Լրահոս

01.06.2009 16:31


Բուլղարական պատվիրակությունը խորհրդարանում

Բուլղարական պատվիրակությունը խորհրդարանում

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջիևի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել  Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարվա առիթով: Հանդիպմանը ներկա  է եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ողջունելով հյուրերին՝ Արտակ Դավթյանը բարձր է գնահատել հայ-բուլղարական դարավոր հարաբերությունները և նշել, որ բուլղարական մշակույթի տարվա շրջանակներում նախատեսված բազմաբովանդակ միջոցառումները առավել կսերտացնեն երկու ժողովուրդներին և կնպաստեն հարաբերությունների հետագա  զարգացմանը:

Իր խոսքում Բուլղարիայի մշակույթի նախարարի տեղակալ Իվան Տոկաջիեւը տեղեկացրել է, որ հաջորդ տարի Բուլղարիայում նախատեսվում է անցկացնել հայկական մշակույթի տարի և այդ նպատակով արդեն մշակվում են բազմապիսի ծրագրեր: Պարոն Տոկաջիևը բարձր գնահատելով  երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները, հույս է հայտնել, որ մշակութային փոխշփումներն  առավել կխորացնեն կապերը:

 ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը Տոկաջիևին առաջարկել է աջակցել, որպեսզի Հայաստան վերադարձվեն 1937-44 թվականներին Պլովդիվում Գարեգին Նժդեհի եւ հայ համայնքի կողմից հրատարակված «Ռազմիկ» պարբերականի 187 օրինակները, որոնցում լուսաբանվել է տեղի հայ համայնքի գործունեությունը: Պարոն Տոկաջիեւը խոստացավ անել հնարավորը և կարգավորել պատմական արժեք ունեցող պարբերականի վերադարձը Հայաստան:

Այս խորագրի վերջին նյութերը