նախագահական ընտրություններից հետո ստեղծված առճակատման ու  թշնամանքի մթնոլորտի հաղթահարման, հասարակության համախմբման հնարավորություն:

    Մենք նաև հավատում էինք, որ արդարացի ընտրությունների պարագայում առիթ կընձեռվի  երկրում ժողովրդավարության հիմքերն ամրապնդելու և ապացուցելու, որ կարող ենք զարգացման նոր Ճանապարհ դուրս գալ:  Ցավոք այդպես չեղավ.

   Հերթական անգամ կատարվեց այն, ինչ տեղի էր ունեցել նախկինում: Դարձյալ ընտրություններում դերակատար եղան թաղային և օլիգարխիկ հեղինակությունները, ընտրակաշառքը, վարչական լծակների օգտագործումը:

   Փաստորեն՝ գաղափարական մոտեցումները, ծրագրային հարցադրումները, նպատակային անելիքները որոշիչ չեն դառնում մեր քաղաքացիների մեծամասնության ընտրության հարցում:

   Անկախ այն հանգամանքից, թե որքանով է ավագանին ձևավորող քաղաքական ուժերի համամասնությունը համապատասխանում մայրաքաղաքում նրանց ունեցած իրական վարկանիշին, համայնքային այս ընտրությունների արդյունքում ՀՅ Դաշնակցության արձանագրած արդյունքի պատճառները մենք հակված ենք փնտրել միայն մեր աշխատանքի մեջ: Մենք՝ պարտավոր էինք մեր  հավաքական և անձնական օրինակով ապացուցել և ժողովրդին հասանելի դարձնել մեր դավանած ճանապարհի ճշմարտացիությունը:

  Միևնույն ժամանակ  արձանագրում ենք, որ ընտրությունները չընթացան գաղափարական ծրագրային հիմքի վրա, և այս առումով ՀՅԴ-ի և նրա քաղաքապետի թեկնածու Արծվիկ Մինասյանի ջանքերը ըստ արժանավույնս չարդյունավորվեցին: Ցավոք, մեր քաղաքացիները շարունակում են հիմնականում քվեարկել՝ տուրք տալով իշխանությունների վարչական ճնշամիջոցներին, ընտրակաշառքներին և ամբոխավարությանը:

        Իրավական առումով Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված խնդիրներ հարուցելը գտնում ենք անօգուտ և աննպատակահարմար: Բայց մեր քաղաքական եզրակացությունը հստակ է. նմանատիպ ընտրությունները հանցավոր անպատասխանատվություն են մեր պետության, ժողովրդի և մեր երեխաների հանդեպ և Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու այս իրավիճակի հետ:

    Առանց մատնանշելու կոնկրետ ընտրախախտումները՝ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչը , որպես շարունակական արատավոր այս երևույթների նկատմամբ քաղաքական անհամաձայնության արտահայտություն չի ստորագրելու այս ընտրությունների եզրափակիչ արձանագրությունը:

     Միևնույն ժամանակ կոչ ենք անում իշխանություններին, անհրաժեշտ նախադեպ ստեղծելով քաղաքական կամք դրսևորել և կեղծիքներով ու ընտրախախտումներով առավելապես աչքի ընկած ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչել անվավեր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

1.06.2009թ.

Այս խորագրի վերջին նյութերը